Ուսխորհուրդները բուհերի տակ դրված դանդաղ գործունեության ականներ են

Ուսխորհուրդները բուհերի տակ դրված դանդաղ գործունեության ականներ են

Հոդված 2
Ուս. խորհուրդները ԲՈՒՀ-երի տակը դրված դանդաղ գործունեության ականներ են:

Հիմնավորենք այս վերնագիրը հետևյալ դրույթներով.
 1. Ուս. խորհուրդները չեն ներկայացնում ուսանողական լայն զանգվածներին, նրանք վեր են ածվել ինքնակոչ օրգանների:
Սա օբյեկտիվ իրականություն է և ունի իր պատճառները: Ուսանողական համակազմը ԲՈՒՀ-երում պարբերաբար փոխվում է: Ցածր կուրսի ուսանողները սկզբում միմյանց չեն ճանաչում և չեն կարող ուս. խորհրդի կազմի ճիշտ ընտրություն կատարել: Եվ բնական է, որ ընտրությունների նախաձեռնությունը իրենց վրա են վերցնում ուս. խորհրդի բարձր կուրսերի ուսանողները: Սրանք որպես թեկնածու են առաջարկում իրենց ծանոթներին, որոնց ընտրությունը ընդունում է ձևական տեսք և դառնում ընդունելի փոքր խմբի համար: Այսպիսով, ուս. խորհրդի կազմը, փաստորեն, վերարտադրվում է, ուս. խորհուրդը ինքն է ընտրում իր շարունակությունը, «իշխանոթյունը» ուս. խորհուրդներում մնում է մարդկանց որոշակի խմբի ձեռքերում: Սրանք դառնում են ուսանողների շահերը չներկայացնող խմբեր, մաֆիոզ կառուցվածքներ: 

2. Ուս. խորհուրդները չեն ներկայացնում ուսանողական էլիտային:
Փորձը ցույց է տալիս, որ ուս. խորհուրդ են մտնում այն ուսանողները, որոնց համար ուսումը վերջնական նպատակ չէ: Նորմալ ուսանողը չի ձգտում մտնել ուս. խորհուրդ, քանի որ աշխատանքը այդ խորհուրդներում ժամանակի ծախս է պահանջում: Մյուս կողմից ուս. խորհրդում լինելը շատ օգտակար է, քանի որ խորհրդի ղեկավարությունը, օգտվելով իրենց իշխանությունից, միջնորդում են քննող դասախոսների մոտ, որպեսզի ուս. խորհրդի անդամների գնահատականները բարձրացնեն, իսկ դեկանատներում՝ բացակայությունները ջնջեն: Արդյունքում ձևավորվում է ուս. խորհուրդ, որը կազմված է ամենաթույլ ուսանողներից, որոնց երբեմն նույնիսկ ուսանող չի կարելի համարել: Նման ուսանողների գիտելիքնները մնում են դպրոցական մակարդակում և, եթե, ղեկավարվենք ոչ թե տարիքով, դիպլոմով այլ գիտելիքով, նրանց կարելի է անվանել դպրոցական ուսանողներ, իսկ այսպես կոչված սումն ավարտելուց հետո՝ դիպլոմավորված դպրոցականներ:

3. Ուս. խորհուրդների առկայությունը հակասում է ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքներին:
Ըստ ներկայումս գործող կարգի՝ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդում 25%-ը կազմում են ուս. խորհրդի անդամները: Նրանց թիվը երբեն գերազանցում է անգամ դասախոսների քանակին, բայց չէ որ, ըստ սահմանադրության, ԲՈՒՀ-ը պետք է լինի ինքնավար դասախոսների կողմից, և ոչ թե թույլ առաջադիմությունով, երբեմն անգրագետ, այսպես կոչված ուսանողների կողմից: 

4. Ուս. խորհուրդները չեն կատարում իրենց հիմնական գործառույթները:
Ըստ ուս. խորհուրդների ձևավորման տրամաբանության նրանք պետք է կազմակերպեին ուսանողների մշակութային և սոցիալական կյանքը, բայց փոխարենը, նրանք սկսում են կառավարել ԲՈՒՀ-ը: Դա իհարկե ավելի հաճելի զբաղմունք է: 

5. Ուս. խորհուրդների ձևավորման կանոնները և գործառույթները պետք է սահմանվեն ԲՈՒՀ-ի կանոնադրությամբ:
Իրականում կանոնադրություններում լուրջ ուշադրություն չի դարձվում ուս. խորհուրդների ձևավորման կանոններին և նրանց աշխատանքները չեն վերահսկվում համալսարանի ղեկավարության կողմից: Դա տեղիք է տալիս ուս. խորհրդի անդամների կողմից չարաշահումների: 

6. Ուս. խորհուրդները խոչընդոտում են ԲՈՒՀ-ի մասնագիտական որակի բարձրացմանը:
Քանի որ ուս. խորհուրդներ ձգտում են մտնել ոչ թե մասնագիտությանը, այլ վարչական աշխատանքին և կարիերային ձգտող անձինք, նրանց բախումը որակյալ մասնագետ-դասախոսների վերջանում է վերջիններիս պարտությամբ: 

7. Ուս. խորհուրդը խոչընդոտում է ուսանողական քննությունների օբյեկտիվությանը: 
Սա է ցույց տալիս վերջին տարիների մեր ԲՈՒՀ-երի փորձը: 

8. Ուս. խորհուրդները դառնում են ԲՈՒՀ-ի վարչական-բյուրոկրատական ապարատի ոչ լեգիտիմ բաղադրիչ և ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նրանք գրավում են կարևոր պաշտոններ, իրենց գործունեության վնասակար ավանդույթները դարձնում են շարունակական տվյալ ԲՈՒՀ-ի կյանքում:
Ստանալով մեծ իշխանություն ԲՈՒՀ-ի ղեկավարության վրա (չէ՞ որ ուս. խորհուրդն է ընտրում ԲՈՒՀ-ի ղեկավարությանը) և չունենալով հեռանկար մասնագիտական ոլորտում, նրանք տեղավորվում են ԲՈՒՀ-ի կառավարման ապարատում և շարունակում ԲՈՒՀ-ի քանդման պրոցեսը ավելի բարձր դիրքերից: Բնորոշ օրինակ է Պոլիտեխնիկի վիճակը: Չորս տարի առաջ ուս. խորհուրդը, օգտվելով իր ձայնի որոշիչ դեր ունենալուց, Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրեց իր ամբողջ կյանքը վարչական կաբինետներում անցկացրած և ինժեներական նախագծերում փորձ չունեցող Ո. Մարուխյանին: Սա էլ իր պաշտոնավարության ավարտից հետո հազար ու մի խախտումներով ռեկտոր անցկացրեց ուս. խորհրդի նախկին նախագահին: Մենք արդեն նշել էինք, որ ուս. խորհրդի անդամները, փաստորեն, չեն մասնակցել ԲՈՒՀ-ի ուսումնական գործընթացին, նրանց գիտելիքները մնացել են դպրոցական մակարդակի վրա, և ԲՈՒՀ-ն «ավարտելուց» հետո մենք ունեցել ենք դիպլոմավորված դպրոցականներ, երբեմն էլ նրանցից ձեռներեցները նույնիսկ ձեռք են բերում գիտությունների թեկնածուի կոչումներ: Նրանցից մեկն էլ հենց վերը նշված Վարդանյան Գոռն է, ով իրեն հովանավորող նախկին ռեկտոր Ո. Մարուխյանի ղեկավարած գիտական աստիճաններ շնորհող խորհրդում իբր թե պաշտպանեց թեկնածուական թեզ: Այնպես որ մենք այժմ ունենք ոչ միայն դիպլոմավորված դպրոցական, այլև գիտությունների թեկնածու դպրոցական (նկատի ունենք գիտելիքների մակարդակը): Հենց այս գիտական աստիճանն էլ թույլ տվեց Ո. Մարուխյանին անցկացնել իր հովանավորյալ ուս. խորհրդի նախագահին և նրան տեղավորել ռեկտորի պաշտոնում: Ասում են, որ Գոռ Վարդանյանը ավարտել է մաթեմատիկական թեքումով դպրոց և եղել է լավ աշակերտ, բայց նրա ապագան փչացրել է Ո. Մարուխյանը, չթողնելով, որ նա դառնա մասնագետ, այլ բարձրագույն վարչարար: Դե երևի Մարուխյանը հույս ունի, որ իր նշանակած նոր ռեկտորը չի քրքրի իր անցյալը, իր ռեկտորական գործերը: 

Պրոֆեսոր Էդուարդ Մանուկյան