Կըսե՝ չոլերով գնացեք, վիրավորանքի վերջն է․ խոպանչիները մեծ ցույցի են պատրաստվում
Այսօր Շիրակի մարզի` տասնյակից ավել արտագնա աշխատանքի մեկնողներ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում մարզպետարանի դիմաց։ Շիրակցի խոպանչիներին ՊԵԿ-ից ստացած ծանուցումները այնքան է վրդովեցրել, որ ինչպես նշեցին, պատրաստ են համապետական ցույցի, հավաքելու են մարզերի բոլոր խոպանչիներին եւ նոր պայքար սկսեն։ Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ ծանուցագրերի` Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները հայրենիք վերադառնալուց հետո 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Չվճարելու դեպքում պարտավորություններին գումարվելու են նաև տույժ-տուգանքները։
Ինչպես անցյալ օրվա բողոքի ցույցին, այնպես էլ այս անգամ շիրակցի խոպանչիների բողոքը լսելու եւ նրանց զայրույթը մեղմելու փորձեր էր անում փոխմարզպետ Աննա Մարտիկյանը։ Բողոքավորները, բնականաբար, այլ ակնկալիքներ ունեին եւ որոշեցին վաղը նույնպես պայքարը շարունակել՝ մինչև հարցին լուծում չտրվի, հակառակ դեպքում, ինչպես նշեցին, պատրաստվելու են մեծ ցույցի։
«Պիտի սաղ մարզերի ժողովուրդը կանգնի, սա բոլորիս համար կործանում է, ի՞նչ են աշխատում մեր ժողովուրդը՝ համ ընդե մուծվեն, համ ստե,ռուսականի կուրսն էլ զիբիլ, ո՞ւմ համար մուծես, հաստավզերի՞, որ խոպան գնացողների նույնիսկ հոգեբանական վիճակը չեն պատկերացնում» ,- ասաց պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնողներից մեկը։
Հավաքվածներին վրդովեցրել էին նաև վարչապետի վերջին հայտարարությունները, թե այդ այդ ասֆալտով չէ՞ որ օդանավակայան են գնում, դե որ այդպես է, թող չոլերով գնան։ «Խոսելուն էլ չափ ու սահման կա, կպատկերացնեք՝ մեզ արդեն ո՞ւմ տեղն է դրել, կըսե՝ չոլերով գնացեք․․․․, լրիվ սահմաններն անցել է, մեզ հասնում ա, բայց չի հասկըն ա, որ ինչըխ էդ չոլերով եկավ վարչապետ եղավ, էդպես էլ չոլերով կերթա․․․»,- չափազանց վրդովված ասաց բողոքավորներից մեկը։
Կարծիքներ