Շուրջ երկու տարի է՝ ամբողջ դպրոցին ու ծնողներին հոգեբանական տեռորի է ենթարկել

Երեկ Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի ծնողը դիմել էր «Հայելի» ակումբ, պատմել էր, որ իր երեխան դպրոցից տուն է գալիս կապտուկներով, ծեծված ու նվաստացած, իսկ դպրոցում ինտենսիվ կերպով դրամահավաքություններ են տեղի ունենում, ինչի ձայնագրություններն ունի ինքը: Կինը ներկայացրեց պատմությունը, սակայն չասաց իր անունը, միայն դպրոցի համարը` պնդելով, որ թիվ 100 դպրոցում սարսափելի իրավիճակ է, իսկ իրեն էլ հետապնդում են ինչ-որ կասկածելի անձինք, որոնք հովանավորվում են դպրոցի կողմից:
Քանի որ մեր դպրոցների մի մասում իսկապես նմանօրինակ բարքեր են տիրում, որոշեցինք զբաղվել այդ հարցով` կապվեցինք դպրոց: Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ծնողը, ով ներկայացրել է վերոնշյալ պատմությունը ստում է` նրա ասածներից և ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը.
«Այդ ծնողի բոլոր ասածները սուտ են։ Նրա ասածները չեն համապատասխանում իրականությանը։ Զրպարտում ու սադրանքի է ենթարկում ողջ դպրոցին ու կոլեկտիվին։ Երեխան չորրորդ դասարանում է սովորում, արդեն որերորդ դպրոցն է փոխել։ Իսկ մեզ մոտ՝ արդեն չորրորդ դասղեկն է։ Բացմահազար ահազանգեր է արել ոստիկանություն, այնքան ենք ստուգվել ու քննվել` ոչ մի բանը չի համապատասխանում իրականությանը։ Նույն սցենարով անվանարկել է նախորդ դպրոցն ու մանկավարժներին։ Կարող եք հարցում անել ոստիկանության Մաշտոցի բաժին, տվյալ ծնողի գործունեության և պահվածքի մասին ավելի ստույգ տեղեկություններ իմանալու համար: Շուրջ երկու տարի է ամբողջ դպրոցին ու ծնողներին հոգեբանական տեռորի է ենթարկել։ Ուզում եմ ճիշտը իմանաք», - ասում է տնօրենը:
Մենք նաև դիմեցինք Ոստիկանություն` պարզելու համար 100 դպրոցում երեխային բռնության ենթարկելու մասով հաղորդում ներկայացվե՞լ է, թե՞ ոչ: Ոստիկանությունից «Հրապարակին» հայտնեցին, որ 2023 թվականին ավելի քան չորս հաղորդում են ստացել նույն տիկնոջ կողմից, որոնք ուղարկվել են Քննչական բաժին: Իսկ թե ինչ ընթացքի մեջ են դրանք, Ոստիկանությունում տեղյակ չէին:
Կարծիքներ