Նորից եկել կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ ոչինչ հայտնի չէ

Նորից եկել կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ ոչինչ հայտնի չէ

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի այս համարի հերոսը բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։

Հասարակության հոգեվոր պահանջները բավարարում է հեռուստատեսությունը

Ժամանակին, երբ Տերյանն ու մյուս մեծերը խոսում էին հոգեւոր Հայաստանի մասին, այդ ժամանակ հոգեւորն իսկապես կարեւոր էր՝ որպես հոգու սնունդ։ Իրենք ունեին դրա պահանջը։ Այսօր բոլոր հոգեւոր խնդիրներին փոխարինել է հեռուստացույցը, ինչն աղետ է, ու գնալով այդ հոգեւոր պահանջների որակն իջնում է։ Վերջերս նայեցի հերթական զավեշտական հաղորդումը, եւ այն, ինչ կատարվում էր ոչ թե բեմում, այլ ժողովրդի հետ, ինձ ուղղակի սարսափեցրեց՝ մարդիկ կոտորվում էին ծիծաղից, իսկ ես ուզում էի հասկանալ, թե ինչի վրա են ծիծաղում։ Այսօր հեռուստատեսությունը «դաստիարակում» է, ծիծաղեցնում է, թելադրում որակ ու ճաշակ, ինչը միշտ չէ, որ բարձրի վրա է։ Այս պայմաններում ես դժվարանում եմ հոգեւոր պահանջներից խոսել, որովհետեւ այդ պահանջը շատ փոքր չափերի մեջ է բավարարվում։ Ինձ հետաքրքիր է՝ այդ դերասանները, որ նկարվում են նման հաղորդումներում, սերիալներում, իրենց երբեւէ հարց չե՞ն տալիս, թե ինչով են զբաղված։ Ստացվում է, որ այսօր հասարակության հոգեւոր պահանջները բավարարում է հեռուստատեսությունը, իսկ պետությունը ոչ թե ցանկություն, այլ չի էլ կարող միջամտել դրան։ Իսկ երբ դու սկսում ես հիասթափություն զգալ, երբ սկսում ես սեփական ուժերիդ տկարությունը գիտակցել, որ ի զորու չես որեւէ բան փոխել, հիասթափվում ես, որը սարսափելի զգացողություն է, ծնվում է միայն մեկ ցանկություն՝ ոչինչ չանել։ Ինձ նման անհանգիստ մարդիկ փորձում են ինչ-որ բաներ անել, բայց հասկանում ես, որ լծակները քո ձեռքում չեն։ 88-ին, երբ Ազատության հրապարակում բոլորս հավատում էինք, որ մեր պայքարն արդար է, դրանից հետո արդեն 30 տարի անցավ, ու մենք նորից եկել կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ ոչինչ հայտնի չէ։

Ինչո՞ւ պետք է օտարը գա եվ գումար ներդնի մեր տնտեսության մեջ

Հեղափոխության մասին խոսելիս պետք է նախ ճշտել, թե ինչն ենք համարում հեղափոխություն, այն, որ հները գնացին, նորե՞րը եկան, որովհետեւ 3+3՝ միեւնույն է, հավասար է 6-ի, եթե կարմիր 3-ը գումարենք կապույտ 3-ին, էլի 6 է, թվերի գույները, չափերը փոխելուց դրանց էությունը չի փոխվում։ Երբ մարդուն նշանակում են որեւէ պաշտոնի, նախեւառաջ պետք է սկսի իր ծրագիրը ներկայացնելուց, բայց ո՞րն է այդ ծրագիրը, մենք ո՞ր ծրագրով ենք զարգանում, ո՞ր ճանապարհով ենք գնում, չէ՞ որ երկրի մասին է խոսքը։ Ես միշտ դեմ եմ եղել այդ «ողորմություն» ներդրումների գաղափարին, ես պետք է գամ ներդնեմ գումար մի երկրի մեջ, որը հետո այդ գումարը ոչ միայն ինձ է վերադարձնելու, այլեւ հարստանալու է։ Իսկ ինչո՞ւ պետք է օտարը գա եւ գումար ներդնի մեր տնտեսության մեջ, գուցե մենք այդ պարգեւատրումների, «Լիդիանին» 400 հազար դոլարանոց փորձաքննություն պատվիրելու փոխարեն սկսենք ինքներս ներդնել եւ երկիր կառուցել։

Պետության խնդիրն է՝ արժեքավոր գործը դարձնել աշխարհի ունեցվածքը

Եթե խոսենք մշակութային քաղաքականությունից, ապա պետք է նշեմ, որ ստեղծագործողը ստեղծագործում է, լավ ռեժիսորը՝ նկարում, բեմադրում, նկարիչը՝ նկարում․ ես որեւէ քաղաքականություն կամ ծրագիր՝ այս ամենին միտված, չեմ տեսել։ Եթե անհատն անում է՝ անում է, չէ՝ չէ․ դա է։ «Չկա»-ով ոչինչ չես կառուցի, կոմպոզիտոր չես, որ նստես ու դաշնամուրի մոտ ստեղծագործես, դու անընդհատ այդ կոմպոզիտորի, երաժշտի, դերասանների, հեղինակի հետ շփման, ստեղծագործական պրոցեսի մեջ ես։

Փոփոխություն ես կոնկրետ ինձ վրա չեմ զգում․ ինչպես որ 3 տարի առաջ չէի աշխատում, այնպես էլ հիմա չեմ աշխատում որեւէ թատրոնում։ Սերիալներում չեմ նկարահանվում, ունեմ մի հաղորդում ԱՐ հեռուստաընկերությունում՝ «Պարզ ճշմարտություններ», որը հաճույքով վարում եմ։ Սա է։ Կինոն դարձել է պրոդյուսերական արտադրանք, ասում են՝ այս դերասանը սիրված է, նրան նկարահանեք, կապ չունի՝ տարիքը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, իր դե՞րն է, թե՞ ոչ։ Ու ստացվում է, որ կան ընդամենը մի խումբ սիրված դերասաններ, մնացածը սպասում են։

Մշակույթը պետք չէ ղեկավարել, նա դրա կարիքը չունի, արվեստագետը եթե իրոք արվեստագետ է, ստեղծում է իր գործերը առանց պետության միջամտության։ Պետության խնդիրն է՝ արժեքավոր գործը դարձնել աշխարհի ունեցվածքը, լավ ներկայացում է՝ տարեք փառատոներում ցույց տվեք, լավ նկարիչ է՝ կազմակերպեք նրա ցուցահանդեսը, լավ վեպ է գրվել՝ թարգմանեք, այսինքն՝ արվեստը հանեք միջազգային ասպարեզ։ Ստեղծագործող մարդը ստեղծագործում է առանց գումարի, հրահանգների, պետական որոշումների, բայց նա պետք է իմանա, որ պետությունը մեջքին կանգնած է, իրեն պետք չէ, որ նախարարը կանչի ու ասի՝ գրում ես 15 րոպեանոց սոնատ, 50 րոպեանոց սիմֆոնիա ու 3 ժամանոց օպերա։ Վերջերս մի ծիծաղելի բան իմացա․ եթե ֆիլմ ես նկարել, եւ պետությունը հետդ պայմանագիր է կնքել 120 րոպեանոց ֆիլմի համար, Աստված չանի, եթե ֆիլմը դարձավ 117 րոպե, այդ 3 րոպե տարբերությունը վտանգավոր է եւ հղի կոռուպցիայով, ուրեմն այդ 3 րոպեի գումարը դրել ես գրպանդ, իսկ դա նշանակում է՝ կինողեկավարներն անտեղյակ են, թե կինոն ոնց է ստեղծվում, ինչ է նշանակում մոնտաժ։

Ինչպե՞ս կարելի է մտավորականներին բաժանել նախկինների ու ներկաների

Մշակույթը դեռ Սովետի ժամանակից չէր կարեւորվում, ես միշտ կարդում էի համագումարների զեկուցումները, որտեղ տակը մի տողով գրվում էր՝ վերջում անդրադարձանք նաեւ գիտության եւ մշակույթի հարցերին։ Բայց այն ժամանակ մարդն էր կարեւոր, եւ եթե նրա արած գործը տաղանդավոր էր, արժեւորվում էր, ու այդ ժամանակ գիտեիր՝ դա արժեքավոր է։ Հիմա կարող է այնպիսի մի բան արժեւորվի, որ գնաս նայես ու ասես՝ սա՞ է արժանացել մրցանակի։ Երբ տեսնում ես, թե ինչն է արժեւորվում, գնահատվում, սկսում ես հասկանալ, որ քեռի, բաջանաղ, զոքանչ, քենի հարաբերությունները գնալով հզորանում են, ոչ թե պակասում։

Մտավորականը պետք է հենվի ազնվության վրա, այլապես իր ստեղծածն էլ ազնիվ չի լինի։ Եթե նա ստեղծագործում է պատվերով՝ սրան նրան դուր գալու համար, ուրեմն ստեղծագործողի կոչումից պետք է հեռու մնա։ Եթե աշխատում ես կոչումներ ստանալու, իշխանության կողմից սիրելի լինելու եւ ոչ թե արվեստ ստեղծելու համար, ուրեմն ստեղծագործող չես։

Ինձ համար անհասկանալի է նաեւ, թե ինչպես կարելի է մտավորականներին բաժանել նախկինների ու ներկաների։ Հայրս ու մայրս ինձ ունեցել են 67 տարի առաջ, նույն հաջողությամբ ինձ կարելի է անվանել սովետական մարդ, լեւոնական մարդ, քոչարյանական մարդ, սերժական մարդ, որովհետեւ բոլորի օրոք ես ապրել, ստեղծագործել եմ, բայց ոչ մեկինը չեմ դարձել։ Բոլորին անձամբ ճանաչել եմ, բայց դա առիթ չի եղել ինչ-որ բան խնդրելու, տունս կամ մեքենաս փոխելու։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ էլ ծանոթ եմ շատ վաղուց, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։
 
«Լրաբերի» սպասող ժողովուրդ

Մենք ազգովի դարձել ենք «Լրաբերի» սպասող ժողովուրդ՝ ում են բռնել, ում են կաշառել, ում հաշիվների վրա են կալանք դրել, ով է սնանկացել կամ հարստացել․ մի բան, որն ինձ բացարձակապես հետաքրքիր չէ։ Եթե ԱԱԾ-ն իր աշխատանքը կատարում է, ի՞նչ պարտադիր է, որ ես այդ ամենին տեղյակ լինեմ։ Նիկոլական ես՝ քո ցավը տանեմ, նիկոլական չես՝ կհայհոյեն, բայց այդպես ո՞նց կլինի, մարդն իրավունք չունի իր կարծիքն ունենալ, ես չեմ ուզում որեւէ գույնի լինել, ես վիգենական եմ կամ հայաստանական, ինձ համար վերին արժեքը իմ երկիրն է, եւ իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ սխալներ, մեր երկրին ոչ հարիր մթնոլորտ, իրավիճակ, քայլեր։

Մեր հասարակությունը հիմա լուրջ արվեստին, ստեղծագործական մթնոլորտին ոչ թե պատրաստ չէ, այլ կարծես այդ ամենը նույնիսկ մոռացվել է։ Մեկ-մեկ Ֆեյսբուքում մեկնաբանություններ եմ կարդում եւ ապշում եմ կանանց հայհոյանքներից։ Դա էլ է մշակույթ, որը նաեւ մթնոլորտ է ձեւավորում։