«Իմ քայլից» ես արդեն շատ վաղուց ոչ մի լավ բան չեմ սպասում․ Իրինա Հովհաննիսյան

2018 թվականին հիմնադրված «Քաղաքացու որոշում» կուսակցությունը նույնպես հայտ է ներկայացրել մասնակցելու հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Ներքին ու արտաքին քաղաքական թեմայով «Հրապարակը» զրուցել է կուսակցության գործադիր մարմնի անդամ, ցուցակի 3-րդ տեղում պատգամավորի թեկնածու Իրինա Հովհաննիսյանի հետ։
- Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք պատրաստվում նախընտրական քարոզարշավն իրականացնել։ Նախկինում «Քաղաքացու որոշումը» որպես խորհրդանիշ ընտրել էր մանդարինը, ի՞նչ նորության սպասել նաև ծրագրային գլխավոր կետերի առումով։
-Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ նախընտրական փուլը շատ կարճատև է լինելու, և այս անգամ մենք խնդիր ենք դրել քարոզարշավը տանել ավելի քաղաքական ճանապարհով՝ անձերի շուրջ քննարկումներ ծավալելու փոխարեն, խոսել Հայաստանի վերակառուցման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին։ Դա նշանակում է՝ նախընտրական պայքարին հաղորդել նոր բովանդակություն, դուրս չգալ կառուցողական քննարկումների տիրույթից և ընտրողների հետ լինել ազնիվ։ Մանդարինն ուներ միասնականանության սիմվոլիկա։ Եվ մնալով նույն գծի մեջ՝ այս անգամ մենք փորձելու ենք միասնականությունը խրախուսել առավելապես մեր թեզերով։ Քարոզչական գործիքների մասին թույլ տվեք դեռ չխոսել, բայց խոստանում եմ, որ հետաքրքիր կլինենք։
- Հասարակության շրջանում ներքին լարվածությունը վերացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է կատարվեն։
-Առաջին հերթին մենք պետք է կարողանանք կառավարել այն աղմուկը, որը մեզ բոլորիս չի թողնում իրականը զտել մանիպուլյացիաներից։ Քաղաքական դաշտի հնաբնակների՝ քաղաքացիների հույզերի հետ ըստ պատեհության խաղալը թուլացնում է լուրջ մարտահրավերներին դիմակայելու հանրության իմունիտետը, պառակտում և առաջացնում իռացիոնալ վարքագիծ։ Մենք պետք է սովորենք նեղ աձնային շահերը, որոնք մարդ-կուսակցությունների դեպքում դառնում են նաև կուսակցությունների շահերը, դնել երկրորդ, երրորդ պլան, որպեսզի առաջին պլանում լինի հանրային շահը։ Եվ երբ որ մենք կարողանանք զսպել մեր ամբիցիաները, մենք պետք է մասնակցային ձևավափով ձևակերպենք, թե որն է մեր հանրային շահը, և սկսենք կառուցել այդ ուղղությամբ գնալու ճանապարհային քարտեզ։ Այս գործընթացում ծայրահեղ կարևոր է մասնակցայնությունը, որովհետև դա ընդհանուր հայտարարի գալու, կրքերը հանդարտացնելու կարևորագույն, սակայն իհարկե ոչ միակ գործոնն է։ ՔՈ կուսակցության դերակատարումն այս ամենում տեսնում ենք խորհրդարանում զսպող ուժ դառնալով, որը կկանխի բախումները և առաջ կմղի հանրային շահերից բխող կոնսենսուսներ։ Հետևաբար մեր ուղերձն է «զրո քվե ճգնաժամին»։
- Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի, դելիմիտացիայի իրականացման համար ի՞նչ պայմաններ պետք է լինեն, և ի՞նչ կերպ է պետք իրականացնել։ Տեսնո՞ւմ եք ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությունն այս հարցում։ Իմքայլական իշխանությունների ներքո հնարավո՞ր է Հայաստանի համար օգտակար և անվտանգությունից բխող սահմանազատում իրականացնել։
- Որքան էլ Հայաստանում շատերը կցանկանան կամ չկարողանան ընդունել, որ Հայաստանը Անդրկավկասում ունի առանցքային դեր, իրականությունը այլ է։ Եվ Հայաստանի արտաքին հարաբերությունները դաշտում «խաղացող» բոլոր դերակատարների հետ պիտի լինի հավասարակշռված։ Հայաստանը պիտի կարողանա պաշտպանել պետության շահերը՝ միևնույն ժամանակ ունենալով խելամիտ առաջարկներ թե՛ հարևաններին, թե՛ միջազգային կառույցներին։ Դեմարկացիան և դելիմիտացիան այն անխուսափելի գործընթացներից են, որոնց գոյությանն այս կամ այն փուլում առընչվում են բոլոր պետությունները՝ առանց խտրականության։ Սակայն մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոն է, թե երբ է այդ գործընթացը իրականացվում, ովքեր են ներգրաված գործընթացում և ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններ են կարող ազդել վերջնական արդյունքի վրա։ Անկախ նրանից, թե Հայաստանում ով է հիմա կառավարող ուժը, կարծում եմ, որ Հայաստանի հանրությունը պրոցեսի վերաբերյալ արժանի է լինել ավելի տեղեկացված, քանի որ վստահության խնդիր կա։ Եվ հանրությունը պետք է հնարավորություն ունենա հասկանալու, թե ինչ է տեղի ունենում այն սահմանի վրա, որտեղ ապրել, ապրում է և պիտի դեռ ապրի։ Համոզված եմ Հայաստանին այս պահին ձեռնտու չէ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելը, որովհետև, բանակցային սեղանի շուրջ ադրբեջանական շանտաժին դիմագրավելու համար պետք է նախ մի փոքր ոտքի կանգնել։ Իսկ «Իմ քայլից» ես արդեն շատ վաղուց ոչ մի լավ բան չեմ սպասում։
- Արտաքին քաղաքականությունում ի՞նչ անելիքներ եք տեսնում։ Ո՞ր պետությունների հետ աշխատելու տեղ կա, և ինչպե՞ս է պետք աշխատել։
- Առաջիկա շրջափուլը պետք է լինի նոր իրավիճակում իրավունքների և պարտականությունների ճշգրտման փուլ, որտեղ անկեղծ և կառուցողական խոսակցությամբ պետք է ճշգրտել՝ մեր գործընկերներից յուրաքանչյուրը ինչ պատկերացում ունի փոխադարձ պարտավորությունների, փոխադարձ իրավունքների մասին, ճշգրտել կարմիր գծերը։ Աշխատելու տեղ կա բոլորի հետ։ Բայց հատկապես թերագնահատված ուղղություններ ենք համարում Արևելքի գերտերությունների, Արաբական և Աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների ուղղությունը։
Պետք է բոլորս հասկանանք, որ տեսանելի ապագայում Հայաստանի հարևանները մնալու են նույնը։ Այս պարագայում կարևոր է նշել, որ ցանկացած կոնֆլիկտ փուլեր ունի, և մենք հիմա գտնվում ենք կոնֆլիկտի գագաթնակետում։ Այս փուլում, հոգեբանորեն լարված վիճակում որոշ երկրների հետ հարաբերությունների կառուցման մասին խոսելը անիրատեսական է թվում։ Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ ամենալուրջ մարտահրավրներից մեկը լինելու է քաղաքական դաշտում խաղացողներին էմոցիոնալ դաշտից պրագմատիզմի դաշտ տեղափոխվելն ու օրուգիշեր պետության ռեաբիլիտացիայի ուղղությամբ ուժերը համախմբելով աշխատելը։ Երկրորդ կարևոր գործողությունը, որը խիստ էական է հատկապես արտաքին հարաբերությունները կառուցելիս, այն է, որ մենք պետք է կրկին մասնակցային ձևաչափով ձևակերպենք, թե ինչ է Հայաստանը կարող առաջարկել միջազգային հանրությանը։ Ներքին կայունացման գործընթացներին զուգահեռ մենք պետք է ստեղծենք այնպիսի քաղաքականություն, որպեսզի անկախ նրանից, թե երկիրը ունի, թե չունի Հայաստանի հետ սահմաններ, չկարողանա կամ չուզենա ներքաշվել կոնֆլիկտների էսկալացիայի մեջ, ինչպես դա փաստեցինք քառասունչոսօրյա պատերազմի ընթացքում։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ունի նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ռեաբիլիտացիայի հետ կապված պատկերացումներ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում կդարձնի գործընկերային և հանրային քննարկման առարկա։
- Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն ի՞նչ քայլերով է պետք իրականացնել՝ հաշվի առնելով նրանց ագրեսիվ պահվածքը, ադրբեջանական ուժերի՝ Հայաստանի տարածք ներխուժումը։
- Նախորդ հարցին պատասխանելով՝ փորձեցի պատասխանել նաև այս հարցին, քանի որ նշված երկրները միջազգային համայնքի անդամ են և ոչ մի տեղ չեն կորչելու քարտեզից։ Մենք պետք է հասկանանք, որ կառավարությունները փոխվում են, փոխվում են ամենուր և անկախ նրանից, թե որքանով են ավտորիտար։ Դրանց ագրեսիվ պահվածքը կապ ունի այն իրադարձությունների հետ, որի հետ նրանք ուղղակիորեն կամ պատմականորեն առընչվել են, ինչպես նաև կապ ունի նրա հետ, թե որքանով են թույլ կամ ամուր հարևան երկրների դիրքերը։ Որքան էլ հեշտ կամ հաճելի լինի դրսում մեղավորներին փնտրելը, մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ։ Ինչու՞ բանակցությունները տարվել են ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, այլ տարածքների պատկանելիության վերաբերյալ։ Իսկ գուցե արդյունքը բոլորովին ա՞յլ լիներ, եթե շեշտադրումներն էլ այլ լինեին։ Խոսվում է Հայաստանի սահմանների երկարության էական ավելացման մասին, սակայն Հայաստանի այն սահմանները, որոնք հետխորհրդային ժամանակվանից նույնն են, նույնպես բավարար հագեցած չեն ինժեներական կառույցներով։ Կրկին ուզում եմ շեշտադրել, թե որքանով է կարևոր պետության դիրքավորումը ուժեղի դիրքում և այն, որ այդ դիրքավորումը պիտի լինի ոչ միայն խոսքերի մակարդակով։ Ուժեղ Հայաստանի դեպքում, հավատացնում եմ, դուք ինքներդ կզարմանաք, թե ինչ արագ են նրանք, ովքեր հիմա ագրեսիվ են, դառնում փափուկ։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցություններին ինչպե՞ս է հնարավոր վերադառնալ։ Ինչպե՞ս է պետք աշխատել արտաքին դերակատարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի՞նչ ազդակներ եք տեսնում Թուրքիայից և Ադրբեջանից։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը իրականացվում և շարունակվելու է իրականացվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Դա միակ լեգիտիմ ձևաչափն է, մինչդեռ հակամարտող կողմերը և այլ կարևոր դերակատարներ չեն համաձայնել այլ ձևաչափի շուրջ։ Դատելով հարևան երկրի ղեկավարի հռետորաբանությունից և Թուրքիայի անվերապահ աջակցությունից, որին ականատես ենք եղել պատերազմի օրերին, ինչպես նաև Հայաստանի տարածքների հանդեպ հարևանների ախորժակներից, խաղաղ կարգավորման մասին դեռ վաղ է խոսել։ Խաղաղության մասին խոսելուց առաջ դեռ մենք խաղաղվելու կարիք ունենք։ Նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով մոտակա հնարավոր չնչին դրական տեղաշարժ ինձ համար տեսանելի չէ, իսկ էականի մասին նույնիսկ չեմ խոսում։ Յուրաքանչյուր օր բան է փոխվում, այն ինչ կասեի երեկ, այսօր արդեն ակտուալ չէ՝ հաշվի առնելով, որ սահմանին խաղաղ չէ։ Այնուամենայնիվ, օրակարգը հստակ է՝ ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիա, Ադրբեջանից դուրս կարգավիճակի ճանաչում, երկարատև խաղաղություն:
Կարծիքներ