Քաղաքական անհայտությունը և դատախազի սինդրոմը

Քաղաքական անհայտությունը և դատախազի սինդրոմը

Քաղաքական էքսցեսները, ընդհանրապես բախումնային իրավիճակները, որքան էլ անցանկալի, այնուամենայնիվ երբեմն դառնում են անհրաժեշտություն․                                                                    

դրանց ֆոնին առավել հստակ են ուրվագծվում քաղաքական գործիչները։ Այդպիսի էքսցեսային ֆոները հատկապես վերջին երկու տարում քողարկված ձևով նույնիսկ պահանջված են, քանզի հանրությունը միայն այդ կերպ է կարողանում ճանաչել, օրինակ, իր «ընտրած» Ազգային ժողովի մեծամասնականներին։ Ինչո՛ւ մեծամասնականներին, որովհետև նրանք ի սկզբանե ասպարեզ են կանչվել քաղաքական անհայտությունից և, ցավոք, նույն անհայտության մեջ էլ շարունակում են մնալ։

Նույնը չես ասի խորհրդարանական մյուս ուժերը ներկայացնող պատգամավորների մասին, որոնք գրեթե բոլորը ծանոթ դեմքեր են՝ անկախ իրենց ընդունելի կամ անընդունելի լինելու հանգամանքից։ Իսկ ահա ԱԺ 88 «իմքայլականից» հանրությունը հազիվ մի 8-ին է ճանաչում, հետևաբար մնացած 10/11-րդը ակամա սպասում է ահա այնպիսի էքսցեսների, ինչպիսին հունիսի 14-ի «լույս կիրակի» հայրենի ԱԱԾ-ի սարքածն էր Առինջ գյուղում, որպեսզի կարողանան ինչ-որ չափով երևակվել հանրային հիշողության մեջ։ 
Քաղաքական անհայտները (ավաղ՝ ոչ անհատները) բնականաբար չզլացան և փորձեցին երևակվել իրավիճակի ֆոնին։ 

Մինչ նրանցից ա մ ե ն ա  ա ն հ ա յ տ մեկի մասին խոսելը, փորձեմ բուն ասելիքիս գալ հանրությանը քաջածանոթ մեկ ուրիշի առնչվող մի պատմության կարճ հիշատակումով։ 
Ես չգիտեմ՝ Նաիրա Զոհրաբյանն իսկապե՞ս գրել է ԲՀԿ առաջնորդին «երդման» այն տեքստը, որը պտտվում է սոցցանցերում, և որն առգրավվել ու տեսանյութի ձևով «միամտաբար» տարածվել է ազգային անվտանգության ծառայության կողմից։ (Իսկ տարածվել է,  որպեսզի պատվիրատուի կողմից հեշտ և որևէ կասկած չհարուցող եղանակով օգտագործվի  դրա պարունակությունը՝ ստոպ-կադրի տարբերակով, ինչը և արել են Ազգային ժողովի «ընտրյալ» մեծամասնականները, զանազան պաշտոնյաներ և նույնիսկ մի «կին ատամնատեխնիկ»՝ սորոսական շրջանակներից՝ հերթով ներկայացնելով ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների երդմնագրերի լուսանկարները)։

Չգիտեմ նաև, թե Ն․ Զոհրաբյանին վերագրվող այդ տեքստում ինչո՛ւ է նրան  հարկավոր եղել երդվել իր միակ զավակի անունով․ ամբողջ այս երդմնատվական նաիվությունը բոլորովին նաիրա-նման չէ․ տիկին Զոհրաբյանը հազիվ թե այդքան անհամարժեք լիներ գրավոր տեքստի տրամաբանությանը։ Բայց եթե նույնիսկ հավատամ, որ տեքստի հեղինակը Ն․ Զոհրաբյանն է, և այն գրվել է 2017 կամ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, միևնույն է, չեմ կարող չարձանագրել, որ Զոհրաբյանն արդեն բազմիցս խախտել է իր գրավոր «պարտավորությունը»․ նա և՛ էմոցիոնալ ելույթներ է ունեցել, և՛ հարկ եղած դեպքում չի վարանել սրել իրավիճակը, ինչը խոստացվել էր «երդման» տեքստում։ Այնպես որ, տիկին Զոհրաբյանի «գրածը» նրա հետագա վարքով ու գործողություններով դարձել է առոչինչ։ Եվ այդ պարագայում նրա վարքագիծն առավել է հարգանքի արժանի, որովհետև նա փաստորեն կարողացել է ընդդիմանալ իր կուսակցական ղեկավարի կամքին (հանրահայտ «Նառա, դու սուս»-ը՝ վկա)։

ԱԱԾ-ի «առինջյան» գործողությանը ոգևորությամբ անդրադարձել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ կատարելապես անհայտ մի անուն, որի վերաբերյալ համացանցային իմ որոնումները պսակվեցին մի տեսանյութի գյուտով, որտեղ պատգամավորը ԱԺ ամբիոնից տնավարի փնովում էր․․․ Հրայր Թովմասյանին․ «Հարգելի գործընկերներ, ես այսօր չեմ խոսի Թովմասյան Հրայրի մասին։ Որովհետև ո՛ր մանկապարտեզի կողքով էլ անցնեք, որևէ երեխայի հարցնեք՝ ով է Թովմասյան Հրայրը, կասի՝ հաստատ չգիտեմ, բայց գիտեմ, որ վատ մարդ ա․․․»։ Ահա թե անմիտ ու անկապակից, ցածրակարգ ի՛նչ տեքստ կարող է արտաբերել պատգամավորը, որը, չնայած ինտելեկտուալ այս թշվառությանը, ուզում է դեռ․․․ հայտնի դառնալ։
 

Բայց վերադառնանք «առինջյան» դեպքերին։ Վերոհիշյալ տիկինը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Քանի որ տիկին Զոհրաբյանի էջը փակ է ոչ ընկերների համար, սենց գրեմ, կտեսնի վստահ եմ։ Տիկին Զոհրաբյան, հորդորելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանին 40 միլիարդ թաքցրած հարկը (և դա միայն մեկ դրվագով) վերադարձնել ՀՀ քաղաքացիներին»:

Եվ այսպես, մենք վկաներն ենք «իմքայլական» պատգամավորի զարմանալի կերպարանափոխության, երբ նա չի վարանում սովորական խորհրդարանականից մեկեն վերափոխվել-դառնալ․․․ դատախազ ու դատավոր։ 

Եվ սա համաիշխանական հիվանդություն է, նիկոլական բացիլ․ բոլորը, բացի իրենց մասնագիտությունից, նաև (նախ և առաջ) դատախազ են ու դատավոր։ Գուցե հենց այդ պատճառով է, որ բուն դատախազն ու դատավորը, «խռոված» իրենց մասնագիտության համատարած անեքսիայից, թարգել են մասնագիտություն ու պաշտոն, մոռացել մասնագիտական պատիվ ու արժանապատվություն՝ ո՛չ դատախազ են, ո՛չ դատավոր։ Իսկ վերոհիշյալ տիկինն ահա այնպիսի հուզիչ միամտությամբ է վստահել ԱԱԾ-ի հայտարարությանը, որ դատ ու դատաստան դեռ չեղած՝ սկսել է մեղադրել, ավելին՝ հորդորել Զոհրաբյանին, որ վերջինս էլ իր ղեկավարին հորդորի՝ «40 միլիարդ թաքցրած հարկը․․․ վերադարձնել ՀՀ քաղաքացիներին»։ Եվ զարմանալին միայն այն չէ, որ տիկինը վստահ է «40 միլիարդի» հաշվով, այլև այն, որ դա պետք է․․․ «վերադարձնե՜լ» ՀՀ քաղաքացիներին (վրայից, իհարկե, իշխանական պարգևավճարները հանած)։ ՀՀ քաղաքացին վերջին երկու տարում այսպիսի հարյուրավոր հեքիաթներ է լսել, բայց այդպես էլ որևէ «թալանած» վերադարձնելու ականատես չի եղել, ուր մնաց՝ «փայատեր» եղել, ուրեմն ինչո՞վ է վստահ պատգամավորը, որ ա՛յս անգամ կտեսնի։ Եվ ամբողջ այս մտածողական նաիվությունն ու իրավական անմեղսունակությունը ներկայացվում է ՀՀ քաղաքացիների անունից և ի սեր նրանց։
ՀՀ իշխանությունների պես՝ հորդորի ժանրն ակնհայտորեն սիրում է նաև սույն տիկինը, ուստի, հուսով եմ, մեծահոգաբար թույլ կտա՝ մի բան էլ ես հորդորեմ։ Հարգելի՛ տիկին Ք․ Պողոսյան, հորդորում եմ՝ հանգիստ նստեք ձեր տեղը և մեկընդմիշտ հիշեք, որ դա դատախազի կամ դատավորի տեղը չէ։ Իբրև ՀՀ քաղաքացի նաև հուշում եմ․ դատախազ-դատավորի ձեր ակտիվությամբ հազիվ թե կկարողանաք հայտնի դառնալ։ 
Իսկ եթե, այնուամենայնիվ, դառնաք էլ, հաստատ՝ ոչ ի նպաստ ձեզ։