Նիկոլական կեղծ «այցեքարտը»
Մայրաքաղաքի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգությունները) հատկանիշներով: Հունիսի 4-ի հետկեսօրեի դրությամբ ձերբակալվել է 13 անձ: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Իսկ փաստաբան Երվանդ Վարոսյանը արձանագրել է. «Երեկվա ընդհարումն ու դրան հետևած ջարդն իբրև զանգվածային անկարգություն որակելը ոչ միայն իրավական անգրագիտության ու քաղաքական պատվերի սիմբիոզ է, այլ նաև խտրական վերաբերմունքի ակնհայտ դրսևորում։ 2018 թվականի «հեղափոխության» մի քանի դրվագներում տեղի ունեցած միջադեպերը նույն այս մոտեցման պարագայում ավելի են տեղավորվում զանգվածային անկարգություն հասկացության տակ»:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է ասում քրեական օրենսգիրքը զանգվածային անկարգությունների բնույթի մասին: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ մասի, «… օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը»: Բացի երկու-երեք հոգու կողմից քար նետելը, ինչն առկա է Քննչական կոմիտեի տեսաերիզում, այլ բան չի եղել: Հակառակը, եղել է ոստիկանության կողմից աննորմալ վայրագության դրսևորում: Ինչ մնում է զանգվածային անկարգությունների՝ օրենսգրքով արձանագրված, դրսևուրումներին, ապա դրանք առկա չեն եղել: Ինչը նշանակում է, որ հունիսի 3-ին Երևանում տեղի չի ունեցել զանգվածային որևէ անկարգություն:
Սա մի կողմից: Մյուս կողմից, ՀՀ Վճռաբեկ դատարանով մեկ-երկու ամիս առաջ արդարացվել է 2008 թ.-ի մարտի 1-ի իրապես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, քաղաքացի Փաշինյան Նիկոլը, որը մարդկանց կոչ էր անում զինվել ինչով պատահի՝ քարով, երկաթե ձողերով և այլն, և դիմադրություն ցույց տալ ոստիկաններին: Միաժամանակ հայտարարում էր, որ իր հոգին փառավորվում է, երբ բողոքավորները վահաններ են խլում ոստիկաններից: Իսկ ինչպե՞ս է հնարավոր դա անելը՝ եթե ոչ բռնությամբ: Ասվածը նշանակում է, որ Փաշինյան Նիկոլը ուղղակիորեն (առաջին դեպքում) և անուղղակիորեն (երկրորդ դեպքում) մարդկանց կոչ էր անում դիմել բռնության: Բայց ինչպես գիտենք, մեկ-երկու ամիս առաջ նշված քաղաքացին արդարացվեց 2008 թ.-ի մարտի 1-ի իր գործողությունների առումով:
Բայց այս իրադարձությունների առումով առկա է ոչ միայն նմանություն, այլև տարբերություն: Տարբերությունը իշխանության բնույթի մեջ է: 2008 թվականին Հայաստանի գործող իշխանությունունը հայաստանցիների և դրսեցիների կողմից բնութագրվում էր որպես առնվազն ավտորիտար: Իսկ ներկայումս գործող իշխանությունը բնութագրվում է որպես տարածաշրջանային «ժողովրդավարության փայլուն աստղ»: Իրականում 2008-ին և հատկապես 2018-ի ապրիլին, ինչպես արձանագրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, Հայաստանի իշխանությունները եղել են շատ ավելի ժողովրդավարական, քանի այսօրվա իշխանությունը, որն իր կեղծ «այցեքարտն» է դարձրել «ժողովրդավարություն» հասկացությունը: Սա այն է, ինչ պետք է իմանալ նիկոլական «ժողովրդավարության» մասին: Իրականում ոստիկանապետության հատկանիշներով բռնապետության մասին:
Կարծիքներ