Սյունիքում ՌԴ սահմանապահների վերահսկողությունն օպտիմալ կլիներ․ Զախարովա
Սյունիքով անցնող երթուղու նկատմամբ ՌԴ ԱԴԾ սահմանապահների վերահսկողությունն օպտիմալ որոշում կլիներ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պատշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները հանդես էին գալիս հօգուտ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման` ղեկավարվելով ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով։
Այդ հարցը, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ աշխատանքային եռակողմ խմբի շրջանակում, սակայն ներկայում գործընթացը կանգ է առել հայկական կողմի դիրքորոշման պատճառով։
«Կապված հայտարարության այն կետի հետ, որը վերաբերում է Մեղրու երթուղու նկատմամբ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությանը... Դա տրամաբանական է երթևեկության օպտիմալ կազմակերպման և տնտեսական առումով։ ՌԴ սահմանապահներն առանց այդ էլ տեղակայված են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են ՀՀ–ի և Իրանի միջև ընկած սահմանը», – ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա այն, Զախարովայի կարծիքով, Մեղրու կամ այլ երթուղուն այլընտրանք չէ։ Ավելի շուտ դա տարածաշրջանային և ենթատարածաշրջանային հաղորդակցությունների ապագայի հետ կապված ավելի լայն պատկերացում է:
«Երևանում դեկտեմբերի 15-ին կայացած տնտեսական համագործակցության գծով հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի 22–րդ նստաշրջանի ժամանակ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը աջակցություն հայտնեց նախագծին և նշեց ռուսական ներդրումը դրա իրականացման հարցում», – ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը չի ցանկանում ՌԴ սահմանապահներ տեղակայել Սյունիքում Ադրբեջանից Նախիջևան գնացող ճանապարհին։
Արա
Կարծիքներ