ԲԴԽ-ի որոշումները պետք է վիճարկելի դառնան, դրանք հնարավոր լինի բողոքարկել դատարանում

ԲԴԽ-ի որոշումները պետք է վիճարկելի դառնան, դրանք հնարավոր լինի բողոքարկել դատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ հայաստանյան պետական մարմինները խախտել են դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը։ Ինքը՝ Մնացականյանը, այլեւ չի իմանա այս հաղթանակի մասին, որովհետեւ 2021 թվականին մահացել է։ Սակայն ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է 4 հազար 900 եվրո վճարել հանգուցյալ դատավորի ժառանգներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ իրավական կարեւոր որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ դատավոր Մնացականյանին 2011-ին աշխատանքից ազատել էին այն պատճառաբանությամբ, որ նա պատշաճ չի հիմնավորել գրավի դիմաց մեղադրյալին ազատ արձակելու որոշումը։ Մինչդեռ կալանքը գրավով փոխարինելու որոշմանը համաձայնել էր նաեւ գործով մեղադրողը։ Դատավորը չէր կարողացել բողոքարկել այս որոշումը հայաստանյան դատարաններում, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ որոշել է, որ խախտվել է անձի` ներպետական դատական համակարգ դիմելու իրավունքը: Մենք զրուցել ենք ՄԻԵԴ-ում Մնացականյանի շահերի ներկայացուցիչ Արա Ղազարյանի հետ:

- ՄԻԵԴ-ի այս վճիռը դատական համակարգում կարելի՞ է նախադեպ համարել, եւ հետագայում, եթե նմանաբնույթ դեպքեր լինեն, դատավորները կկարողանա՞ն որոշումները բողոքարկել դատարան:

- Ոչ թե կարելի է համարել նախադեպ, այլ արդեն իսկ սա նախադեպ է, որովհետեւ մենք արդեն ընդունել ենք ՄԻԵԴ-ի պարտադիր իրավազորությունը, որը սոսկ խորհրդատվական կարծիք չէ, այլ պարտադիր իրավաբանական նշանակություն ունեցող իրավունքի աղբյուր է: ՄԻԵԴ-ի մոտեցումը բախվում է ՀՀ Սահմանադրական դատարանի մոտեցման հետ: Եվրոպական դատարանն ասում է, որ դատավորը պետք է իր աշխատանքային վեճի վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն ունենա: Սահմանադրական դատարանն ասում է, որ դատավորը հանրային ծառայող է, որի համար ստեղծվել է առանձնացված վարույթ: Ստացվում է, որ ՍԴ-ի որոշումն օրինական որոշում է, եւ չի կարելի այն անվանել անիրավական որոշում, բայց փաստը մնում է փաստ՝ Եվրոպական դատարանը չի ընդունել այն պատճառաբանությունները, որոնք բացատրում են, թե ինչու պետք է դատավորի համար առանձնացված վարույթ կիրառվի՝ նշելով, որ, միեւնույն է, պետք է ընդհանուր իրավասության դատարանում դատավորն ունենա որոշումը բողոքարկելու հնարավորություն: Կարեւոր չէ, որ նախկինում ԱԽ էր` Արդարադատության խորհուրդ, իսկ հիմա ԲԴԽ է: Էությունը նույնն է՝ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ ԲԴԽ-ն՝ երկուսն էլ իրենց դատարան են համարում` օրենքի ուժով: Այն փաստը, որ դատավորների լիազորությունները դատարանի կողմից են դադարեցվում, բավարար չէ՝ պնդելու համար, որ դա կոնվենցիային համահունչ է: Մենք տարիներ շարունակ, ես՝ կոնկրետ, 2005 թվականից այդ մասին խոսում եմ, եւ, ի վերջո, ՄԻԵԴ-ը նման վճիռ ներկայացրեց: Այստեղ արդեն մնում է միայն իշխանությունների որոշումը՝ ստեղծելո՞ւ են առանձնացված վարույթի մեխանիզմ դատավորի համար, թե՞ շարունակելու են ունեցածը պահել:

- Մեխանիզմն ինչպե՞ս պետք է ստեղծվի:

- Օրինակ՝ բանվորին, հաշվապահին, գանձապահին, բոլոր-բոլորին, երբ աշխատանքից հեռացնում են, նրանք բոլորն ունեն բողոքարկելու շուրջ երեք ատյան: Դատավորը չունի այդ երեքից եւ ոչ մեկը, սակայն դատավորը ոչ միայն հանրային ծառայող է, այլեւ սովորական քաղաքացի է, որի լիազորությունները դադարեցնում են, հեռացնում աշխատանքից, սակայն նա որոշումը բողոքարկելու որեւէ հնարավորություն չունի: Մեխանիզմներից մեկը պետք է լինի այն, որ ԲԴԽ-ի որոշումները վիճարկելի դառնան, դրանք հնարավոր լինի բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Սա, կարծում եմ, շատ նորմալ մեխանիզմ կլինի:

- Որտեղի՞ց է այս բացը գալիս, ո՞ւմ թեթեւ ձեռքով է սա օրենքի ուժ ստացել:

- Դեռ 2005 թվականին այս մեխանիզմն առաջարկել է Դավիթ Հարությունյանը` Վենետիկի հանձնաժողովում:

- Նմանաբնույթ ի՞նչ դեպքեր կհիշեք, երբ դատավորը, չկարողանալով բողոքարկել դատարանի որոշումը, դիմել է ՄԻԵԴ:

- Առաջին անգամ այդ թեման արծարծել է դատավոր Անահիտ Սաղաթելյանը: 2006 թվականից անընդհատ այս թեմայի մասին է խոսվում: Դատավորներ Անահիտ Սաղաթելյանի, Սամվել Մնացականյանի գործերի մասին ամենաշատն է խոսվել: Հիմա էլ, երբ դատավորների լիազորությունները դադարեցնում են, վերջիններս այս գանգատի մասին բարձրաձայնում են ՄԻԵԴ-ում: Ընդհանուր իրավասության դատարանում նման հարցերը պետք է լուծում ստանան: 12 տարի շարունակ այս մասին խոսվում է ե՛ւ իրավական, ե՛ւ ոչ իրավական գործընթացներում: Եվրոպայի խորհուրդը 2010 թվականին իր կարեւոր հանձնարարականում, որը վերաբերում էր դատավորների անկախությանը, եւս նշել էր, որ մասնագիտացված մարմնի որոշումը պետք է հնարավոր լինի բողոքարկել առաջին ատյանի դատարանում:

- Տեղյա՞կ եք՝ այժմ նման հարցերով ՄԻԵԴ դիմո՞ւմ են, թե՞ ոչ:

- Այո, դիմում են սովորաբար, սակայն բավականին երկար գործընթաց է:

- Անուններ կհիշե՞ք:

- Կան ՍԴ դատավորների գործերը, թեեւ այդ գործերի կոնտեքստն այլ է: Ալվինա Գյուլումյանն ու էլի դատավորներ կան, որոնք դիմել են ՄԻԵԴ: Փաստաբան Մելանյա Առուստամյանն այս մասին առավել մանրամասն կարող է խոսել: Սամվել Մնացականյանի գործով վարույթը դեռեւս ավարտված չէ եւ բաց է բողոքարկման համար, տեսնենք՝ ՀՀ կառավարությունն այն կբողոքարկի՞, թե՞ ոչ:

- Ի՞նչ եք կարծում` կառավարությունն ինչո՞ւ պետք է այն բողոքարկի: Ո՞րն է նրա շահագրգռվածությունն այս հարցում:

- Դա կողմերի իրավունքն է: Գուցե բողոքարկեն, չգիտեմ: Բողոքարկելու համար կա երեք ամիս ժամանակ: Մենք բողոքարկել չենք պատրաստվում, իսկ թե ինչ կանի մյուս կողմը, դժվար է ասել: Սա օրենքը փոխելու մեծ ուղենիշ է, որը պետք է կյանքի կոչվի: Արդարադատության նախարարությունն էլ, ԲԴԽ-ն էլ այս մասին կարող են մտածել, նրանք դատական իշխանության պատասխանատուներն են: Այս գործի առանցքում դատավորի անկախությունն է: