Արտակարգ դրության ժուլիկները

Արտակարգ դրության ժուլիկները

Վերջին օրերին համառ լուրեր էին շրջանառվում, որ Արտակարգ դրությունը մեկ ամսով էլ են երկարացնելու։ Պատճառը, բնականաբար, քաղաքական է՝ քաղաքական ակցիաները, ընդդիմության ակտիվությունը կանխելը։ Դա կարող էին անել նաեւ Արտակարգ իրավիճակների մասին օրենքում փոփոխություններ կատարելով, սակայն դա այս պահին հնարավոր չէ, քանի որ Ազգային ժողովն արձակուրդում է, իսկ այդ օրենքում փոփոխությունները հնարավոր չէ իրականացնել ԱԺ արտահերթ նիստի միջոցով, ուստի իշխանամերձ շրջանակներում քննարկվում էր Արտակարգ դրությունը եւս մի ամսով երկարաձգելը։ Պարզ է, որ այս իշխանությունը կորցրել է ամոթի զգացումը եւ ընդունակ է ամեն ինչի՝ սեփական քաղաքական շահերի համար։

Այդպես էլ եղավ՝ այսօր բրիֆինգի ժամանակ հայտնի եռյակը՝ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը հերթական անգամ, օգտվելով կորոնավիրուսի համաճարակից, պոպուլիստական ու կեղծ հայտարարություններ արեցին։

Մի կողմից՝ գլուխ գովեցին, թե համաճարակի դեմ պայքարը հաջողությամբ է ընթանում եւ վարակը իրենց «հերոսական աշխատանքի շնորհիվ» որոշակիորեն նահանջել է։ Բայց քանի որ ուզում են Արտակարգ դրությունը, քաղաքական նկատառումներից ելնելով երկարաձգել, ուստի պետք է նաեւ հիմնավորեն եւս մեկ ամսով երկարացնելու իրենց որոշումը, ոստի ստիպված էին նաեւ սրան հակառակ բաներ ասել։ Ասենք մոտավորապես այն, որ դեռ այդքան էլ բարվոք չէ իրավիճակը եւ չի կարելի դիմակ-միմակից հրաժարվել, մոտիկից շփվել միմյանց հետ։ Առավել եւս՝ Արտակարգ դրությունը չի կարելի վերացնել։ Եւ ուրեմն, ժողովուրդ ջան, շարունակեք դիմակներ կրել, վիրուսից վախենալ ու հանրահավաքներ էլ մտքներովդ չանցնի անել՝ չի կարելի։ Մինչեւ մի քիչ ոտներս պնդացնենք, հասկանանք՝ ինչ է գալիս գլխներիս, ընդդիմության հարցերն էլ լուծենք՝ լցնենք բանտերը, հետո կամաց-կամաց բաց կթողնենք իրավիճակը։

Ծրագիրը թերեւս այն է, որ մինչեւ սեպտեմբեր լուծեն Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ու էլի մի քանիսի հարցերը՝ նրանց ունեզրկեն կամ բանտ ուղարկեն։ Այդ ընթացքում էլ ընդդիմության մյուս հավակնորդներին վախեցնեն սրանց օրինակով կամ՝ գայթակղեն մի քանի «ոսկոր» շպրտելով, ասենք՝ մի քանի ցածր պաշտոններ առաջարկելով։ Ընդդիմադիր օջախները լռեցնեն, ընդդիմության ֆինանսական աղբյուրները ցամաքեցնեն ու վերջ՝ 10 տարի իրենց իշխանության մնալը երաշխավորված կլինի։
Մինչ այդ էլ Սահմանադրությունը կփոխեն, սեփական՝ կառավարելի ընդդիմություն կստեղծեն, արտերկրի հետ կփորձեն լեզու գտնել։ Հետո էլ ի՞նչ խնդիր՝ կեր, խմի քեֆ արա, Նազար ջան՝ 10 տարի շարունակ բյուջեից ինքնապարգեւատրվի, պետության հաշվին գործուղումներ գնա, կապիտալ կուտակի, կապեր ստեղծի, մի խոսքով՝ վայելիր իշխանության բարիքները։

Սվետա Մարտիրոսյան