Երկրի ոչնչացման ընթացքը փաշիստները կարդարացնեն «դաշնակցի անգործությամբ»

Երկրի ոչնչացման ընթացքը փաշիստները կարդարացնեն «դաշնակցի անգործությամբ»

Թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարած հայկական և ադրբեջանական բանակցային խմբերի հանդիպման նախաշեմին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայկական կողմից պահանջելով ընդունել Ադրբեջանի պայմանները։

Փաշինյանական կողմն ավանդաբար կուլ է տվել Ալիևի լկտի հայտարարությունը և հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում, պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Եվ այսպես. Ալիևը հնչեցրեց ոչ միայն ադրբեջանական նախապայմանները «խաղաղության պայմանագրի» համար (քաղաքական տեսանկյունից Ալիևը պահանջում է լուծարել Հայաստանի Հանրապետությունը, իսկ հայ ժողովրդին՝ գնալ հավաքական ինքնասպանության), 
սակայն, կարծում եմ, Ալիևի կողմից հնչեց բանակցությունների իրական օրակարգը, այլ ոչ թե բանակցությունների էության մասին այն թավշյա սուտը, որով «հպարտ քաղաքացիներին» կերակրում են փաշինյանական իշխանությունները։
Եվ այս պարագայում բացառիկ իրավիճակ է ձևավորվել` երբ թուրք-ադրբեջանական նախապայմանների հիմնական կետերի վերաբերյալ Հայաստանի թավշյա իշխանությունը փաստացի համաձայնություն է տվել։

Դատեք ինքներդ. 
Թուրք-ադրբեջանական տանդեմը փաշինյանական իշխանությունից պահանջում է լեգիտիմացնել Արցախի օկուպացիան։ 

Փաշինյանական իշխանությունն արդեն համաձայնել է դրան՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում (2022 թ. Պրահյան հռչակագիր), և անգամ գերակատարել է Ալիևի պահանջը՝ իշխանամետ բառապաշարից հանելով Արցախ անվանումը։ 

Ալիևը պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը՝ գործող Սահմանադրության տեքստում հայկական ազգային-պետական բաղադրիչի ապամոնտաժման համար։ Փաշինյանական իշխանությունը դրան էլ է համաձայնել: Ճիշտ է, փորձելով ավանդաբար ստել իր ընտրողներին, թե գործող Սահմանադրության վերանայումն իրենց իբր սուվերեն որոշումն է (պատկերացնում եմ, թե Բաքվում և Անկարայում ինչպես են ծաղրում սրանց այս պարզունակ ստերի պահով)։ 

Հաջորդը. Ալիևը Հայաստանից պահանջում է օրինականացնել ներկայումս գրավված Հայաստանի տարածքները՝ զուգահեռ պայմանով, որ Հայաստանը Վրաստանին և Իրանին միացնող ռազմավարական տարածքները փոխանցվեն Ադրբեջանին (չարաբաստիկ անկլավների թեման)։ Դատելով այս իշխանության հայտարարություններից՝ նրանք դրան էլ են համաձայն՝ իրենց որոշումը թաքցնելով «դեմարկացիա/ դելիմիտացիա» տերմինի տակ և հղում անելով «Ալմա-Աթայի հռչակագրին»։ 

Զանգեզուրի միջանցքը հանձնելու Ադրբեջանի պահանջները (այսինքն՝ Հայաստանը Սյունիքից հրաժարվելու համաձայնությունը) հավանաբար ակտիվ քննարկման փուլում է։
Եվ, իհարկե, դա Հայաստանի բնակեցումն է տասնյակ հազարավոր ադրբեջանցիներով. «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական, կեղծ-պատմական հայեցակարգի ներքո։ Համոզված եմ, որ սա էլ են ազերիները քննարկման առարկա դարձրել։

Ինչ վերաբերում է հայկական իշխանությանը, ապա նա, ըստ էության, մտահոգված է ոչ թե Ալիևի վերը նշված պահանջների չեզոքացմամբ, այլ նրանով, թե ինչպես «մեղմ ձևերով» մատուցեն երկրի բնակչությանը Հայաստանի փաստացի ոչնչացումը։ 

Եվ այստեղ, առանց երկու անգամ մտածելու, փաշիստներն ընտրեցին հասարակության մեջ Եվրասիական վեկտորի, մասնավորապես՝ հեռանկարում Ռուսաստանից և Իրանից հայերի համար թշնամու կերպարի և սպառնալիքների ձևավորման ռազմավարությունը։
Դրանով լուծելով 2 հարց.
1. Երկրի ոչնչացման իրենց համաձայնությունը փաշիստները կարդարացնեն «դաշնակցի անգործությամբ», թե իբր իրենք այլընտրանք չունեին, քանի որ «չար ռուսները հայերին չօգնեցին»։ 
2. պետականության կորուստը և Հայաստանի ներկայիս տարածքային կոնֆիգուրացիայի ոչնչացումը փաշինյանական իշխանությունները հետագայում կանվանեն «Ռուսաստանից Հայաստանը պոկելու և իրական անկախություն ձեռք բերելու վճար»։ Այսինքն՝ ՀՀ հպարտ քաղաքացիներին կկերակրեն այն թեզով, թե` «ավելի լավ է ինչ-որ բան կորցնել, բայց կազատվենք ռուսական լծից»։ 

Կարևոր է ընդգծել, որ իրադարձությունների նման զարգացումը լիովին համապատասխանում է ներկայիս հայկական իշխանությունների արևմտյան տերերի ծրագրերին, քանի որ լուծվում է հավաքական Արևմուտքի ռազմավարական խնդիրը՝ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ 

Փաշիստների գործիքները շատ են, օրինակ, Զելենսկու այցը Հայաստան, որն անմիջապես Հայաստանը կդնի ներկայիս Ռուսաստանի կատաղի անտագոնիստների շարքում և հետևաբար կտրուկ կսրի հայ-ռուսական հարաբերությունները, ինչն էլ իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմի և փաշինյանական իշխանության առանցքային նպատակն է։ 
Այսինքն՝ Հայաստանի ֆիզիկական գոյության հաշվին ռուսներին և իրանցիներին տարածաշրջանից դուրս մղելու փաշինյանական և ալիևյան ռեժիմների միջև առկա է կոնսենսուս։
Ահա սա է տեղի ունեցող գործընթացների իրական պատկերը։
Մնացածը ընդամենը մանիպուլյացիա է և սուտ։

Արման Աբովյան