Վստահ է` ցանկացած պահի ՀՀ ղեկավարին «փշտ» կանի, նա կմտնի մկան ծակը

Վստահ է` ցանկացած պահի ՀՀ ղեկավարին «փշտ» կանի, նա կմտնի մկան ծակը

Սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երեւան։ Դատապարտելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ Փելոսին ասել էր, որ «Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունն ԱՄՆ-ի համար կարեւոր հարցեր են, եւ Նահանգները ցանկանում է այդ ուղղությամբ գործուն աջակցություն ունենալ»: Իսկ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին՝ խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաեւ՝ Սեւանա լիճ այցելելուց։ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանին խնդրեցինք մեկնաբանել սա։

«Դա նշանակում է, որ ամերիկացիների համար այդ սահմանամերձ գոտիները դարձել են անվտանգության տեսանկյունից ռիսկային։ Մեզ համար վաղուց է ռիսկային, այսօր ունենք հազարավոր տեղահանվածներ, կան ավերածություններ, բնակավայրերը, ճանապարհները գտնվում են թշնամու նշանառու կրակի տակ։ 

Հիշյալ նախագուշացումը նաեւ նշանակում է, որ այդ բարձրաստիճան պաշտոնյայի այցը, նրա քաղաքական հայտարարությունները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի ամենօրյա հավաստիացումները՝ աջակցել հայ-ադրբեջանական խաղաղությանը, արդյունք չեն տվել։ Տեսանք, որ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ իր ավագ եղբայր Թուրքիան սվիններով ընդունեցին ամերիկացիների դեռեւս գեթ բարոյական աջակցության ազդակները։ Երեկվանից սահմանին նորից կրակում են, հրադադարի ռեժիմը խախտվում է։ Դրանով Ադրբեջանն ու Թուրքիան իմաց են տալիս ԱՄՆ-ին, որ նրա ներգործությունն այն աստիճանի ազդեցիկ եւ արդյունավետ չէ, որ իրենք խաղաղվեն»,- ասաց Արա Սահակյանը։

Նա զարմանում է, որ ՀՀ իշխանությունները հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցման մասին վարդագույն պատկերացումներ ունեն եւ սթափ չեն գնահատում նրանց վերաբերմունքը մեր հանդեպ։ «Կարծես այսօրվա Ադրբեջանը եւ Թուրքիան վաղը այդ փաստաթղթերը ստորագրելուց հետո տրանսֆորմացվելու են, այլ հասարակություններ ու ժողովուրդներ, այլ պետություններ են դառնալու կամ բոլորովին այլ ղեկավարներ են ունենալու։ Այն, ինչ իրենք կարծում են, թե կլինի խաղաղություն, վստահություն, այսօր արդեն չկա։ Ադրբեջանը սահմանային լարվածությունը մեծացնելով, որի արձագանքն ԱՄՆ-ի դեսպանատան այս զգուշացումն էր, ցույց է տալիս, որ իրադարձությունների զարգացումը դեպի լիցքաթափում ձեռնտու չէ իրեն, որ իրեն հարկավոր է շիկացում, որպեսզի կարողանա Հայաստանին պարտադրել զիջումներ։ Ադրբեջանին անգամ ժամանակավոր խաղաղությունը, անդորրը ձեռնտու չեն, դա իր ծրագրերի մեջ չի մտնում։ Նրան հարկավոր է մշտապես թեժ պահել մթնոլորտը, մեր զավակների արյունը հեղել, ավեր բերել մեր երկիր։ Որովհետեւ նա համոզվել է՝ ցանկացած ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարին «փշտ» անի, նա մտնելու է մկան ծակը»,- նշեց Սահակյանը։ 

Մեր զրուցակիցը նկատում է, որ Ադրբեջանի հանցագործ ղեկավարի ատելության խոսքը հոգեբանորեն ձեւախեղել է նրա բանակը։ Այն վերածվել է հրոսակախմբի, հայտնվել են հոգեխանգարմունքի մեջ գտնվող ստահակներ, արնախում սադիստներ։ Այն լեցուն է պրոֆեսիոնալ մարդասպաններով։ Եվ դա ոչ միայն 30 տարի առաջ սկսված պետական քաղաքականության, այլեւ վերջին 4-5 տարում մեր թուլակամությամբ թեւ առած նրանց գերինքնավստահության արդյունքն է։ Մեր իշխանությունը գնաց խաղաղություն մուրալու ճանապարհով եւ ստացավ պատերազմ։ Դա է պատճառը, որ հայ հասարակությունը՝ ճնշող մեծամասնությամբ, կողմ է իշխանափոխությանը, որպեսզի ե՛ւ բանակցողը փոխվի, ե՛ւ բանակցության առարկան ու բովանդակությունը։