Մութ հանդիպումներ, անհասկանալի հաղորդագրություններ եւ զրո օգուտ

Մութ հանդիպումներ, անհասկանալի հաղորդագրություններ եւ զրո օգուտ

Նախագահ Արմեն Սարգսյանն իր սահմանադրական լիազորությունները կատարելու, հստակ ու վճռական քայլեր անելու, երկիրը ցնցումներից հետ պահելու փոխարեն պատերազմից հետո, ըստ էության, խառնակչությամբ է զբաղված՝ անիմաստ քայլեր է անում, մութ հանդիպումներ ունենում։ Չնայած առիթը բաց չի թողնում իր լիազորությունների սակավությունից խոսելու համար, իրականում եղած լիազորություններից էլ չի օգտվում։

Մի կողմից՝ պահանջում է վարչապետի հրաժարականը, մյուս կողմից՝ հլու-հնազանդ ստորագրում է նրա բոլոր հրամանագրերը, անգամ չի օգտվում Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից։ Բայց փոխարենը իրեն հոգեհարազատ զբաղմունք է գտել՝ տարբեր մարդկանց է հյուրընկալում իր հարկի տակ՝ ընդդիմադիր դաշտից մինչեւ իշխանական, իրավաբաններ, ռեկտորներ, նախարարներ, պետական այլ կառույցների ղեկավարներ, դեսպաններ, զինվորականներ, Ռուսաստանի միության նախագահ Արա Աբրահամյանին, Վեհափառին, այլոց։

Այնպիսի տպավորություն է, ասես մեկից ստացած ինֆորմացիան մյուսին է փոխանցում կամ մեկից մյուսի հետ է բամբասում եւ ոչ թե միավորող, այլ առանց այն էլ պառակտված հասարակությանն ավելի է պառակտում։ Գուցե՝ նաեւ վերջում «հաշվետվություն» ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ինչու չէ՝ իր քայլերը համաձայնեցնելով ու ճշտելով նրա հետ։ Այսինքն՝ զբաղվում է դասական խառնակչությամբ՝ հավակնելով «Նիկոլ-2» տիտղոսին։ 

Օրինակ, ի՞նչ սկզբունքով է որոշել, որ Բարձրագույն դատական խորհրդից ընդամենը երկու հոգու հետ պետք է հանդիպի ու «մտքեր» փոխանակի «դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»։ Մանավանդ՝ դեռեւս չի դրսեւորել իր վերաբերմունքը ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Նախ հյուրընկալել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ով պատերազմից հետո արած հայտնի հայտարարության համար դարձել է իշխանության աչքի փուշը, ապա ընդունել է Վարդազարյանի եւ ողջ դատական համակարգի գլխին Փաշինյանի կողմից իբրեւ մահակ ներդրված ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին։ Եթե այդ հանդիպումները համակարգային խնդիրների լուծմանն են միտված, ապա ենթադրվում է, որ ողջ ԲԴԽ կազմին պետք է հրավիրեր ու զրուցեր, այլ ոչ թե ընտրովի մարդկանց։

Կամ՝ մինչ հանրությունը սպասում էր, որ նախագահը կլսի քաղաքական եւ իրավաբանական դաշտի կոչ-հորդորները, Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու ապօրինի հրամանը կուղարկի Սահմանադրական դատարան եւ դրանով վերջ կդնի երկրի անկայուն վիճակին, Արմեն Սարգսյանը սկսեց սեպարատ հանդիպումներ ունենալ՝ մի օր Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ, հաջորդ օրը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, հետո՝ Նիկոլ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանի հետ եւ վերջում արեց այնպես, ինչպես, մեծ հաշվով, վարչապետի սրտով էր։ Չստորագրեց Փաշինյանի հրամանագիրը, բայցեւ ՍԴ չուղարկեց այն եւ չպաշտպանեց Գասպարյանի հետագա պաշտոնավարման պահանջը, որը կարող էր Նիկոլ Փաշինյանի հեռացման հիմքը հանդիսանալ։

Վերջին օրերին էլ ՀՀ նախագահն ակտիվություն է ցուցաբերում «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին աղմկահարույց օրենքի հետ կապված, որն օրենքի խախտմամբ՝ երկու օր ուշացումով է ուղարկվել նախագահի հաստատմանը, եւ Արմեն Սարգսյանն այս պահին սահմանադրական իրավունք ունի՝ այն հետ ուղարկելու եւ չհաստատելու։ Իսկ ի՞նչ է անում նա․ երեկ հանդիպման էր հրավիրել պետական բուհերի ռեկտորներին, մեկ օր առաջ էլ ընդունել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, իսկ օրենքն ընդունելու օրը՝ մարտի 24-ին էլ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին եւ փոխնախագահ Յուրի Շաքուրյանին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն կոչով հանդես եկան՝ նախագահից պահանջելով ընդունված օրենքը ներկայացնել ՍԴ։ Նկատենք, որ սույն փոփոխություններն իշխանության համար «կենսական» նշանակություն ունեն, դրանք ուժի մեջ մտնելուց հետո իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքն է վերցնելու բուհական հաստատությունները, քանի որ ռեկտորներին ընտրելու հսկիչ փաթեթը գտնվում է նախարարության ձեռքում։

Իսկ Արմեն Սարգսյանը շարունակում է խայտաբղետ հանդիպումները․ մի օր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին է ընդունում, երկրորդ օրը՝ Ֆրանսիայի, երրորդ օրը՝ մեկ այլ երկրի։ Մե՛կ ընդդիմության դաշտից են նրան հյուր գնում, օրինակ՝ նորաստեղծ «Երրորդ ուժ»-ի ղեկավար Դվինի Արտակը, մե՛կ «ծռերի» կազմած «Ազգային բեւեռը» կամ «Ժառանգության» ներկայացուցիչները,  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Զուգահեռ՝ իշխանական ճամբարից Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանն են այցելում։ Նախագահը սա, հավանաբար, լուրջ աշխատանք է համարում եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո հաղորդագրություն տարածում, բայց թե քանի գրոշի օգուտ է ստանում մեր պետությունն այս անկապ ու հավակնոտ հանդիպումներից, այս «մուտիլովկաներից» եւ մութ պայմանավորվածություններից, միայն իրենց է հայտնի՝ ՀՀ նախագահին ու ՀՀ վարչապետին։