ՀՀ կառավարությանը քաջալերում ենք՝ խորհրդակցել Հայաստանի աշխույժ քաղաքացիական սեկտորի հետ

ՀՀ կառավարությանը քաջալերում ենք՝ խորհրդակցել Հայաստանի աշխույժ քաղաքացիական սեկտորի հետ

Քանի որ համավարակը թույլ չի տալիս կենդանի հանդիպումներ ունենալ եւ հարցազրույց վարել, դիմեցի ԱՄՆ դեսպանատուն` դեսպան Լին Թրեյսիից գրավոր հարցազրույցի խնդրանքով: Հարցերն ուղարկեցի եւ անցյալ շաբաթվա վերջում` ուրբաթ օրը, ստացա պատասխանները: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե որեւէ դեսպան երբեւէ կնստի եւ անձամբ հարցազրույցի պատասխաններ կշարադրի, երբ դեսպանատներում դրա համար տասնյակ աշխատակիցներ կան: Արդյունքում գրավոր հարցազրույցը օբյեկտիվորեն քիչ ընդհանրություն է ունենում բանավոր հարցազրույցների հետ եւ նմանվում է ավելի շատ հարցերին ի պատասխան տրվող դեսպանատան հայտարարություններին: Այնպես որ, արժանին մատուցենք ԱՄՆ դեսպանատան անկեղծությանն ու ճկունությանը, որ գրել էին, թե «պատասխանները կարող եմ վերագրել Երեւանում ԱՄՆ դեսպանատանը»: Վերջնահաշվում այդպես էլ ստացվեց՝ ԱՄՆ դեսպանատան պատասխանները մեր հարցերին: 

- Դեսպան Միլսը 2018-ի ամռանը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտին տված հարցազրույցում՝ «Կարո՞ղ է Փաշինյանը Մանդելա դառնալ» հարցին տվել էր փայլուն պատասխան, որը չեմ մոռանում: Ասել էր․ «Ժամանակը ցույց կտա` Փաշինյանը Մանդելա՞ կդառնա, թե՞ Մուգաբի»: Մոտ 2 տարի է անցել, խնդրում եմ Ձեր գնահատականը` որքա՞ն հեռու կամ մոտ է կանգնած Փաշինյանը Մանդելային կամ Մուգաբիին: 

- Դեսպանատունը քաջալերված է Հայաստանում վերջին 2 տարիների առաջընթացի դրսեւորումներից տարբեր ոլորտներում, ներառյալ` ընտրությունների բարեփոխման, աշխատանքային ռեֆորմի, ոստիկանական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլն: Մենք հպարտ ենք, որ աջակցել ենք կառավարությանը այս բարեփոխումներից շատերն առաջ տանելու հարցում: Մենք նաեւ գոհ ենք, որ Հայաստանի էական ժողովրդավարական աճը ճանաչման է արժանացել V-dem նախագծի 2020 Ազատական ժողովրդավարության ցուցիչում (V-dem Project 2020 Liberal democracy index), որտեղ Հայաստանը գրանցել է երկրորդ ամենամեծ աճն աշխարհում: Freedom House-ի Անցումային երկրներ 2020 զեկույցում (2020 Nations in Trnasit Report) Հայաստանը հասել է ամենամեծ բարելավմանը 2 տարվա ընթացքում, որպիսին որեւէ երկիր ունեցել է այդ զեկույցի պատմության մեջ: 

- Որքան ես հիշում եմ՝ 2018-ին օխլոկրատիկ եղանակով իշխանության գալուց առայսօր ԱՄՆ-ն երբեւէ չի ողջունել Փաշինյանին որեւէ համարժեք մակարդակում․ ո՛չ նախագահը, ո՛չ փոխնախագահը, ո՛չ պետքարտուղարը նրան առանձնակի ուշադրության չեն արժանացրել, նրա հետ չեն հանդիպել, գեթ բառ չեն փոխանակել: Որքանո՞վ է անդրադառնում Փաշինյանին այս ակներեւաբար չընդունելը, չասենք` անտեսելը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա, եւ իրավիճակի բարելավման ի՞նչ սպասումներ կան: 

- Հայաստանին մեր աջակցությունը դրսեւորվում է բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` ժողովրդավարական հաստատությունների կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ներառական տնտեսական զարգացման խթանումը եւ միջազգային անվտանգության ապահովումն ու տարածաշրջանային հակամարտությունների հանգուցալուծումը: Մենք նաեւ հետեւողականորեն աշխատում ենք ամրապնդել ԱՄՆ-Հայաստան կապերը` խարսխված արժեքների վրա, որ երկուստեք կիսում ենք: 
2019-ի մայիսին ԱՄՆ-ն եւ Հայաստանը երկկողմ հարաբերությունների ամրապնդման նոր ռազմավարական երկխոսություն ձեռնարկեցին: Անցյալ տարի մենք բարձրաստիճան պատվիրակություն հյուրընկալեցինք՝ նոր ռազմավարական երկխոսության ձեւաչափի հանդիսավոր բացման նիստի առիթով: Այդ ժամանակից մենք ցուցաբերվող երկկողմ աջակցությունը մեծացրել ենք 45%-ով, ինչպես նաեւ ընդլայնել ենք մեր համագործակցությունն ասպարեզներում, որոնք նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի ամրապնդման, առեւտրի խթանման ու տնտեսական աճի հանգուցային բարեփոխումներին: Մենք ունենք ամուր գործընկերություն եւ միանգամայն լավատես ենք ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ընթացքի առնչությամբ: 

- Ներկա ահագնացող խառնաշփոթի մեջ, երբ Փաշինյանը հարձակվում է իր քաղաքական ընդդիմախոսների վրա ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ դրանից դուրս, կիրառելով բանավոր վիրավորանքից մինչեւ առցանց ոտնձգություն ու քրեական հետապնդում, ըստ Ձեզ՝ նման բռնապետական հավակնությունների ծավալումը միջազգային հանրությունը մինչեւ որտե՞ղ կարող է հանդուրժել: Եթե այս միտումը հասնի ժողովրդավարության, օրենքի գերակայության, Հայաստանի միջազգային պարտավորությունների ոտնահարման, ապա Փաշինյանն ի՞նչ հակադարձման կարող է արժանանալ միջազգային հարթությունում: 

- Դեսպանատունը Հայաստանի ներկա քաղաքական մթնոլորտն այսկերպ չի բնութագրում, հետեւաբար, այս հարցի առնչությամբ հետագա մեկնաբանություն չունի: 

- Վստահ եմ՝ Դուք տեղյակ եք եւ հետեւում եք արդեն 1 տարի ձգվող խորը դիմակայությանը Փաշինյանի եւ ՀՀ ՍԴ-ի միջեւ: Փաշինյանը փորձում է վերահսկողություն հաստատել Հայաստանի դատական իշխանության նկատմամբ, ինչը կարող է լիովին խաթարել իշխանության ճյուղերի հավասարակշռությունը երկրում: Խնդրում եմ Ձեր գնահատականը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին եւ այն հանգուցալուծելու գործում միջազգային ներգրավման հնարավորությանը՝ ի դեմս ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլն:

- Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին` համապատասխանելու հայաստանցիների սպասումներին, որոնք կոչ են արել վերջ դնել կոռուպցիային, ունենալ թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության վրա հիմնված արդարադատության ոլորտ եւ նվիրվածություն մարդու իրավունքներին: Հայաստանցիները հստակեցրել են, որ աջակցում են այս սկզբունքների իրագործմանն ուղղված բարեփոխումներին եւ վստահելի դատական համակարգի կայացմանը: Մենք կառավարությանը քաջալերում ենք՝ այդ նպատակներին հետամուտ լինել Հայաստանի Սահմանադրությանը համահունչ կերպով, նաեւ խորհրդակցել Հայաստանի աշխույժ քաղաքացիական սեկտորի հետ: 
Միացյալ Նահանգները մնում են հաստատապես հավատարիմ օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հզորացման ջանքերին եւ կշարունակեն աշխատել մեր հայաստանցի գործընկերների հետ թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ հաստատությունների կայացում ապահովելու ուղղությամբ: 

- Վերջին հարցը․ 2016-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Պետդեպարտամենտի FPC-ի հրավերով ես ԱՄՆ-ում էի: Հաստատությունը, որ ինձ վրա ամենից մեծ տպավորությունը գործեց ԱՄՆ-ում, եւ որի մասին գրեցի վերադառնալուց հետո, Ձեր ընտրությունների քվեարկության համակարգն էր` իր առցանց եւ փոստային քվեարկության խելացի մեխանիզմներով: Հնարավոր չէ՞ արդյոք USAID-ի կամ ԱՄՆ օգնության որեւէ խողովակով այդ առցանց եւ փոստային քվեարկության մեխանիզմները ներկայացնել համապատասխան հայաստանյան մարմիններին` ԿԸՀ, ԱԺ եւ այլն, որպեսզի դրանք ուսումնասիրվեն, տեղայնացվեն եւ ներդրվեն Հայաստանում: Ես երկյուղում եմ, որ Փաշինյանն այնպիսի խառնակություն է ստեղծել երկրում` COVID-19-ի դեմ պայքարի տապալումից մինչեւ մնացյալ հարցեր, որ իր վաղ, թե ուշ հեռացումն իշխանությունից կարող է դառնալ անխուսափելի, մինչդեռ սովորական քվեատուփով ընտրությունները վտանգված են հավաքների համար COVID-19-ի ներկայացրած սպառնալիքների պատճառով:

- Մենք կշարունակենք սատարել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրական գործընթացներին Հայաստանում: USAID-ն IFES-ի միջոցով (International Foundation for Electoral Systems, Միջազգային ընտրական համակարգերի հիմնադրամ) շարունակում է աջակցել Հայաստանի ջանքերին` իր ընտրական համակարգը բարեփոխելու եւ ընտրական հաստատությունները հզորացնելու ուղղությամբ: USAID-ն նաեւ համագործակցում է ԿԸՀ-ի հետ հաշմանդամություն, անկարողություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացն ավելի մատչելի դարձնելու նպատակով: 

ՀԳ. Ընթերցողի համար պարզաբանենք․ Նելսոն Մանդելա - Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի դեմ պայքարի առաջնորդ, ով ապարտեիդի ավարտից հետո ընտրվել է ՀԱՀ նախագահ եւ պաշտոնավարել 1994-99թթ․: 

Ռոբերտ Մուգաբի- 1960-70-ականներին Աֆրիկայում գաղութատիրության դեմ պայքարի առաջամարտիկ, ով Զիմբաբվեում 1980-ից ստանձնել է իշխանությունը եւ հետզհետե դարձել երկրագնդի ամենավայրագ բռնապետերից մեկը։ Իշխանությունից հեռացվել է 2017-ին: 

V-dem Project – 2009-ին Շվեդիայի Գոթենբուրգի համալսարանում հիմնադրված հետազոտական նախաձեռնություն է, որ առաջին դրամաշնորհը ստացել է Շվեդիայի կառավարությունից 2010-ին: Ներկայում ֆինանսավորում է ի թիվս այլոց Ջորջ Սորոսի OSF-ի` Բաց հասարակության հիմնադրամի կողմից:

Nations in Transition – Freedom House միջազգային ոչ-կառավարաակն կազմակերպության շուրջ տաս տարի առաջ հիմնված նախաձեռնություն է, որ 2009-ից ի վեր զեկույցներ է հրապարակում Արեւելյան Եվրոպայում եւ Եվրասիայում գտնվող 29 ետ-կոմունիստական երկրների մասին` նախկին Հարավսլավիայից մինչեւ Տաջիկստան, Ուզբեկստան։