Ուշաթափվում եմ հայ լինելու համար․ Գոհար Գասպարյան

Մի առիթով Գոհար Գասպարյանն ասել է՝ ուշաթափվում եմ հայ լինելու համար։ Ինչու՞ է այդպես ասել՝ մեր հպարտությա՞ն, արժանապատվությա՞ն, հայրենասիրությա՞ն, մեծ սրտի՞, բարությա՞ն, գուցե տառապած ու բյուրեղացած, տաղանդաշատ լինելու՞ համար։ Ես կասեի՝ այդ ամենը միասին վերցրած։
Երբեմն- երբեմն ես հիշեցնելու եմ, թե ո՞վ ենք եղել մենք, ի՞նչ ակունքներ ենք ունեցել։ Գոհար Գասպարյանն ասում էր․ «Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»։ Նա ղեկավարներից, դեսպաններից ավելի լավ էր ներկայացնում մեր երկիրը։ 1996 թվականին, Աստղերի միջազգային ռեգիստրը նրա անունով աստղ կոչեց։ Աշխարհն ունի «Գոհար Գասպարյան» անունով աստղ։ Նա կոմիտասյան թախծալուր երգը երկինք հասցրեց։
Գոհար Գասպարյանին անվանել են «Հայաստանի սոխակ»։ Մի օպերային համերգից հետո Ավետիք Իսահակյանը մոտեցել է երգչուհուն և հարցրել. «Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզանից»։ Երբ երգչուհին սկսել է ծիծաղել, Ավ. Իսահակյանը շարունակել է. «Լավ, այսուհետ քո անունը կլինի «Հայաստանի սոխակ»։ Մեծ բանաստեղծը զմայլված էր Սոխակի ձայնով․ «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»։ Մարտիրոս Սարյանն ասում էր․ «Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր ե՛ւ իրեն, ե՛ւ իր ժողովրդին»։
Գոհար Գասպարյանի կենսագիրը՝ Սերգեյ Առաքելյանը գրում է, որ Գոհար Գասպարյանին պատժել են Աթաթուրքի գերեզմանին չայցելելու համար․ առաջին անգամ 1967թ. Թուրքիա կատարած համերգային այցելությունից հետո երգչուհուն երկու տարով զրկել են արտասահմանյան շրջագայություններից։ «Պաշտոնական այցով Անկարա մեկնող Խորհրդային Միության նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի ղեկավարած պատվիրակության հետ Թուրքիա է մեկնում նաեւ Գոհար Գասպարյանը։ Մեկնելուց երկու ամիս առաջ Մոսկվան պահանջում է երգչուհու համերգային ծրագիրը՝ նախապես զգուշացնելով, որ այնտեղ չլինեն կոմիտասյան ստեղծագործություններ, հատկապես՝ «Կռունկը»։ Սակայն անդրդվելի էր Գոհարը։ Նա ներկայացնում է ծրագիրը՝ կազմված օպերաների մեներգերից, եվրոպական, հայ, ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններից եւ, իհարկե, կոմիտասյան մարգարիտներից, այդ թվում՝ «Կռունկ»։
Այսօր մեր «Կռունկ»-ն են խեղդում, մեր ազգի ձայնը, տառապանքը, պատմությունը։ Մեր աչքի առաջ հայ մշակույթը թղթե տնակի պես փլվում է։ Մոռացության փոշում խեղդամահ են անում մեր ազգի ինքնությունը։ Ու ողբալին այն է, որ հայոց ձայնը լռել է, որովհետև մենք մոռացել ենք անգամ, որ հայը ձայն ունի․․․
Կարծիքներ