Ազատ գյուղում կա ևս մեկ զորանոց, ինչ պայմաններ են այնտեղ

Ազատ գյուղում կա ևս մեկ զորանոց, ինչ պայմաններ են այնտեղ

Իրավապաշտպաններից մեկը հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրված զորանոցից բացի նույն գյուղում կա ևս մեկ այլ զորանոց, սակայն առավել վատ պայմաններով: Ողբերգական հրդեհից հետո հանրության տարբեր շերտեր, տարբեր կերպ են մեկնաբանում կատարվածը: Որոշակի շրջանակներ ենթադրում են, որ տեղի ունեցածը թշնամու կողմից իրականացված դիվերսիա է, սակայն կան նաև բազմաթիվ կարծիքներ, որ կատարվածը հետևանքն է այն բանի, որ զորանոցը չի ունեցել կենցաղավարման տարրական պայմաններ` ջեռուցում, ջրամատակարարում, այդ պատճառով էլ տեղի է ունեցել նման ողբերգություն: 

Հրդեհի զոհ դարձած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ազատ գյուղում կա ևս մեկ զորանոց, սակայն թե ինչ պայմաններ են առկա այնտեղ, զոհվածի պապիկը չգիտեր: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից, սակայն վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց վերոնշյալ տեղեկությունը, նշելով, որ հարցին կարող է պատասխանել միայն գրավոր: