Բոլշեւիկյան հեղափոխություն՝ 100 տարի անց

Բոլշեւիկյան հեղափոխություն՝ 100 տարի անց

«Կառավարության կառուցվածքային փոփոխություններ» կոչվող տխրահռչակ գործողությունը մոտենում է տրամաբանական ավարտին: Երկրի առաջնային շահը, որ այնքան տարփողում էին, չի երեւում, աշխատավարձերի բարձրացումը, որի մասին այնքան խոսում էին, չկա, աշխատանքների էֆեկտիվությունը, որի բարձրացումը գերնպատակ էր հռչակվել, նվազել է, պետական աշխատատեղերը կրճատվել են, մասնագետների առանց այն էլ սուր կարիքն ավելի է սրվել, մեծացել է մասնագետների եւ ուղեղների արտագաղթի վտանգը, իսկ դրան հակառակ՝ կառավարման օղակները ներբեռնվել են կատարյալ խաժամուժ հիշեցնող խմբերով, որոնց մասին խոսելիս մեղք է անգամ «կադրային բազա» արտահայտությունն օգտագործելը: Փաշինյանը մի առիթով ասել է՝ Հայաստանում պետական կառավարման համակարգ չկար, կար միայն կոռումպացված համակարգ: Թույլ տվեք չհամաձայնել, որովհետեւ այն, ինչ կա հիմա, ոչ ավել, ոչ պակաս՝ ԽԾԲ-ական կոռուպցիոն տնաքանդություն է, իսկ անվերջանալի հաշվեհարդարները նախկինների նկատմամբ, մեղմ ասած՝ շանտղություն, որով փորձ է արվում հանրության աչքից թաքցնել գործող կառավարության աննկարագրելի անճարակությունը:

Փաշինյանը, վստահաբար, տեղյակ չէ, թե ինչպիսի աղետների են հասցրել իր որոշ հայտարարություններ, որոնք ժամերի ընթացքում դարձել են «ծրագիր» եւ անուղեղ պաշտոնյաների ձեռքով գործադրվել կյանքում: Փաշինյանը չի վերահսկել եւ չի էլ հետաքրքրվել, թե ինչ հետեւանքներ են ունեցել, օրինակ, մի քանի նախարարությունների զուտ քանակական կրճատումը, դատավորների անփառունակ վեթթինգը, օլիգարխներին ասֆալտին փռելու սպառնալիքը, Սահմանադրական դատարանը գրոհով վերցնելու՝ էն գլխից ձախողված մանկամտությունը եւ այլն: Փաշինյանի համար առաջնայինը տեսարաններն են: Հետեւանքների վրա թքած ունի: Կամիկաձե, եթե կուզեք՝ մահապարտ ահաբեկիչ. սա է հետեւանքների մասին չմտածողի առանցքային նկարագիրը: 

Վարչապետ մարդը, իմ կարծիքով, պետք է նախ՝ երկրի նախկին նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք չներկայացներ, եւ ապա՝ չփորձեր պնդել այդ ապուշությունն ու ի վերջո հայտնվեր անելանելի վիճակի մեջ: Արդյոք Փաշինյանի անելանելի վիճակից չէի՞ն բխում դատարանների վրա գրոհը, ՍԴ-ն սեփականաշնորհելու նախաձեռնությունը, միանգամայն անկախ որոշում կայացրած դատավորի հետապնդումները:
Լենինն ասում էր, որ հեղափոխությունը չի կարող լինել առանց բռնությունների ու բռնության գործիքների: Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի այդ թեզն այսօր գործելաոճ է դարձել Փաշինյանի համար, որն էյֆորիայի ալիքի վրա իր ճանապարհից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով կարող էին կապ ունենալ նախկին իշխանությունների հետ: Լենինն արգելեց բոլշեւիկներից բացի բոլոր մյուս քաղաքական կուսակցությունները, նրանց ղեկավարներին հռչակեց հակահեղափոխական եւ օտարերկրյա գործակալներ, կոչ արեց անխնա պայքար սկսել, ընդհուպ՝ «կարմիր տեռոր»: Արդյոք, նույնը տեղի չունեցա՞վ Հայաստանում, լենինյան «կարմիր տեռորից» 100 տարի անց՝ 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ Փաշինյանի «հեղափոխական զորքերը» մտան ԱԺ:
Պակաս չէին նաեւ տնտեսական ավերները, որոնք կարող էին եւ չլինել, եթե համընդհանուր էյֆորիայի ալիքի վրա իշխանությունը ձեռնամուխ չլիներ բիզնեսն իրեն ենթարկելու երազանքների իրագործմանը: «Իզմ»-եր չընդունող Փաշինյանի պոպուլիզմը պարարտ հող էր ստեղծել յուրայինների շրջանում հոռի բարքերի կայծակնային տարածման եւ «հեղափոխության» միակ շարժիչ ուժին ու շահառուին՝ ժողովրդին, հեղափոխության բարիքներից զրկելու համար: Վախ, վախ, վախ, ներդրումներ չեն գալիս: Իսկ, ինչ է, ներդրումը թռչո՞ւն է, որ գա ու նստի մեր բարդիների վրա, թե՞ ներդրողները պարտավոր են հավատալ Փաշինյանի՝ «հորս արեւ, լավ կլինի» խոստումներին: Չկա նման բան: Ներդրողներին երկաթյա երաշխիքներ են պետք՝ հստակ օրենսդրություն եւ օրինականություն: Հայաստանում չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Հայաստանում օրենքը Նիկոլն է, եւ դա, ի տարբերություն մեր կառավարիչների, շատ լավ են տեսնում ներդրողները:

Մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ արցախյան խնդրի կարգավորման եւ արտաքին քաղաքականության ոլորտում ստեղծված հեղհեղուկ վիճակը չի կարող երկար տեւել: Մեր աշխարհաքաղաքական դիրքը մեզ իրավունք չի տալիս վերածվելու «լյումպեն» պետության եւ քարշ գալու մյուսների հետեւից: Չենք հասցնի աչքներս էլ թարթել եւ կկորցնենք ամեն ինչ՝ անկախությունից սկսած ու ազգային արժեքներով վերջացրած: Վաղուց ժամանակն է, որ քաղաքական ուժերն արթնանան ու սկսեն ժողովրդի վերակազմակերպման դժվարին ու անվերջանալի գործը: Մեզ նոր ապակայունացումներ ու դրամատիկ իրադարձություններ պետք չեն: Դեռ ուշ չէ:

ՀԳ. Ես չեմ կարող բաց նամակներ հղել Նիկոլ Փաշինյանին, ինչպես դա անում է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Դա իմ ոճը չէ: Ոչ էլ Աշոտյանի ու Շարմազանովի նման կարող եմ ողջունել ՀՀ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու մտադրությունը, թե ինչ է՝ դրա արդյունքում ժողովուրդը կհասկանա, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Շանտաժն էլ չեմ ընդունում: Բայց իմանալով Փաշինյանի բռնկուն բնավորության մասին՝ ես նրան զգուշությամբ կոչ կանեի՝ կազմակերպել գործող կառավարության հրաժարականը եւ նշանակել ԱԺ նոր ընտրություններ: Սա, իմ համոզմամբ, պատվով, այսինքն՝ ոչ բռնի, թավշյա ձեւով հեռանալու լավ ճանապարհ է: 
Էդիկ Անդրեասյան