Հաստատ Սերժ Սարգսյանի հայրը նրան չի պատմել այդ մասին
Եթե Սերժ Սարգսյանը նախագահ լիներ ես այս պատմությունը չէի պատմի։ Չէի պատմի, որովհետև շատերն իրենց մեջ կմտածեին , թե նախագահի «աչքը մտնելու, երևալու» ակնկալիքով եմ պատմում։ Իմ մտածողությունն այսպիսին է՝ հանրային մարդը երբեք չպիտի նախագահին գովերգի, միշտ քննադատողի դերում պիտի լինի։ Եթե գովում ես, շատ վատ է դիտվում։
Փառք Աստծո, իմ կյանքում այդպիսին եմ եղել, երբևէ որևէ ղեկավարի «սիրելին չեմ եղել», բոլորի համար էլ «ծակող փուշ եմ եղել»։ Ինչևէ, այս փոքրիկ դիպվածը հիշեցի, երբ այսօր Սերժ Սարգսյանը պիտի գնար ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի նիստին։ Նրան հարցեր պիտի տային մարդիկ (չեմ նսեմացնում նրանց), որոնք պատերազմի ծխի հոտն անգամ քթներին չեն առել։ Հիշեցի Արցախյան պատերազմի տարիներից մի դիպված, որը կապված էր նախագահի հոր հետ։
Արցախյան պատերազմի տարիներն էին, գնդակոծություն, հա գնդակոծություն, զոհեր․․․ Սերժ Սարգսյանի հայրը երբեմն իր բնօրանն էր գալիս՝ հարազատներին տեսնելու, նրանցից իր կարոտն առնելու։ Շատ պարզ մարդ էր, բոլորի ծննդյան օրերը, առիթները գիտեր, գալիս էր։ Շատ անգամ նախագահից «թաքուն» էր գալիս, բայց միշտ «բռնվում էր»։ Նեղվում էր՝ մարդ չկարա՞ ազատ իր ուզած տեղը գնա։ Մի օր էլ բարեկամի հոբելյանին էր մասնակցում։ Ես էլ էի այնտեղ, ահագին մեծ ծնունդ էին անում։ Սեղանին թամադայի պես մեկը կար, կենացներ էր առաջարկում։ Առաջին բաժակով առաջարկեց խմել նախագահի հոր՝ Ազատի կենացը։ Բոլորը ոտքի կանգնեցին, Սերժի հայրը չկանգնեց։ Անփորձ թամադան քրտնել էր, չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Նստեց ու հաջորդ կենացն առաջարկեց խմել հոբելյարի կենացը։ Սերժի հայրը էլի ոտքի չկանգնեց, «աչքի պոչով» բոլորը հետևում էին․ սեղանից չէր օգտվում, «մթնած նստել էր»։ Հոբելյարը, որ կյանքի փորձ ունեցող մարդ էր, մոտեցավ Ազատին։ Մոտիկ էի նստած, լսում էի՝ պյա՞նա իլալ,- հարցրեց։
-Էս հու՞մ ես թամադա տիրալ,- բարկացավ։ Հետո չլսեցի ձայնը, ցածր էին խոսում։ Հոբելյարը մոտեցավ թամադային, ինչ որ բան ասաց, նա էլ մինչև ականջները կարմրած տեղից բարձրացավ ու, մինչև հիմա բառերն անգիր հիշում եմ, ասաց․
- Ժողովուրդ, կներեք, սխալ պյան եմ ըրալ, խամ թամադա եմ, հըսկացալ չեմ, առաջին բաժակավ խմենք պատերազմում զոհված մեր խոխորցը (երեխեքի) կենացը։
Բոլորը շունչները պահած տեղերից թռան։ Շատ վատ ժամանակներ էին, մեր 19- 20 տարեկան գարուններն էինք զոհում․․․
Սերժ Սարգսյանի հայրը առաջինը ոտքի կանգնեց, մթնոլորտը փոխվեց, բոլորը մեկ- մեկ գալիս ու խփում էին Ազատ պապիկի բաժակին, կարծես բոլոր հերոսների ու զոհերի Հայրը Ազատը լիներ։
Ասելիքս ինչ է։ Ու՞մ եք քննում, ուշքի եկեք․․․
Հաստատ Սերժ Սարգսյանի հայրը նրան չի պատմել այդ մասին։ Թող դա փոքրիկ հուշ լինի։
Կարծիքներ