Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին


Հայաստանում կրկին աշուն է: 2019-ի հոկտեմբերն է: Եռաբլուրում ծառերը դեղնել են: Բայց հուշաքարիդ մոտ, ինչպես միշտ, թարմ ծաղիկներ են: Կրկին քեզ հետ զրուցելու եմ եկել: Մենակ չեմ: Ընտանիքս էլ է ինձ հետ: Ուզում եմ զավակներս էլ ունկնդրեն մեզ: Նրանց ներկայությունը պարտավորեցնում է լինել բացարձակ անկեղծ: Միաժամանակ զրույցը կունենա ճանաչողական բնույթ: Ցավով պիտի ասեմ, որ նոր սերունդն ամեն ինչ չգիտե քո ապրած ժամանակի ու Հոկտեմբերի 27-ի մասին: Իսկ ես շատ եմ ուզում, որ զավակներս հենց ինձնից իմանան ճշմարտությունը, ինչպիսին տեսել, լսել, մտածել եմ ժամանակին կամ վերարժեւորել այսօր: Անկեղծության պայմանը ենթադրում է ազատություն թեմաների ընտրության հարցում եւ անկաշկանդություն՝ ասելիքում: Հոգ չէ, որ որեւէ մեկին էլ կարող է ասածս դուր չգալ:

Երեկվանից մտովի 20 տարի ետ եմ գնացել: 1999-ի գարնանը դառնալու էիր 40 տարեկան: Սովորաբար այդ տարիքը չեն նշում, փորձում են աննկատ շրջանցել: Մտածում էինք՝ կհետեւես այդ չգրված կանոնին: Իսկապես էլ, նախօրոք զգուշացրել էիր, որ չես նշելու: Մի քանի հոգով որոշեցինք համեստ, գրեթե աննշմար անակնկալ անել: Ծանոթներիցս մեկի խորհրդով մի աստղաբանի պատվիրեցինք՝ տվյալներիդ հիման վրա գուշակել ապագադ: Փետրվարի վերջին պատրաստ էր, բայց «գուշակությունը» սրտներովս չէր. այն ավարտված էր 1999 թվով: Երիտասարդ ֆիզիկոսին բացատրեցի մտահոգությունս, ասացի, որ ապագան այստեղ բացահայտված չէ, նյութը կիսատ է, ու պետք է շարունակել: Այս տղան էլ՝ ոչ դես, ոչ դեն, թե՝ հնարավոր չէ շարունակել: Իմ «ինչու» հարցին նա պատասխանեց. «Նրա հետ վատ բան է կատարվելու»: Ականջներիս չհավատացի: «Այսի՞նքն»,- հարցրի ես: Նա չոր ու հստակ տվեց նույն պատասխանը: Այն ժամանակ ես տարածքային կառավարման նախարարի տեղակալն էի: Ու մտքովս գիտե՞ս ինչ անցավ, որ իրադարձությունների զարգացման արդյունքում դու գուցե ստիպված կլինես թողնել պաշտոնդ:

Դրա համար առարկություն չընդունող տոնով այդ երիտասարդին ասացի. «Եթե պաշտոնաթողություն է սպասվում նրան, այդ մասին ուղղակի էլ գրիր: Իսկ ընդհանրապես, այս գուշակությունն ինչ-որ արժեք կարող է ունենալ, եթե վերաբերի գոնե առաջիկա մի քանի տարիներին»: Տղան ուսերը թոթվեց, նորից կրկնեց նույն բանը՝ նշելով, որ իմ ուզածը կլինի արհեստական, որը չի կարելի, ու գնաց: Ես փոխանակ հարցնելու, թե ինչ է հասկանում նա «վատ բանի» տակ, չինովնիկական կեցվածքով հրահանգներ ու ցուցումներ էի տալիս, թե ինչպես կազմի գրքույկը, որ այն ունենա լավատեսական բնույթ: Ծննդյանդ օրը քեզ փոխանցվեց այդ արհեստածին ու արդեն բանի պետք չեկող «գուշակությունը»: Եթե չկարդացած կամ դեն նետած լինեիր, միանգամայն տեղին կլիներ: Բայց այդ օրն ինձ ավելի շատ անհանգստացրեց այն փաստը, որ մարտական ընկերներիդ չմերժելու համար համաձայնել էիր 40-ամյակդ տոնել «հանպատրաստից՝ թեթեւ»: Բայց, մեր մեջ ասած, լավ էլ «շախով-շուխով-դղրդոցով» էր ստացվել: Դե արի ու ասա՝ «սատանի ականջը խուլ»:

Այս մանրուքները հիշեցի, որովհետեւ ասում են, թե մահվանից առաջ հաճախ դրա մասին ակնարկող նշաններ են ի հայտ գալիս, որոնք մեռնողը կամ նրա շրջապատի մարդիկ սովորաբար չեն նկատում: Ինչպիսի նշաններ էլ լինեին, ո՞ւմ ուղեղում կարող էր նման բան տեղավորվել: Ավելին, հոկտեմբերի 27-ից հետո Արարատ գյուղի քո տանը, գիշերը մի պահ մենակ մնացինք սրահում: Քո դեմքին խաղաղություն կար, ներքին շրթունքդ մի փոքր թեքվել էր, ու մի պահ ինձ թվաց, թե ժպտալու փորձ ես անում: Ու եթե վեր կենայիր, ասեիր, որ այդ ամենը կատակ է եղել, ես երեւի չզարմանայի: Ա՛յ, այդպես անհավատալի էր քո մահը:

Հիշեցի մի բան էլ. գարնանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումից հետո, երբ «մենք-մերոնցով» նստեցինք հացի, տղաներից մեկը փորձեց սրամտել՝ ասելով, որ Դեմիրճյանից գաղտնի, դաշինքի նախատեսված ՀԺԿ-ական թեկնածուի փոխարեն պաշտպանելու են հանրապետական թեկնածուին: Քո դեմքը զայրույթից սեւացավ: Տիրեց լռություն: Բոլորը հասկացան, որ պայթելու ես: Մարդը զգաց սխալն ու մեղավոր ժպտաց. «Շեֆ, կներես, կատակ արեցի»: Իսկ դու հատ-հատ արտասանեցիր հետեւյալ բառերը. «Տղերք, հարցը մանդատը չէ: Դուք երեւի իրոք չեք հասկանում պահի լրջությունը: Մենք Դեմիրճյանի հետ երկար, չափից ավելի երկար ճանապարհ ենք անցնելու»: Նորից տիրեց լռություն: «Չափի՛ց ավելի երկար»,-կրկնեցիր: Այդ լռության մեջ, քեզ հատուկ ոճով, հայացքդ սահեցրիր բոլորի վրայով ու հասար ինձ: Մեր հայացքները հանդիպեցին, ու ես լռության մեջ, չգիտես ինչու, տվեցի ենթագիտակցությանս մեջ խմորվող միակ՝ գուցե անհեթեթ, հարցը. «Մինչեւ մա՞հ»: Դու գլուխդ խոնարհեցիր՝ կարծես դրական պատասխան տալով: Զուգադիպությունն այնքան հստակ էր, որ ինձ թվաց, թե բարձրաձայնել եմ հարցը:

Մեկ-մեկ ինձ թվում է, թե կյանքից շուտ հեռանալու կանխազգացում ունեիր: Չէիր ամուսնանում, որ մեղքի տակ չընկնեիր, որ ընտանիքդ որբ ու անտեր չմնար: Բայց 1999 թվի մայիսին, խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «Միասնություն» դաշինքը եկավ իշխանության, բոլորն այն մասին էին խոսում, որ առնվազն տասը տարի երկիրը գտնվելու է դաշինքի ձեռքում: Այդ հեռանկարը կասկած չէր հարուցում: Ու մի տեսակ հանդարտություն ու հանգստություն էր տիրում իշխող ուժի տարբեր օղակներում: Այդպես պարզ, արեւոտ ու անամպ է լինում օրը հանկարծահաս ամպրոպից առաջ: Երեւի զգոնություն թուլացնող հանգստություն էր դա: Այդ ինքնավստահությունը չէր կարող չանհանգստացնել քաղաքական այն ուժերին ու անհատներին, ում համար ենթադրյալ տասը տարին շատ մեծ ժամանակ էր, եւ նրանք չէին կարող այդքան երկար օտարված մնալ իշխանությունից: Հետեւաբար, կային լրջորեն անհանգստացած ուժեր ներսում ու դրսում, որոնք արտաքուստ լուռ, բայց տենդորեն գործում էին ստվերում: Իսկ ո՞ւմ էր ձեռնտու քո մահը:

Ցավոք, այս հարցի պատասխանը չի մատնանշում մեկ հասցեատեր: Արդեն քսան տարի կասկածը կրծում է մեր հոգիները: Երբեմն ամենահավանական թվացող տարբերակն իրականությունից շատ հեռու է լինում: Երբեմն հայացքներս հառում ենք ոչ այն ուղղությամբ, ուր իրականում թաղված է շան գլուխը: Այդուհանդերձ, փորձենք մեր կասկածների ճանապարհով անցնել հասցե առ հասցե՝ հենվելով փաստերի, տրամաբանության, ինչ-խոսք՝ երբեմն էլ ենթադրությունների վրա, որոնք, բնականաբար, ոչ միշտ է, որ ճիշտ են լինում: Բայց մինչ այդ՝ Եռաբլուրի մասին:
 

 Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ