Համաշխարհային պրեմիերա՝ «Մատյան ողբերգության» հիման վրա
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է բացառիկ մշակութային իրադարձություն. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ Պետերբուրգ) «Արեգակն Արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան է:
Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
«Արեգակն Արդար» երգչախմբային կոնցերտը կհնչի «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ:
Համերգին կհնչի նաեւ Սերգեյ Եկիմովի «Այն խոսքը, որով կդատապարտես ինձ» («То слово, что мне скажешь в осужденье») երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի՝ Նաում Գրեբնեւի ռուսերեն թարգմանությամբ (հայաստանյան պրեմիերա), ինչպես նաեւ հեղինակի Երգչախմբային երեք մանրերգեր՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների եւ Երգչախմբային կոնցերտ՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների:
Համերգին կհնչեն նաեւ Կոմիտասի մի շարք խմբերգեր, կկայանա ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի «Որտեղի՞ց այսքան քնքշանք» («Откуда такая нежность») երգչախմբային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Մարինա Ցվետաեւայի բանաստեղծության հիման վրա:
Հավելենք նաեւ, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դիրիժոր Իվան Ստոլնիկովը կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս։ Մուտքն ազատ է։
Կարծիքներ