Դաշնակից են, բայց արդյոք մե՞զ համար

Դաշնակից են, բայց արդյոք մե՞զ համար

Աշխարհը զարգանում է սրընթաց ռիթմով: Դեռ չհասցրած ընկալել եւ հասկանալ մի քաղաքական արժեհամակարգ՝ ի հայտ է գալիս մեկ ուրիշը, որը տրամագծորեն հակառակն է ապացուցում, այսինքն՝ նախկինի սխալական լինելը: Մեկդարյա պատմության մեջ մի ժողովրդի երեք սերունդ դավանում է իրարից անկախ, նույնիսկ իրարամերժ քաղաքական գաղափարներ: Բանականությունը եւ առողջ տրամաբանությունը, բախվելով գաղափարական ուսմունքներին եւ պատմական խեղաթյուրված փաստերին, խանգարում է յուրաքանչյուր սերնդի ներկայացուցիչներին դեպի առաջ քայլ անելու։ Ինչի համար անհրաժեշտ է մոռանալ անցյալը, չտրվել էմոցիոնալ պոռթկումներին, ցանկացած պատմական կոնկրետ ժամանակահատվածում տարբերակել թշնամուն բարեկամից, երեկվա բարեկամին՝ այսօրվա կամ նախկին թշնամուց, որը հարկադրված բարեկամացել է քեզ հետ, քանի որ ընդհանուր թշնամի է ի հայտ եկել:

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք եւ հարցը դիտարկեք ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում: Այն, որ, ասենք, Թուրքիան թե՛ երեկ եւ թե՛ այսօր թշնամաբար է մեր հանդեպ տրամադրված եւ վաղն էլ հաստատ չի բարեկամանա, ակնհայտ է, ու շատ կարեւոր է, որ նա դա չի թաքցնում, եւ սա նորմալ է՝ մենք  մուկնուկատու չենք խաղում միմյանց հետ: Բայց ափսոս, որ կան «բարեկամներ», որոնք շատ ավելի վտանգավոր են բացահայտ թշնամուց, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ կեղծավոր ժպիտով վստահեցնում են, թե պատրաստ են պաշտպանելու մեզ մեր երեկվա ու այսօրվա թշնամիներից։ Բայց գոհունակությամբ ժպտում են մեր թշնամուն՝ ամեն մի հաջողված զենքի վաճառքի գործարքից հետո:

Ըստ իս՝ դա նողկալի է: Նողկալի է այն, որ մեր կեղծ դաշնակիցներն ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում զենք են վաճառում Ադրբեջանին եւ Թուրքիային, հսկայական գումարներ ներդնում նրանց տնտեսության մեջ՝ զարգացնելով ստրատեգիական հանդիսացող ոլորտները, բայց լկտիաբար խուսափում են կատարել պայմանագրերով ամրագրված պարտավորությունները՝ ուղղված Հայաստանում զավթած նմանատիպ ոլորտներին, գոնե նորմալ զբաղվածություն ապահովելու համար: Ռուսաստանը Թուրքիայում նոր ատոմակայան է կառուցում, բայց Հայաստանի ատոմակայանը խուսափում է թարմացնել, Բելառուսը միլիոններ է ներդնում Ադրբեջանի տնտեսության մեջ, բայց ԵԱՏՄ պայմանագիրը մեր քթի տակ թափահարում է եւ հիստերիա բարձրացնելով՝ պահանջում դադարեցնել էժան մաքսատուրքով ավտոմեքենաների ներկրումը երրորդ երկրից: Ռուսաստանը, ի հեճուկս ողջ աշխարհի, Ս-400 է մատակարարում Թուրքիային եւ ամենաբարձր մակարդակով հայտարարում, որ Ռուսաստանին եւ Թուրքիային կապում են պատմական ջերմ թելերը, ու էլի նմանատիպ դատարկախոսություններ, որոնք ասվում են մեզ հետ հանդիպումների ժամանակ՝ մի տարբերությամբ, որ մեզ հատկացվող զինատեսակներն էականորեն զիջում են թուրքական մատակարարումներին եւ անհամեմատ ավելի թանկ են: Դե հիմա բացատրեք ինձ՝ արդյոք մեր «բարեկամը» բարեկա՞մ է, թե՞ թշնամի:

Անձամբ ես չեմ հավատում մեր դաշնակիցներից ոչ մեկին՝ ո՛չ բելառուսներին, ո՛չ ռուսներին եւ ո՛չ էլ ղազախներին: Ապրիլյան քառօրյան ապացուցեց, որ ես իրավացի եմ: Այդ ժամանակ նշածս պետություններից եւ ոչ մեկը Ադրբեջանին դատապարտող ոչ մի հայտարարություն չարեց, չգիտես ինչու՝ մեզ եւ մեզ վրա հարձակվողին համարժեք զսպվածության կոչեր էին անում: Ավելին ասեմ՝ հաստատ համոզված եմ, որ այդ պետություններից ոչ մեկը, թեկուզ ձեւական, մի հոգի չէր ուղարկի ՀԱՊԿ կազմում իր պարտավորությունները կատարելու ուղղությամբ մեզ պաշտպանելու, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, թեկուզեւ մեզ բացահայտ բնաջնջելու գային ազերա-թուրքական հրոսակախմբերը։ Լավագույն դեպքում՝ զսպվածության կոչեր երկու կողմերին էլ եւ բլա-բլա-բլա:
Մենք նրանց համար բարեկամներ չենք, նրանք մեզ անգամ որպես հավասար գործընկեր չեն ընդունում: Մի՞թե Ղազախստանը մեզ կգերադասի եղբայր թյուրքալեզու Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Երբեք։ Կա՞մ Բելառուսը՝ իր անկուշտ բռնակալով հանդերձ, մեզ հետ եղբայրություն կանի, երես թեքելով Ադրբեջանի նման խոշոր դրամապանակից:

Ռուսաստանի մասին բառերն իսկ ավելորդ են, նույնիսկ՝ անիմաստ: Տարիներով մենք ապացուցել ենք, որ հաճույքով կներենք մեր թիկունքը դանակ խրած «բարեկամին», մեր երկրի հարստությունը կվստահենք կեղծավոր «դաշնակցի», դասեր չենք քաղի պատմությունից, ինչքան էլ որ նա մեզ դասեր տա, որոնք հաճախ զուգորդված են լինում ցավոտ ապտակներով:

Կարեն ՄԵԼՅԱՆ