Եթե ինչ-որ մեկը չհատուցվի, դա թաքցնել հնարավոր չէ՝ միանգամից ջրի երես դուրս կգա 

Եթե ինչ-որ մեկը չհատուցվի, դա թաքցնել հնարավոր չէ՝ միանգամից ջրի երես դուրս կգա 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարական տվեց՝ իր որոշումը պայմանավորելով հիմնադրամի առջեւ ծառացած նոր մարտահրավերներով։ Ըստ Ավետիքյանի՝ այն պետք է ղեկավարի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրեն, այլ լրիվ դրույքով աշխատող։ 

Ավետիքյանի հրաժարականի խորքային պատճառների մասին շրջանառվում է 2 վարկած։ Մեկը՝ որ նա կառավարությունից ու ՊՆ-ից 1,5 միլիոն դրամ աշխատավարձ է ուզել, մերժել են, նա էլ վիճաբանել է, թե ամբողջ բեռն ու թուքումուրն իր վրա է, ու դիմում գրել։ Ըստ երկրորդ վարկածի՝ Ավետիքյանն իր նեղ շրջապատում ասել է, թե շահառուները շատացել են, գումարներ չկան, հիմնադրամը պայթելու է, ու այդ ամենի թուքումուրն իր վրա է լինելու։

Տրամաբանորեն, 44-օրյա պատերազմից հետո ավելացել է հիմնադրամի շահառուների թիվը՝ զոհվածներ, անհետ կորածներ, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներ։ Հետեւաբար, կտրուկ ավելացել են ինչպես միանվագ, այնպես էլ ամենամսյա վճարները։

Հիշեցնենք, որ պաշտոնապես ՀՀ-ն ունի 4 հազար զոհ, 1164-ը դիմել է «Կամուրջ» ծրագրին (անհետ կորածներն են, իրականում՝ հիմնական մասը մահացածներն են) եւ եւս 800 հոգի էլ, մեր տեղեկություններով, դիմել է, բայց կառավարությունը նրանց գործերին դեռ ընթացք չի տալիս՝ փաստարկելով, թե սպասեք, տեսնենք՝ գերի՞ են, թե՞ անհետ կորած։ Վերջիններիս ընտանիքներին, ի տարբերություն գերիների, վճարում են ամսական 300 հազար դրամ։   

Հիմնադրամից անցած տարի հեռացված Մեսրոպ Մանուկյանին հարցրինք՝ հիմնադրամը ֆինանսական խնդիրներ ունի՞ կամ՝ կունենա՞։ «Ես ոչ թե կարծում եմ, այլ առավել քան վստահ եմ ու ասում եմ, որ հիմնադրամն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ»։ Երբ այս բոլոր թվերը գումարում ենք իրար (4000+1164), գումարած ամենաքիչը 5 հազար մարդ`1-ին եւ երկրորդ կարգի հաշմանդամներ, ապա ստացվում է ամենաքիչը 10 հազար մարդ, որոնց պետք է ամսական եւ միանվագ վճարներ տրվեն։

Մեսրոպ Մանուկյանն ասում է, որ իշխանությունը, փոխանակ իրենց առողջությունը կորցրած այդ տղաներին օր առաջ շնորհեր այդ կարգերը, որ նրանք կարողանային հիմնադրամի շահառու դառնալ, գումար ստանալ, այն իրենց առողջության վրա ծախսել, «առայսօր ինչ-որ անհասկանալի անգործության է մատնված, այդ կարգերը չեն շնորհում»։ Այդ գումարները տալու դեպքում երկրորդ կարգի հաշմանդամներին պետք է հատկացվի 5 մլն դրամ, 1-իններին՝ 10 միլիոն։ Մանուկյանի հաշվարկով՝ հիմնադրամը մոտ 60 միլիարդ դրամի (շուրջ 50 միլիարդ՝ միանվագ, եւ մնացածը՝ ամսական վճարների տեսքով) խնդիր ունի՝ դեֆիցիտ։ «Ֆինանսական խնդիրների մասին վկայում է նաեւ այն, որ մարդկանց այդքան դժվարությամբ են իրենց հասանելիքը տալիս։ Պատերազմից անցել է 5 ամիս, մինչեւ հիմա անգամ 2 հազար հոգու գումար չեն տվել»։ Իսկ պետք է տային, ամենահամեստ հաշվարկներով՝ եւս 8 հազար հոգու։ Պատճառաբանությունները, ըստ հիմնադրամի խորհրդի նախկին անդամի, «ամենախայտաբղետ» են․ մի մասին ասում են՝ քրեական գործ է հարուցված, մյուսներին՝ ՊՆ-ն է ուշացրել, գործդ չի ուղարկել եւ այլն։ 

Հիշեցնենք, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տեղեկացրեց, որ զինվորներին, կամավորներին ահավոր փաստաթղթային քաշքշուկի մեջ են գցում։ Մեկին անգամ ուղարկել էին Հադրութից տեղեկանք բերելու։ 

Չնայած սրան, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասով 2020 թ․ դեկտեմբերի 29-ին կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որով ակնկալվում է 2 տոկոս վարչարարական ծախս ներառել, այսինքն՝ հիմնադրամի աշխատակազմին պահելու գումար։ Նախկինում վարչարարական ծախսերը զրո են եղել։ Այս տարվա կտրվածքով այդ ծախսերի համար նախատեսված է 600 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարիներին նվազագույնը 130-140 մլն դրամ կտրամադրվի։ Այսինքն՝ մի նոր բյուրոկրատական ապարատ են ավելացնում հարկատուների ուսերին։

Մանուկյանն ամփոփում է․ բոլոր փաստաթղթային կարգավորումներից ու կարգերի շնորհումից հետո, երբ հիմնադրամն ունենա արդեն հաստատված ցուցակներ, այս կառույցն այլեւս մեծ անելիքներ չի ունենա, պարզապես գումարը բանկին է փոխանցելու։ «Էդ վարչական ծախսերը, կամ որ էս նեղ մաջալին իրենց ծախս են գրել, ինչ են գրել, էդ թեմային ես բազմիցս անդրադարձել եմ»։ Խնդրեցինք ներկայացնել իր պատկերացումը՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, եթե այդ 60 միլիարդը չկա, որպեսզի փոխհատուցվեն կյանքն ու առողջությունը կորցրածների ծախսերը։ Ըստ Մեսրոպ Մանուկյանի՝ չի կարելի այդ բեռը նորից ՀՀ հարկատուների ուսերին դնել (հիշեցնենք, որ այն արդեն իսկ ավելացել է), մնացած մասը պետք է փակի պետությունը։ 

Զրուցեցինք նաեւ Վարուժան Ավետիքյանի հետ։ Նա «սուտ-սուտ» բաներ որակեց այն, որ հրաժարականի հիմքում իր՝ քավության նոխազ չդառնալու ցանկությունն է։ Բայց հերքեց, որ «գումարների հետ կապված տենց խնդիր կա»։ Իսկ «տենց»-ը նշանակում է, որ հիմնադրամը գումար ստացող շահառուների վերաբերյալ բոլորովին այլ՝ շատ ավելի համեստ թվաբանություն ունի։ «Կառավարությունից իմ ստացած տվյալները հետեւյալն են․ 4 հազար դեպք, որում ներառված են զոհվածներն ու անհետ կորածները։ Եվս 500 դեպք՝ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ։ Սա իմ ունեցած տեղեկատվությունն է, որը ես ստացել եմ կառավարությունից»,- ասաց նա։  

Նկատեցինք, որ կառավարությունն ակնհայտորեն նվազ թիվ է տալիս, եւ դրա հետ հասարակությունը համաձայն չէ, նույնը՝ 500 հաշմանդամների մասով։ Ավետիքյանը կարծում է, որ եթե կառավարությունը քիչ թիվ է ասում, դա ջրի երես դուրս կգա։   «Հիմնադրամի ամբողջ հմայքն այն է, որ այդտեղ նյութական հատուցման խնդիր կա, ու եթե ինչ-որ մեկը չի հատուցվում, դա միանգամից ջրի երես է դուրս գալիս, այսինքն՝ կառավարությունը չի կարող թաքցնել»։ Նա նաեւ ավելացնում է, որ հիմա արդեն շահառուների թվերի հարցում կամաց-կամաց հստակեցում է մտնում, եւ թվերն էլ ավելի պակաս են, քան պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այնուամենայնիվ, կա՞ գումարի դեֆիցիտ եւ որքա՞ն։ Ըստ Վարուժան Ավետիքյանի, իր հաշվարկով՝ դա մոտ 20 միլիարդ է կազմում, որի ուղղությամբ աշխատում են եւ կլրացնեն։ 

Նա հումորի ժանրից է համարում իր կողմից 1․5 միլիոն դրամ աշխատավարձ պահանջելը։ «Ես 4 տարի անվճար եմ աշխատել եւ 1 դրամ անգամ պատրաստ չեմ ստանալ հիմնադրամից, որն իմ երեխան է»։ Բայց չէ՞ որ իր օրոք ավելացան վարչական ծախսերը։ Վարուժան Ավետիքյանն ասաց՝ նախ, օրենքով նախատեսված է, որ հիմնադրամը պետք է անկախ գործեր 22 թվականից (այս պահին ԿԲ-ն է ֆինանսավորում աշխատակիցների աշխատավարձը), եւ երկրորդ՝ մինչեւ պատերազմը հիմնադրամը սպասարկում էր 40-50 դեպք, հիմա՝ 3 ամիսների ընթացքում, շաբաթական մոտ 250։ Այսինքն՝ այն ժամանակ հնարավոր էր այդ ծավալի գործերի դեպքում աշխատել կամավորական հիմունքներով, հիմա՝ ոչ։ Ավետիքյանն անգամ իր անցկացրած քրոնոմետրաժը ներկայացրեց՝ ասելով, որ ամեն մի դեպքի ուսումնասիրության վրա ծախսվում է 3 ժամ։ Այսինքն՝ շաբաթը 750 ժամ։