ՄԻԱՎ-ով հիվանդին վերջապես տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»

ՄԻԱՎ-ով հիվանդ դատապարտյալ Ա.Դ-ին, որը մոտ 20 օր հացադուլի մեջ էր եւ անգամ ինքնասպանության փորձ էր կատարել, Նուբարաշենի բերդից կրկին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Այս մասին հայտնեց Ա. Դ.-ի հարազատը։ Նա շնորհակալություն հայտնեց «Հրապարակին» հարցը հետեւողականորեն լուսաբանելու համար։
Սա այն եզակի դեպքերից է, երբ բողոքի ծայրահեղ միջոցները դրական արդյունք են ունենում։
Հիշեցնենք՝ ՄԻԱՎ վարակակիր Ա․Դ-ն սավանից պարան էր պատրաստել եւ կախվել էր։ Ոչ հացադուլը, ոչ գրավոր բողոքները չէին օգնում նրան լուծել իր հարցը՝ տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ պահում են նման հիվանդներին։ Խցակիցը վրա էր հասել եւ ազատել էր Ա-ին։
Ըստ բժշկական փաստաթղթերի, նա իմունային անբավարարության խորացված ստադիան ուղեկցող տասնյակ հիվանդություններ ունի՝ քրոնիկական պանկրեատիտ եւ ապենդիցիտ, ճարպային հեպատոզ, թոքային անբավարարություն, կպումներ թոքերում եւ այլն։
Կարծիքներ