Մաքուր պահեք հարթակը. նախկինները դասեր չե՞ն քաղել…

Մաքուր պահեք հարթակը. նախկինները դասեր չե՞ն քաղել…

 Երկրի համար այս օրհասական պահին, երբ Արցախից հետո կապիտուլացման վտանգի առաջ ՀՀ-ն է` երկրի վարչապետի անմիջական թողտվությամբ, հասարակության մտահոգ հատվածը, որին վարչապետը բնորոշում է որպես էլիտա, դուրս է գալիս փողոց եւ պահանջում նրա հրաժարականը: Հասարակության մեկ այլ հատված, որը նույնպես դժգոհ է Փաշինյանի գործունեությունց եւ երկրի այսօրվա վիճակից, նույնպես պահանջում է նրա հրաժարականը, բայց պասիվ կեցվածք է դրսեւորել: Այս մասը դուրս չի գալիս փողոց եւ չի միանում հրապարակում կանգնածներին, քայլերթեր իրականացնողներին: Դրա համար նրանք ունեն իրենց պատճառը. չեն ուզում կանգնել 17-ի,  կամ , ինչպես ասում են` նախկինների կողքին: Մարդիկ այն համոզմունքն ունեն, որ նախկինները օգտվում են ստեղծված իրավիճակից եւ ուզում են վերադառանլ իրենց «դիրքերին», պաշտոններին, որ նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում երկրի ապագան: Ինչ խոսք, հրապարակ դուրս եկածների մեջ կան եւ անկեղծորեն մտահոգված մարդիկ, եւ իշխանությունը վերականգնելու ձգտում ունեցողներ, աթոռակռիվ անողներ: Հենց դրա համար էլ հրապարակը վստահություն չի ներշնչում հասարակության զգալի մասին: Այնտեղ՝ առաջին շարքերում, մարդիկ տեսնում են նախկին մերժվածների կարկառուն դեմքերի, որոնց վերադարձը խիստ անցանակալի է հասարակության համար: Այնտեղ տեսնում են մերժված ու չսիրված իրենց մարզային օլիգարխին, ով երբեք էլ աչքի չի ընկել Արցախի հարցում իր մտահոգ պահվածքով, արցախյան առաջին պատերազմի տարիներին զբաղված է եղել գործարաններ սեփականաշնորհելով ու հարստանալով, հետո հարստահարել է իր «ֆեոդալական կալվածքում» ապրող շարքային քաղաքացիներին: Բայց հիմա դարձել է «մտահոգ»… Հասարակությունը չի ուզում նրա հետ միասին որեւէ քաղաքական ակցիա իրականացնել, որպեսզի առիթ չտա նրա իշխանության վերադառնալուն: Երբ փոքր քաղաքի բնակիչները տեսնում են բողոքի ակցիայի կազմակերպիչների ու ակտիվիստների մեջ իրենց քաղաքի երբեմնի «որոշիչ» ձայն ունեցող, ցուցարար ծեծող «զիբլիլի Գոռ» մականվամբ անգրագետ երիտասարադին, ով նորից սկսել է աշխուժանալ եւ քաղաքում իրեն սանձարձակ պահել, այդ բնակիչը չի գնում ու չի կանգնում «զիբիլիգոռ»-երի կողքին… Երբ հրապարակում օրվա ղեկավարի հրաժարականն է պահում երբեմնի տնտեսական մոնոպոլիստը, ով իր բիզնեսը զարգացնելու համար շատ փոքր բիզնեսներ է «կուլ տվել», հասարակությունն ուղղակի զզվում է հրապարակում հավաքվածներից , ու ստվերվում են այնտեղ անկեղծ մղումներով հավաքվածների մտահոգ ելույթները: Երբ հրապարակի հարթակ է բարձրանում հարբած մեկը եւ կեղտոտ բառապաշարով, ծամածռվելով խոսում հասարակության առաջ, իսկ նրանից մի քանի րոպե անց նույն հարթակում խոսում է ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ապա արժեզրկվում է նրա խոսքը…Հասարակությունը պետք է հարթակում տեսնի մաքուր մարդկանց, ովքեր եթե անգամ «նախկիններից» են, ապա կեղտոտ ձեռքերով չեն, թալանչու կերպար չեն մարմնավորում, կիսագողականներ չեն: Հակառակ դեպքում հրապարակը գնալով կդատարկվի իր բոլոր բացասական հետեւանքներով: Նախկինները պետք է լավ գիտակցնեն, որ եթե անգամ մի փոքր հնարավորություն ունենան վերադառնալու, ինչը չի ուզում հասարակության զգալի մասը, ապա պետք է վերադառնան մաքուր, անխոցելի դեմքերով: Էդուրադ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, որքան էլ որ քաղաքական հալածանքների են ենթարկվել հասարակության կողմից, իրանց անկեղծ ելույթներով, ինքնաքննադատական խոստովանություններով ավելի ընդունելի են, քան մարզային նախկին ինչ-որ չինովնիկ, ում մարդիկ հիշում են որպես պրոֆեսիոնալ կաշառակեր, ում իրենց ձեռով են կաշառք տվել: Նախկինները պետք է դասեր քաղած լինեն, որ նման կազմով այլեւս իրենք չեն կարող վերադաառնալ, իրենք հենց նման մարդկանց մեղքերով են մերժվել: Իրենք այլեւս չեն կարող լինել նախկինի նման, քանի որ Հայաստանն այլեւս նախկինը չէ, հասարակություննն այլեւս նախկինը չէ, եւ առհասարակ, մեր կյանքն այլեւս նախկինը չէ… Պետք է մաքուր պահել հրապարակի հարթակը, որ հասարակությունը չխուսափի համալրել վարչապետի հրաժարականը պահանջողների բանակը …