Բաժանարար գիծը քաշվեց 1998-ի իշխանափոխությամբ

Բաժանարար գիծը քաշվեց 1998-ի իշխանափոխությամբ

Անկախության տոնի առթիվ ուղերձ է հղել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա հիմնական ասելիքը, թերեւս, սա է. «Քարոզչական եւ քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է»:

Հայաստանի պետական-քաղաքական կյանքում իրական, շատ հոծ բաժանարար գիծ քաշվել է 1998թ. իշխանափոխությամբ, երբ անկախություն հռչակած, պատերազմում այն պաշտպանած վերնախավը՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պետական ուղղորդված քարոզչությամբ հռչակվեց «դավաճան» եւ «հող ծախող»։ Սերժ Սարգսյանը 10 տարի առաջնորդել է Հայաստանը՝ հանդիսանալով նաեւ Հանրապետական կուսակցության առաջնորդ եւ բոլոր հնարավորություններն ուներ եթե ոչ լիովին ջնջելու, ապա գոնե զգալիորեն մաշեցնելու այդ բաժանարար գիծը, քաղաքական դիսկուրսից բացառելու «Արցախը ծախողների» եւ «ոչ մի  թիզ չզիջողների» հակադրության քարոզչական կաղապարը, միավորելու բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայաստանի անկախ պետականության կերտման դժվարին առաքելության ակունքներում: Քսան տարի մերժել, ուրանալ ճշմարտությունը, փոխարենը շրջանառության դնել տեղեկատվա-քարոզչական առասպելներ եւ այսօր խոսել դրանց վտանգավորության մասի՞ն: Երկրի պատմության գրեթե տասնամյա շրջանը որակել «ցրտի, մութի, սովի եւ արտագաղթ,»տարիներ, առաջնորդվել այն սկզբունքով, որ Հայաստանի վերելքի դարաշրջանն սկսվել է 1998թ. իշխանափոխությամբ եւ խոսել իրականության աչքերին շիտակ նայելու պարտավորությունի՞ց: 20 տարի հետեւողականերն «բուծել» գեներալական մի խումբ՝ որպես իշխանության ուժային հենարան, բոլոր արտոնություններով օժտել, որպեսզի պատերազմի երեկվա դաշտային հրամանատարները դղյակների եւ աստղաբաշխական ունեցվածքի տեր դառնան՝ մոռանալով հազարավոր աշխարհազորայիններին, զոհված մարտական ընկերների հիշատակն ու նրանց հարազատների հոգսերը եւ ակնարկել այսօր հաղթանակած զինվորի «ոգին կոտրելու՞» մասին:

20 տարում նենգափոխվել է նաեւ պատերազմի պատմությունը: Թեկուզ եւ նրանով, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը հրահանգել է արցախցի դաշտային հրամանատարներին ասել, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռազմական հաջողությունների հետ ոչ մի կապ չունի, ամեն ինչ արվել է ի հեճուկս նրա: Թշնամու կրակոցից վտանգավորը ոչ թե արդարության հաստատման ձգտումն է, այլ՝ 1998թ. իշխանափոխությամբ սկիզբ առած իրոք առասպելաբանությունը, որ համառորեն չի ուզում զիջել դիրքերը: