Մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը

Մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը

Ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, 
թե գոնե ամոթ ու խղճմտանք կա։
Հովհ. Թումանյան

 

1920թ. աշնանը Կարսի անկման, 1921թ. փետրվարյան ապստամբության եւ, առհասարակ, մեր ազգային քաղաքական կյանքի աղետալի իրադարձությունների մասին Հովհաննես Թումանյանի մտորումներն արտահայտվել են նաեւ նրա հրապարակախոսական երկերում ու նամակներում։ Բանաստեղծի յուրաքանչյուր նամակ՝ ուղղված իր մտերիմ բարեկամներին ու հարազատներին, պատմական վավերագիր է, քանի որ նրա կյանքի յուրաքանչյուր օրը ձուլված է հայ ազգի պատմությանը եւ ոչ թե նրա միայն մեկ էջն է, այլ 20-րդ դարասկզբի առաջին երկու տասնամյակների հայ մշակույթի ու ազգի պատմության բոլոր էջերը միասին վերցրած։ Ընթերցողին ենք ներկայացնում բանաստեղծի նամակներից մեկը, որտեղ նրա արդարացի զայրույթն ուղղված է իր ժողովրդի կյանքի համար պատասխանատուներին՝ հային եւ ոչ թե նրա արտաքին թշնամիներին։ Թումանյանի վրդովմունքը պայմանավորված էր մեր ներքին կյանքում առկա պառակտվածության, իշխանությունների, որոշ ազգային գործիչների ու զինվորականների, կուսակցական շահերով առաջնորդվող որոշ գործիչների անհեռատես գործողություններով, որոնք հանգեցրել էին քաղաքացիական պատերազմի եւ տարածքային կորուստների։ Թումանյանը մեր բոլոր անհաջողություններում ու ողբերգություններում մշտապես փնտրել է նաեւ մեղքի մեր բաժինը եւ այդ պատճառով է մեզ պատգամել. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած» ։

***
1920-21թթ. հայ ժողովրդի պատմության ողբերգական շրջաններից էր։ Հայաստանում ստեղծվել էր շատ բարդ քաղաքական իրադրություն։ Հայ նորագույն պատմագրությունն արդեն բարձրաձայնել է Հայաստանի Հեղկոմի՝ ոչնչով չարդարացված քաղաքական բռնաճնշումները, հեղափոխական ժամանակի օրենքներով կատարված բազմաթիվ ձերբակալությունները եւ ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը։ 1921թ. փետրվարի 16-17-ի լույս գիշերը - բոլշեւիկների հրամանով թուրքի ձեռքով Երեւանի բանտում գիշերը փետրվարի 18-ին կացնահարում են 40 հայ բանտարկյալների, որոնց մեջ էին Համազասպ Սրվանձտյանը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, խմբապետ Մակեդոն Հակոբջանյանը եւ հայ ժողովրդի այլ նվիրյալներ, խոշտանգված 21 սպաներ, որոնք իրենց կյանքն էին դրել հայրենիքի զոհասեղանին։ Այս ամենն արվել է ոչ թե ռուս, այլ առաջին հերթին հայ բոլշեւիկների (Ավիս Նուրիջանյան, Գեւորգ Աթարբեկյան) կողմից։ ժողովրդական ընդվզումը չուշացավ. արդյունքում՝ քաղաքացիական պատերազմ։ Մի կողմից՝ «Հայրենիքի փրկության կոմիտե», մյուս կողմից՝ հայ բոլշեւիկների դաժան զինված պայքար գաղափարական հակառակորդների դեմ։ Հայը թափում էր հայի, այն էլ հերոս հայի արյունը այն պահին, երբ օրհաս էր, եւ դրված էր հայ ժողովրդի ֆիզիկական գոյության խնդիրը։ Հայի ձեռքով բանտերում էին հայտնվել ազգի լավագույն զավակները՝ Նիկ. Աղբալյանը, Լ. Շանթը եւ այլք։ Փետրվարյան դեպքերը պոետը միանգամից ընկալեց իբրեւ նոր ազգային աղետ, դժբախտություն, փորձանք, քաղաքական խոհեմության բացակայության հետեւանք, որը կարող էր կործանարար լինել մեծ եղեռնից ուշքի չեկած ժողովրդի համար։

Բանաստեղծը երբեք դիտորդի կարգավիճակ չի ունեցել։ Նա իր կյանքի գնով փորձեց դադարեցնել այդ կռիվը, ստանձնեց հաշտարարի դեր, Թիֆլիսից Երեւան ճանապարհին հայտնվեց կրակահերթի տակ եւ միայն հրաշքով փրկվեց։ Հետագայում խոստովանել է. «Հայ ժողովրդի բախտը, ժողովուրդն ինձ տարավ… Չէի կարող հանգիստ իմ տեղում մնալ եւ գրականությամբ պարապել, երբ ժողովուրդը վտանգի մեջ էր»։ Ինչպես միշտ, Թումանյանն իր կյանքի յուրաքանչյուր դրվագ ներկայացնում է որեւէ առակի իմաստին ու խորհրդին համահունչ ու պատկերավոր։ Նա պատմում է մի առակ, որտեղ հայ ազգը խեղդվողի կարգավիճակում է. «Մի անգամ Իվան Կուպալան եւ Նիկոլայ Ուգոդնիկը զգեստավորված գնում են ուխտ։ Ճանապարհին տեսնում են մի ճահիճ, մեջը մի մարդ խեղդվում է եւ օգնություն է կանչում։ Էս Իվան Կուպալան չի ուզում ճահիճը մտնի, թե՝ մտնեմ - զգեստս կկեղտոտվի, իսկ Նիկոլայ Ուգոդնիկը, առանց զգեստն ափսոսալու, մտնում է ճահիճը ու խեղդվող մարդու կյանքը փրկում... Հիմա իմն է, մեր ժողովրդին փրկելու համար եկել եմ ընկել էս ցեխի մեջ» ։ Սակայն «ցեխի մեջ» հնարավորությունները սահմանափակ էին։ Երեւանում բանաստեղծը տնային կալանքի ենթարկվեց։ Ցավոք, Թումանյանին չհաջողվեց իրականացնել հաշտարարի իր առաքելությունը։ Դժբախտաբար, պոետի ձայնը լսելի չեղավ կողմերից եւ ոչ մեկի համար, եւ զինված դիմադրությունը ճնշվեց 1921թ. ապրիլի 2-ին։ Բանաստեղծից դժգոհեցին թե՛ հայ բոլշեւիկները, թե՛ դաշնակցականները։ Նա՝ ինքն էլ արձանագրեց իր առաքելության ձախողումը, սակայն իր խղճի առջեւ մաքուր էր. ամեն ինչ արեց ազգին համախմբելու, բռնություններն ու արյունահեղությունը դադարեցնելու նպատակով, իր հեղինակությամբ կարողացավ կոնկրետ կյանքեր փրկել։ Բանաստեղծը գրում է. «Անշուշտ, ավելի լավ էր լինելու, շատ ու շատ ավելի լավ, եթե իմ միսիան հաջողեր, բայց մեջտեղը հավատ չկար... եւ շատ զուր… Բայց, այսուամենայնիվ, լավ արի, որ եկա, երբ ամեն բան իմանաք, կտեսնեք, որ շատ լավ արի, որ եկա։ Շատ կյանքեր են ազատվել»։ Իսկ հայության մի զգալի հատված բռնեց գաղթի ճանապարհը, նրանցից շատերն այլեւս երբեք հայրենիք չվերադարձան ու նույնիսկ չկարողացան միավորվել իրենց ընտանիքների ու երեխաների հետ։ 

Թումանյանը քաղաքացիական բախումները որակեց իբրեւ ազգային դժբախտություն ու ողբերգություն, իսկ կազմակերպիչներին եւ նրանց դեմ պայքարող բոլշեւիկ գործիչներին եւ ողջ ռազմական գործողությունները՝ որպես ազգակործան, անհեռատես քաղաքականություն։ Նա սրտի ցավով արձանագրեց արյունաքամ ժողովրդի գլխին թափվող նորանոր աղետները, եւ խռովության բացասական դերը հայրենիքի սահմանների համար պայքարելու պատմական պահին։

Ազգային ողբերգությունն ահագնանում էր պառակտվածության, արեւմտյան եւ ռուսական կողմնորոշման շրջագծում, անհանդուրժողականության մթնոլորտում։ Երկու կողմում էլ կային հայրենասեր հայորդիներ, բայց մտածում էին այլ կերպ, ազգի ճակատագիրը կապում էին այլ հորիզոնների հետ։ Հայ բոլշեւիկների մեջ կային նաեւ անհայրենիք հեղափոխական սրիկաներ։ Այդ մասին Թումանյանը հրաշալի գիտեր, սակայն ռուսական կողմնորոշմանն այլընտրանք չէր տեսնում։ Նա արձանագրում էր, որ հեղափոխության միջով անցած Ռուսաստանը «դեֆեկտներ ունեցող», ռազմական, ուժային դիկտատուրա իրականացնող մի երկիր է, որը «կանգ չի առնում նույնիսկ տեռորի առջեւ եւ տակավին քաղաքացիական կռիվ է մղում, կռիվներից ամենաանողոքը»։ Այնուամենայնիվ, նա հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովության հույսը կապում էր միայն Ռուսաստանի հետ, քանի որ այլընտրանքը դարավոր թշնամին էր՝ Թուրքիան։ Բացի այդ, մեր սահմանները պետք է գծվեին Մոսկվայում, հետեւաբար՝ ազգային համախմբումը պետք է տեղի ունենար ռուսական կողմնորոշման հենքի վրա։ Սակայն երկու կողմն էլ չէր զիջում, չէր վստահում միմյանց։ Ազգը միասնական չէր, հետեւաբար՝ կորուստներն անխուսափելի էին։ Հայրենազրկում, գաղթ, սով, եղեռնից մազապուրծ, տուն ու տեղից, հայրենիքից զրկված մի ողջ ժողովուրդ, անթիվ, անհամար որբեր Էջմիածնի պատերի տակ, Հայաստանի պետականության, անկախության վերականգնում, այնուհետեւ՝ կորուստ, խորհրդայնացում, քաղաքական ներքին բախումներ, ներքին թշնամու փնտրտուք, վերստին գաղթ, բայց այս անգամ՝ արդեն բոլշեւիկյան Հայաստանից, անորոշություն ու գոյության խնդիր։ Մեր միասնականության բացակայությունը նպաստեց մեծ տերությունների աշխարհաքաղաքական նպատակների համատեքստում մեր ազգային շահերի առավելագույն անտեսմանը։ Չկարողացանք մեկ բռունցք ու մեկ միտք դառնալ, չկարողացանք միանալ, համերաշխ լինել, մեր ազգային նպատակներին հասնելու միասնական տեսլական ձեւավորել, չկարողացանք սիրել ու ներել միմյանց, լսել ու հասկանալ միմյանց։  

***
Ավետիք Իսահակյանը 1921թ. նոյեմբերի 8-ին Վենետիկից բանաստեղծին հասցեագրած նամակում Թումանյանից խնդրում է տեղեկություններ հայրենիքի մասին՝ ակնկալելով «Հայաստանի մասին մխիթարիչ լուրեր»։ «Ահավոր բաներ միշտ կարդում ենք եւ հալվում.- գրում է Իսահակյանը։- Ասում են, որ Քեմալը 60 000 հայ կոտորեց, Շիրակ-Կարս-Կաղզվան ժողովուրդը ոչնչացված  է... Եվ որո՞նք են այժմյան Հայաստանի սահմանները իրապես»։ Թումանյանը նրան պատասխանում է դեկտեմբերի 9-ին՝ Պոլսից։ Նա Պոլիս էր ժամանել 1921թ. հոկտեմբերի 30-ին՝ որպես Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ, ընդ որում՝ իր կամքին հակառակ։ Լինելով ազգային քաղաքական դեպքերի հորձանուտում՝ նա թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես  ուժասպառ էր։ Հայաստանում սովն ու համաճարակը սպառնում էին ցեղասպանությունից եւ հեղափոխական ցնցումներից փրկված ազգի բեկորներին, որբերին ու գաղթականներին։ Խորհրդային իշխանությունները խնդրում են բանաստեղծին մեկնել Պոլիս, այնտեղից՝ այլ երկրներ՝ Հայաստանին նյութական աջակցություն բերելու, սփյուռքի հետ կապեր հաստատելու, աշխարհի հայությանը հայոց նորածին պետականության շուրջ համախմբելու նպատակով։ Արդեն քաղցկեղով հիվանդ բանաստեղծը տնից դուրս գալու պահին, կառքին սպասելիս, ասում է. «Երանի էս րոպեին մի բան պատահեր, ու գնալս խանգարվի, էլ չգնամ, կարծես թե սպանդանոց են տանում ինձ» ։ Այնուամենայնիվ, բանաստեղծը մեկնում է։ Կշեռքի նժարին դրված էր իր ժողովրդի փրկությունը սովի ու ծայրահեղ թշվառության ճիրաններից։  Թումանյանը հաջողությամբ է իրականացնում իր առաքելությունը եւ նյութական մեծ օգնություն է հասցնում հայրենիք։ Ասենք, որ դեկտեմբերի 22-ին վերադառնալով տուն՝ բանաստեղծն այլեւս չապաքինվեց ու ոտքի չկանգնեց։ Դա նրա կյանքի վերջին սխրանքն էր։

Իսահակյանին հասցեագրված նամակում Թումանյանն արտահայտում է իր դառնությունն ու զայրույթը՝ մեղադրելով հայ զինվորական ու քաղաքական էլիտային՝ վերջին մեկ տարվա ընթացքում թույլ տված աններելի սխալների համար։ 1920թ. աշնանը թուրքական զորքերի հարձակումներին դիմագրավելու հայկական ուժերի ապիկարությունը, ըստ Թումանյանի, պայմանավորված էր ներքին անհամաձայնություններով, կոնկրետ գեներալների ու պաշտոնյաների անպատասխանատու վարքագծով։ Կային մեղավորների կոնկրետ անուններ եւ դատապարտելի երեւույթներ՝ զորավար Դանիել Բեկ-Փիրումյան, գեներալ Արտյոմ Հովսեփյան,  բարոյալքված սպաներ, թալան ու առեւտուր, առանց կրակոցի տարածքներ զիջելու հրամանների լռելյայն կատարում, հայկական զորաջոկատների՝ ոչնչով չհիմնավորված նահանջ եւ անփառունակ պարտություն։ Ինչպես ընդունված է ասել՝ գեներալ Հովսեփյանը դարձավ մի օրինակ, թե ինչպես կարելի է չպաշտպանել հայրենիքը, պարզապես չկռվել։ Կաղզվանը, որի մասին հարցնում էր Իսահակյանը, հանձնվել էր թշնամուն՝ 1920թ. սեպտեմբերի 30-ին՝ առանց կրակոցի: Հայկական զորքի պարտությունները հետեւանք էին նաեւ ներքին քաղաքական քաոսային ու անկառավարելի վիճակի։ Իհարկե, կային նաեւ հայրենասեր սպաների (Դրո, Կուռո Թարխանյան) արյունահեղ կռիվներ, անզիջում մարտեր, որոնք, սակայն, անկարող էին բեկում մտցնել անհավասար մարտում։ Չէին կանխվում հուսալքությունն ու խուճապը։ Չէր կատարվում հրամանատար Դանիել Բեկին  եւ Արտյոմ Հովսեփյանին Կարսից հեռացնելու Կարսի նահանգապետ Ղորղանյանի պահանջը։ Կռվելու փոխարեն որոշ գեներալներ զբաղված էին հազարավոր գլուխ անասունների առեւտրով։ Անշուշտ, չէր կարող լինել հաղթանակ քաղաքային իշխանությունների եւ զինվորական հրամանատարության միջեւ հակամարտության պայմաններում։ Նաեւ ներքին այս աններելի հակասությունների, վերստին միասնականության բացակայության պայմաններում, զորքն առանց կրակոցի հայկական տարածքներից դուրս բերելու կործանարար հրամաններին անտրտունջ ու կուրորեն ենթարկվելու, հայրենիքը մինչեւ վերջ զենքով պաշտպանելու եւ օտարից օգնություն չակնկալելու հայ եկեղեցական մեծանուն հայրերի՝ հայոց հայրապետ Գարեգին Ե-ի եւ Սարդարապատի Ղեւոնդ Երեցի՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցի հորդորներին չանսալու պատճառով Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ  թուրքերը մտան Կարս` գրեթե առանց դիմադրության: Նահանգապետ գեներալ-մայոր Ստեփան Ղորղանյանն արձանագրեց. «Կարսն ընկավ ոչ պարտված, նա մեր ոճրագործ անհոգության զոհը դարձավ»։ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքի վերջին անկումն էր Թումանյանի զայրույթի պատճառը, մեղավորների՝ պատասխանատվությունից խուսափելու եւ նույնիսկ «անձնասպան լինելու» անընդունակությունն էր Թումանյանի զայրույթի պատճառը։ Թեեւ մի քանի զինվորականներ, բերդի պարետ, գնդապետ Մելիք-Հովսեփյանը, Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանը, մարտկոցի հրամանատար Բագրատունին եւ Կարսի պաշտպանության հրամանատար գնդապետ 28-ամյա Հովհաննես Մազմանյանն անձնասպան եղան։ Սակայն, ըստ ամենայնի, Թումանյանն ինքնասպան լինելու արժանի այլ անուններ գիտեր։ Այդ մահերը դարձան ներքին եւ արտաքին ուժերի դավաճանական գործողությունների դեմ անզորության հետեւանք։

Ներկայացվող նամակն առաջին անգամ տպագրվել է «Թումանյան. Ուսումնասիրություններ եւ հրապարակումներ» մատենաշարի 1-ին հատորում (Եր., 1964, էջ 389-391), այնուհետեւ զետեղվել է բանաստեղծի Երկերի լիակատար ժողովածուի գիտական երկրորդ հրատարակության 10-րդ հատորում (Եր., 1999, էջ 407-409)։    
                    

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Կ. Պոլիս-Վենետիկ
1921, 9 դեկտեմբերի, Կ. Պոլիս

Ավո ջան,

Իմ Նվարդի նամակն ստացել ես, ինչպես գրում ես։ Հապա ինչպե՞ս է, որ իմ նամակը չես ստացել։ Միասին ենք ղրկել։ Զարմանալի է։

Ես իմ նամակում գրել էի քո գալու մասին։ Եվ առհասարակ դրության մասին։

էնքան աղետներ են անցել մեր թշվառ երկրի գլխից, որ գաս - շատ բան, ինչ որ տեսել ես՝ էլ չես տեսնելու։

Գալդ՝ լավ կանես՝ մինչեւ գարուն հետաձգես։

Մի շարք գրողների ու գեղարվեստագետների, ինչպես կարդացել ես, թոշակ են նշանակել եւ տվել են արտոնություններ։ Պետք է ասեմ, որ երբեք դեպի մեր գրողներն ու գեղարվեստագետները էսքան հարգանք եւ ուշադրություն չի եղել։ Եթե էս տարվան նեղություններից ազատվեցինք՝ լավ օրեր կտեսնենք։ Իհարկե, Ռուսաստանի հետ կապված։ Ուրիշ փրկություն չկա։

Կարինյանին ասի՝ եւ արդեն փոխադրել է քեզ մի գումար։ Դու կարծում ես, թե մինչեւ սրանց գալը մեր գրողների միությունը  կամ անհատորեն մեկս ու մյուսս մի բան էինք ստանում ու քեզ մոռանում էինք։

Կգաս, կտեսնես, որ բնավ էդպես չի։

Նույնիսկ մեր Նիկոլը նախարար եղավ - լուսավորության։ Գրեցի, գրեցի, իբրեւ գրողների ընկերության նախագահ, եւ վերջը, վերջը բոլոր հայոց (աշխարհքի) գրողների, գեղարվեստագետների եւ գիտնականների համար ստացանք մի հարյուր հազար ռուբլի կովկասյան բոն․․․ որի շուրջ ծագեց մի ահագին վեճ։

Ես, թե ընկերությունից, որի ձրի նախագահն եմ եղած եւ նույնիսկ ծառան էսքան տարի, որի գրասենյակն իմ տունն եմ շինել եւ որի վրա շարունակ ծախք եմ ունեցել՝ մի հատ կոպեկ չեմ ստացել երբեք։ Իսկ անցյալ կառավարությունից միայն անցյալ տարի մի գրություն ստացա, թե քեզ նշանակել ենք միանվագ երեսուն ռուբլի հայկական չեկերով․․․

Հո գիտե՞ս - ինչ կնշանակի։

Շնորհակալություն գրեցի եւ խնդրեցի, որ տան որդուս, որը իրենց պաշտոնյան էր, եւ որին, սակայն, ես ստիպված էի շարունակ օգնություն ղրկել:

Միայն գրադարանիցս ծախելով եմ կարողացել մնալ ջրի երեսին։

Ես չեմ ուզում եւ չեմ էլ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճն ասեմ. - մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով․․․

Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ի՞նչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ։

Բայց ավելի լավ է՝ թողնենք: Կտեսնվենք, կխոսենք։

«Վերնատնից» էիր հարցրել։

Աղայանի ընտանիքից մնացել են միայն մի աղջիկը՝ Անահիտը, եւ որդին՝ Մուշեղը։ Մնացածը բոլորը մեռան, եւ կինը, եւ մյուս աղջիկները։

Դերենիկի կինն էլ մեռավ։ Դերենիկն այժմ ավելի է հայտնի հրապարակում, քան առաջ, եւ նյութականն էլ, ըստ այնմ, այժմ ավելի լավ է, քան առաջ էր։ Իհարկե, մեր երկրի կացության մեջ եմ առնում։ Իր դրամաները՝ «Դատաստանը» եւ մյուսը, որ դեռ չի վերջացրել, ծախեցինք կառավարությանը մի քանի միլիոնով:

Քո «Ուստա Կարոյի» մասին խոսել ենք. իհարկե, կվերցնի կառավաըությունը եւ կվճարի: Լեոյի «Հայոց պատմության» շարունակությունն էլ վերցրին, մի քանի տասնյակ միլիոն վճարեցին (ինձ իրենք ասին 50, ինքն ասում է 30), եւ էսպես էլ ուրիշներին:

Մենք ամենքս լավ ենք: Հաճախ հիշում ենք ձեզ: Իմոնք էլ մեծացել են, որ տեսնես - չես ճանաչիլ: Եվ իմ երջանկության կենտրոնն են դարձել իմ երեխաները, մանավանդ աղջիկներս:

Կարոտալի բարեւներ ամենքիս կողմից Սոֆիկին, Չուչիկին ու քեզ:

Քո Հովհաննես

Հ.Գ. Ես էս երկու օրը գնալու եմ Թիֆլիս, էնտեղից Երեւան:

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ