Սքողելով սեփական վախերը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հեղինակած նախագծին, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանություն գործելու համար նախատեսված պատժաչափը:
Պատգամավորներն առաջարկում են, որ պետական դավաճանության համար նախատեսվի 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում: Պատգամավորները նաև նախատեսում են խստացնել լրտեսության համար սահմանվող պատժաչափը՝ դարձնելով 15-20 տարի (գործող Քրեական օրենսգրքով այդ արարքի համար սահմանվում է 8-15 տարվա ազատազրկում):
Սա խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի այն բացառիկ օրենսդրական նախաձեռնություններից է, որը դրական եզրակացության է արժանանում համապատասխան հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ քննարկվելու է ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում։
Անշուշտ, կարելի է մտածել, որ «իմքայլականները» սկսել են գիտակցել խորհրդարանական ուժերի հետ համագործակցաբար աշխատելու հրատապ անհրաժեշտությունը, այլ կերպ ասած՝ խելքի են եկել պետության համար այս դժվարին ժամանակահատվածում։
Մինչդեռ, մեր կարծիքով, միանգամայն ակնհայտ է սույն անսպասելի զիջողականության բուն պատճառը։
Բանն այն է, որ նշված օրինագիծը վերաբերում է չափազանց զգայուն մի թեմայի՝ հայրենիքի դավաճանությանն ու լրտեսությանը, իսկ իշխող քաղաքական ուժը քանի որ հանրության կողմից ոչ միայն տարերայնորեն, այլև իրավական շրջանակների կողմից արդեն իսկ փաստարկված մեղադրվում է հենց այդպիսի հանցագործությունների համար, ուստի համաձայնել է այս օրինագծի քննարկմանը, որպեսզի հանրությունից սքողի սեփական վախերը։ Իշխանությունն այսպիսով յուրատեսակ մեսիջ է ուղարկում հանրությանը՝ ասելով․ տեսեք, որքան եմ հեռու ինձ մեղսագրվող դավաճանական ու լրտեսական հանցագործություններից, որ ինքս եմ ընդառաջում նման հանցավոր արարքների համար նախատեսված պատիժների խստացմանը։
Ուրեմն՝ առաջիկա քննարկման ընթացքում իշխող քաղաքական ուժը դարձյալ շոու կանի։
Ոչ ավելի։
Կարծիքներ