Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությունը՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո

Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությունը՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նախօրեին Բրյուսելում իր մասնակցությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․

«Այսօր ես կրկին ընդունեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա այս ֆորմատով երրորդ քննարկումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ՝ ԵՄ-ի եւ երկու երկրների հարաբերությունների, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ողջ ռեգիոնի հետ հարաբերությունների զարգացման հարցերի վրա։ Քննարկումը անկեղծ էր եւ արդյունավետ։ Մենք քննարկել են հարցերի ողջ համալիրը։ Անդրադարձել ենք հումանիտար հարցերին, այդ թվում նաեւ ականազերծման հարցերին, պահվող անձանց ազատ արձակման եւ անհետ կորածների հետ կապված հարցերին։ Ձեռք են բերվել հետեւյալ արդյունքները
•  Սահմանային հարցեր․- Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովի առաջին նիստը։ Դրանում քննարկվելու են բոլոր հարցերը, որոնք կապված են սահմանի դելիմիտացիայի հետ, ինչպես նաեւ, թե ինչպես ավելի լավ ապահովել կայուն իրավիճակը։
• Կոմունիկացիաներ․- Լիդերները պայմանավորվել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը։ Նրանք համաձայնեցրել են սկզբունքները, որոնք կարգավորում են տարանցումը արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջեւ, ինչպես նաեւ՝ այն սկզբունքները, որոնք կարգավորում են երկու երկրների կոմունիկացիոն ենթակառուցվածքներով միջազգային բեռնափոխադրումների իրականացումը։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանային կառավարման, անվտանգության, հողային վճարների, ինչպես նաեւ՝ միջազգային փոխադրումների պարագայում՝ մաքսային կանոնների սկզբունքների մասին։ Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այս աշխատանքները։
•  Խաղաղության համաձայնագիր․- Լիդերները պայմանավորվել են շարունակել քննարկումները ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկարգավորի միջպետական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Առաջիկա շաբաթներին ԱԳ նախարարների կողմից ղեկավարվող թիմերը այս պրոցեսից հետ կապված քայլեր են ձեռնարկելու։ Ի լրումն այս հարցի, ես նաեւ հարկ համարեցի երկու լիդերների ուշադրությունը սեւեռել այն բանի վրա, որ հարկավոր է կարգավորել այն հարցերը, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ։
• Սոցիալ-տնտեսական զարգացում․- ԵՄ-ն երկու կողմերի հետ շարունակելու է առաջ մղել Տնտեսական խորհրդակցական խմբի աշխատանքները, որի նպատակը երկու երկրների եւ երկու երկրների բնակիչների տնտեսական զարգացումն է եւ բարեկեցությունը։

Ես նաեւ ընդգծեցի, որ կարեւոր է երկու երկրների բնակիչներին նախապատրաստել կայուն եւ տեւական խաղաղության։ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք մնալ սերտ կապի մեջ եւ կրկին հանդիպել այս ֆորմատով հուլիս-օգոստոս ամիսներին։ Շնորհակալություն»,- ասված է հայտարարության մեջ։