Մոսկվա-Արևմուտք-Երևան-ԲՌԻԿՍ

Մոսկվա-Արևմուտք-Երևան-ԲՌԻԿՍ

Երբ 2003 թվականին, հայր Ալիևի մահից մեկ-երկու ամիս առաջ վերջինիս կողմից Ադրբեջանի նախագահ նշանակվեց Իլհամը, ենթադրում էի, որ դա մեզ ի վերուստ տրված շանս է կյանքի կոչելու Վազգեն Սարգսյանի՝ «21-րդ դարը մեր է լինելու» պատգամը: Որովհետև պարզ չէր, թե մոսկովյան «ՄԳԻՄՕ»-ի շրջանավարտ, սակայն բուհից հետո ստամբուլյան կազինոների մշտական հաճախորդի վերածված Իլհամն ինչպես է կառավարելու երկիրը: Կարծում եմ, որ նման մտքեր ունեցել եմ ոչ միայն ես: Սակայն պարզվեց, որ այդ հարցում մենք չարաչար սխալվում էինք: Երկրի ղեկավար կարգվելուց մի քանի տարի անց, երբ Հայաստանում  նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը, Իլհամը շախմատային չընդհատվող պարտիա խաղարկեց վերջինիս հետ: Եվ վերջնարդյունքում, շախմատային լեզվով ասած, նա անընդհատ պատային վիճակի առջև էր կանգնեցնում ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սարգսյանին:

Հիշենք՝ 2016-ի ապրիլյան քառօրյայի վերջում Իլհամն էր դիմել ՌԴ նախագահին մարտերը դադարեցնելու խնդրանքով: Ինչը, բնականաբար, ընդունվել էր Պուտինի և բավարարվել Սարգսյանի կողմից: 2020-ին Նիկոլի խնդրանքով արդեն ՌԴ նախագահն էր դիմել Իլհամին պատերազմը դադարեցնելու առաջարկով, ու այն, բնականաբար, ընդունվել էր վերջինիս կողմից: Թղթախաղի լեզվով ասած՝ Իլհամը «քվիթ» էր եղել Պուտինի հետ: Սակայն, բնականաբար, մնացել էր չբավարարված: Ինչը գիտակցում էր նաև Պուտինը: Ու հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր էր կնքում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց մեկ օր առաջ: 

Սակայն Իլհամը թյուրքախոս բռնապետ չէր լինի, եթե չփորձեր հետամուտ լինել Ղարաբաղյան հարցի ամբողջական լուծմանը: 2020-2021 թվականներին նա ձեռնամուխ էր եղել Նիկոլի վախը չափելու ու, միաժամանակ, Պուտինի արձագանքը ստուգելու խնդրին: Ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կարճատև հաջողությանը, ինչպես հիշում ենք, հետևեցին ավելի երկարատև հարաբերական հանգստի, իսկ այնուհետև՝ ամառային-աշնանային շրջանում, ուկրաինական հակահարձակման ժամանակահատվածները: Դրանից ոգևորված, թեև որոշ չափով ուշացած Իլհամն ակտիվացրեց գործողությունները Հայաստանի սահմաններին: Այնուհետև կենտրոնացավ Արցախի ուղղությամբ և արդեն 2023 թվականի ուկրաինական երկրորդ հակահարձակման վերջում (կրկին համարյա թե բավական ուշ) փակեց Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես: Հատկապես որ 2022-2023 թվականներին ինքն այդ հարցում գործողությունների քարտ-բլանշ էր ստացել Նիկոլի կողմից՝ բարձրաձայնված արևմտյան մայրաքաղաքներում:

Նիկոլի հետ Իլհամի շախմատային խաղի հետաքրքիր դրվագներից է «Մոսկվա-արևմտյան մայրաքաղաքներ» ուղղությունների փոխոխությունը: Իրեն անհրաժեշտը մեկ ուղղությունից ստանալուց հետո Իլհամն անցում էր կատարվում երկրորդին՝ անհրաժեշտության դեպքում վերադառնալով առաջինին: Այդ մայրաքաղաքներում հարցերը կարգավորելուց հետո նա ստիպեց Նիկոլին մեկ անգամ ևս փոխել ուղղությունը՝ կենտրոնանալով «Բաքու-Երևան»-ի վրա: Ինչը նշանակում է, որ նրան արդեն պետք չէին միջնորդները, և եկել էր Նիկոլի առջև անընդհատ պահանջներ դնելու պահը: Ենթադրում եմ, որ այդ ուղղությունը կպահպանվի մինչև վերջ: 

Չնայած Նիկոլի վարչապետության պարագայում չեմ կարող ասել, թե ինչ է նշանակում այդ «վերջը»: Եվ քանի որ Արցախյան հարցը փակելուց հետո Իլհամն արդեն այլ ուղղություններով է աշխատում, ապա դրա վերջին դրսևորումը եղավ նոր ձևավորվող աշխարհակարգի երկրորդ բևեռի՝ ԲՌԻԿՍ-ի (BRICS) լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ հայտարարությունը: Ինչը պաշտոնապես արտահայտվել է Սանկտ Պետերբուրգում անցկացված՝ այդ կազմակերպության խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում: Ինչը նշանակում է, որ ինքը բավարարված է Արևմուտքից ստացածով, այժմ կրկին վերադառնում է արևելյան ուղղությանը:

Ինչ մնում է Նիկոլին, ապա նա համառորեն շարունակում է հետամուտ լինել արդեն իր մահկանացուն կնքած նախկին աշխարհակարգին մերձենալուն: Հենց մերձենալուն, քանի որ միանալու չափազանց ցածր հավանականությունը գիտակցում է նաև ինքը: Միաժամանակ, չի ցանկանում ամբողջությամբ կապերը խզել Ռուսաստանից: Այն երկրից, որն առաջինը գործնական քայլ կատարեց երկբևեռ աշխարհակարգի հաստատման ուղղությամբ: Ու այսպես ճոճվում է երկու աշխարհակարգերի արանքում՝ իրեն պատկերացնելով Ակսել Բակուցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի «հերոսի» դերում: Այն է՝ «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»։

Հ. Գ. Վերջին նախադասությունում գույները խտացված են, բայց կողքից մեր իրականությունը դիտարկողին այդ ամենը կարող է թվալ հենց այդպիսին: