Կվերսկսվի բնակվարձի 40 հազար դրամների տրամադրումը
44-օրյա պատերազմից հետո Արցախի գրավված տարածքներից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված անձինք` հադրութցիները, Շուշիի եւ ազատագրված տարածքների բնակիչները՝ որպես բնակվարձի փոխհատուցում, պետությունից ամսական 40 հազարական դրամ աջակցություն էին ստանում։ Բայց արդեն տեւական ժամանակ այդ վճարումները չէին իրականացվում։ 2020-2021 թվականներին տեղահանվածները բողոքում էին «Հրապարակին», որ Արցախի բնակկոմիտեն դադարել է վճարել իրենց գումարները, նրանցից ոմանց սերտիֆիկատներ էին տվել` տներ ձեռք բերելու, եւ չհետեւելով, թե այդ մարդիկ կարողացե՞լ են արդյոք տներ ձեռք բերել, բնակվարձի գումարները կտրել էին։ «Մենք մայիսից չենք ստացել 40 հազարները»,- ասում է Մախմուր Խաչատրյանը։ Ասիկ Մելքումյանն էլ, որ սեպտեմբերի 25-ին է եկել Հայաստան, եւ ում համար սա երկրորդ տեղահանումն է, դեռ «բլոկադայի» շրջանից չի ստացել աջակցության գումարները։ Մենք արցախցիների բողոքը փոխանցեցինք Արցախի բնակարանային կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին։ Նա ասաց, որ հոկտեմբերի 3-ին «Հայփոստը» սկսելու է վճարել տեղահանվածների դրամական աջակցության՝ մայիս ամսվա գումարները։
«Մայիս ամսվա վճարումներն ուղարկել էինք բանկ, որ պետք է վճարացուցակները տանեինք, կեսօրից հետո փոխանցվելու էին քաղաքացիներին, այն էլ՝ հենց նույն օրը պատերազմը սկսվեց, հենց այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին։ Այսօր «Հայփոստը» բաց է թողել գումարները։ Արցախբանկի հետ քննարկումներ ենք անում, Արցախբանկը հայտնել է, որ մայիս ամիսն արդեն փոխանցված է»,- ասաց պաշտոնյան։
Թե ինչ է արվելու մյուս ամիսների համար, դեռ հստակ չէ։ Չի բացառվում, որ 2020-21 թվականներին տեղահանվածները եւ սեպտեմբերյան հարձակումից հետո բռնագաղթածները կմիավորվեն պետական աջակցության նույն ծրագրերում։ Իսկ թե ինչ է պատրաստվում հատկացնել ՀՀ կառավարությունը 100 հազար տեղահանված արցախցիներին, դեռ պարզ չէ: Առայժմ միայն հայտարարվել է, որ կացարանի հարց կլուծեն եւ միանվագ 100 հազար դրամ կհատկացնեն փախստականներին` առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելու համար:
Կարծիքներ