Մակրոնը հնչեղ հայտարարություն է արել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին և ասել, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի կարելի բացառել արևմտյան ցամաքային ուժերի՝ Ուկրաինա ուղարկելը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Այսօր ցամաքային զորքեր ուղարկելու շուրջ կոնսենսուս չկա, բայց ոչինչ բացառել չի կարելի։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում,- ասել է Մակրոնը,-Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի պարտությունն անհրաժեշտ է Եվրոպայում անվտանգության և կայունության համար»։
Մակրոնը նաև հայտարարել է նոր կոալիցիայի ստեղծման մասին, որը Ուկրաինային կտրամադրի հեռահար հրթիռներ և զինամթերք։
Ռուսաստանը, նրա խոսքով, գնալով ավելի ագրեսիվ է դառնում ոչ միայն Ուկրաինայի մարտի դաշտում, այլեւ ընդհանրապես։ Ելիսեյան պալատում համաժողովը բացելով՝ Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է պատերազմի երկրորդ տարելիցին ուժեղացնեն Կիևին աջակցությունը։
Ելիսեյան պալատում համաժողովին մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ինչպես նաև սկանդինավյան և բալթյան երկրների ղեկավարներ։ Միացյալ Նահանգները ներկայացրել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, Կանադան՝ պաշտպանության նախարար Բիլ Բլերը։
Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինա Taurus թեւավոր հրթիռներ ուղարկելուն։ Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Կիևին գերճշգրիտ զենք մատակարարելը հղի է պատերազմի սրմամբ՝ հաշվի առնելով այդ հրթիռների՝ ռուսական տարածք հասնելու հնարավորությունը։
Կարծիքներ