Սեփական ժողովրդի դեմ պատերազմում շահողը

Սեփական ժողովրդի դեմ պատերազմում շահողը

Վրաստանի իշխանություններն արդեն իրենց զգում են իրադրության տերը՝ արձանագրելով սոցիալ-դեմոկրատների գլոբալիստական ուղղվածության (կամ «Deep State»-ի) պարտությունը: Վրացական կողմի նախաձեռնությամբ երկրի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Վրաստանում ամերիկյան դեսպան Ռոբին Դանիգանի հետ: Ինչը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության շնորհիվ: Նախարարն առաջարկել է վերականգնել ԱՄՆ-ի հետ գործընկերությունը, ինչը ներկայացվել է որպես Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը: Ավելին, ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, իրենք առաջարկել են  «ռազմավարական գործընկերություն սկսել մաքուր էջից և դա անել կոնկրետ ճանապարհային քարտեզով, որը կարտացոլի կոնկրետ առաջադրանքներ»: Ու, առաջին հայացքից զարմանալիորեն, դա բացասական վերաբերմունք չի առաջացրել Մոսկվայում: Իրականում զարմանալի ոչինչ չկա: Վրացիները շուրջ մեկ տարի պայքարեցին գլոբալիստական Արևմուտքի դեմ ու շահեցին ՌԴ ղեկավաության համակրանքը: Այն պետության, որի հետ դեռևս վերականգնված չեն դիվանագիտական հարաբերությունները:

Երկրորդ, գլոբալիզմի դեմ պայքարում շահեցին նաև դրա հակառակորդ Թրամփի համակրանքը: Միջանկյալ նկատենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մինչև վերջ հավատարիմ մնաց գլոբալիզմին: Նույնիսկ այն ժամանակ, երբ Թրամփն արդեն ընտրվել էր, ու հստակ էր, որ ինքը պայքար է մղելու այդ երևույթի դեմ: Չգիտեմ, թե ինչ աստիճանի ոչ ադեկվատ պետք է լինել, որպեսզի նոյեմբերյան պարտությունից հետո շարունակես ֆռֆռալ հեռացող վարչակազմի շրջանակներում: Ու նույնիսկ դրանից մեկ շաբաթ առաջ համագործակցության ինչ-որ թուղթ կնքես: Ու կորցնես ԱՄՆ-ի նոր ղեկավարության համակրանքը շահելու հնարավորությունը: Այն, ինչ ձեռք բերեցին վրացիներն իրենց ազգային, պետական շահն առաջ տանելով: Ինչևէ, դեսպանի հետ վրացի նախարարի հանդիպումը նույնիսկ չի դարձել ռուսական տելեգրամյան ալիքների ուշադրության առարկա: Որովհետև Մոսկվայում, նախ, ԱՄՆ-ին այլևս չեն դիտարկում որպես թիվ մեկ թշնամու: Եվ երկրորդ՝ Հարավային Կովկասն ԱՄՆ-ի կողմից այլևս չի դիտարկվում որպես Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու առումով հարմար տարածք:  
Թրամփի առումով սեփական ապաշնորհ քաղաքականության պատճառով Նիկոլը զրկվեց ոչ միայն ԱՄՆ-ի աջակցությունից, այլև նույնիսկ գլոբալիստական Արևմուտքի աջակցությունից: Պատճառն այն է, որ մնալով առանց ԱՄՆ-ի օժանդակության՝ Եվրամիությունն ու եվրոպական հիմնական երկրներն արդեն չեն կարող լուրջ ուշադրություն դարձնել Հայաստանի վրա. հիշենք 2,6 միլիարդ եվրոյի խոստումը Նիկոլին: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երեք տարվա ընթացքում եվրոպական գործընկերներն, ըստ Գերմանական Կիլ քաղաքի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի հաղորդագրության, Ուկրաինային տրամադրել են 267 միլիարդ եվրոյի օգնություն. դրա 49%-ը կազմել է ռազմականը, 44%-ը՝ ֆինանսականը և 7%-ը՝ մարդասիրականը: Ու վարչապետի պաշտոնից կառչած անձին ուրիշ բան չէր մնում, քան Իլհամից, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր մուրալը հնարավորինս շուտ:

Հատկապես որ նախկինում չհամաձայենցված երկու կետերի համաձայնեցման վերաբերյալ հայտարարությունը Բաքվում կատարեցին ավելի շուտ: Ինչը նրա մեջ հույսեր արթնացրեց, որ Իլհամը պատրաստ է ստորագրել այդ թղթի կտորը: Բայց Բաքվից անմիջապես հակառակ բնույթի հայտարարություն արվեց, ու «մանթրաժից» ինքը պատրաստ է նույնիսկ միակողմանի ստորագրություն դնել: Մեկ-մեկ զարմանում ես՝ այս աստիճանի ապաշնորհ մեկին ինչպե՞ս հաջողվեց 7 տարի առաջ խաբել ողջ ազգին ու կարգվել վարչապետ: 

Ինչևէ, քանի որ Ադրբեջանի հետ հարց կարգավորել չի ստացվում՝ ինքը պետք է զբաղեցներ մարդկանց «հատիկ առ հատիկ»-ային բնույթի հերթական «կերակուրը» մատուցելով. վերջինը մարզային ինչ-որ առանձնատուն էր՝ կիսավեր վիճակում: Չեմ հիշում՝ սոցհարցումներին դրվել է, արդյոք, այն հարցը, թե որքան արդիական է «հատիկ առ հատիկ»-այինի գաղափարը: Կարծում եմ, որ ծառայողական օգտագործման նպատակով իշխանության կողմից պատվիրված հարցումներին այն ինչ-ոչ չափի հետաքրքրություն պետք է որ արձանագրեր: Այլապես դժվար է ընդունելը, որ, յոթ տարի իշխանություն ունենալով, Նիկոլը չի կարողացել գտնել մեկ այլ գաղափար, որ կզբաղեցներ մարդկանց: Բայց եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ չի գտնվել մեկ այլ գաղափար, ու Նիկոլը ստիպված է հակակոռուպցիոն քրեական գործերով, իր ասելով, «հանրությանը պատասխան տալ», ապա դրա լավագույն արձագանքը կլիներ իշխանության մեջ գտնվող անձանց նկատմամբ դա կիրառելը: Ինչը ենթադրում է հետաքննող ակտիվիստներին օժանդակելն ու նրանց բացահայտած տվյալներն Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնելը: Եվ այդ թվում «Հետաքննող լրագրողներ»-ի նյութերը խորհրդարանի ու կառավարության միջև հարց ու պատասխանի ձևաչափով օգտագործելը: Ինչը նշանակում է գործող իշխանության կողմից առաջարկվող «խաղում» հենց նրա միջոցներով խաղալը: Ինչը բարձրացնում է «շահելու» հավանականությունը: Այլապես ստացվում է, որ սեփական ժողովրդի դեմ պատերազմում շահողը մնում է ինքը: