Զասի խորհրդանշական այցը

Զասի խորհրդանշական այցը

Բաքվում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Նախ տեղի է ունեցել նրա հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ապա բանակցությունները շարունակվել են Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի եւ նախագահի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսկերովի հետ:

Զասի Բաքու այցը խորհրդանշական է նրանով, որ նա եկող տերսկզբին կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ օրերս ՌԴ փոխվարչապետ Բորիսովը չէր բացառել այդ կառույցում Ադրբեջանին դիտորդ կամ գործընկեր երկրի կարգավիճակի շնորհումը: Բելառուսի Անվտանգության ներկայիս քարտուղարը պրոֆեսիոնալ զինվորական է: Նա ռազմական կրթությունն սկսել է Բաքվի համազորային ուսումնարանից եւ Բելառուսի ռազմաքաղաքական վերնախավում ունի Ադրբեջանի թիվ մեկ լոբբիստի համարում: Ու թեեւ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքուն չի ծրագրում որեւէ կարգավիճակով ինտեգրվել ՀԱՊԿ-ին, կառույցի ապագա գլխավոր քարտուղարի այցը Բաքու միանգամայն այլ եզրահանգումների տեղ է թողնում: