Անգամ փակ ճանապարհի պայմաններում արցախցիներին ստիպում են վարկերը մարել

Անգամ փակ ճանապարհի պայմաններում արցախցիներին ստիպում են վարկերը մարել

Երկու տարի առաջ Արցախի կառավարությունը հայտարարեց, որ ծրագրեր է մշակում հետպատերազմյան շրջանում քաղաքացիների վարկերի եւ փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցման համար: Նախատեսվում էր, որ պետությունը փոխհատուցելու է մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը Արցախում փաստացի բնակվողների ստացած հիպոթեքային, բիզնես եւ սպառողական վարկերն ու փոխառությունները, նաեւ՝ տեղահանված արցախցիների վարկերը: Իսկ հունվարի վերջին նոր որոշում ընդունվեց: Արցախի կառավարության ստեղծած ներդրումային հիմնադրամը, որը զբաղվում է բանկերի տված վարկերի փոխհատուցմամբ, հայտարարեց, որ  Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` որոշում է կայացվել հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների եւ տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից, բացառությամբ 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաեւ 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունները: Սակայն արցախյան իրականությունը տարբերվում է կառավարական փաստաթղթերում նկարագրվածից: Արցախի բնակիչներն այսօր էլ բողոքում են, որ իրենցից գումարներ են գանձում: Հատկապես դժգոհ են պետական ծառայողները, ովքեր աշխատավարձը ստանում են բանկային քարտերի միջոցով: Վարկի ամենամսյա գումարը նրանց քարտերից պահվում է ավտոմատ ձեւով: Սա էապես կրճատում է արցախցիների բյուջեն, հատկապես՝ շրջափակման այս օրերին, երբ մարդիկ կիսաքաղցած են եւ ամբողջ աշխատավարձը ծախսում են սննդի վրա: 

Գործարարների, իրավաբանական անձանց վիճակն ավելի բարվոք չէ: Նրանցից պահանջում են վարկերի մարում: Եթե ոչ՝ հարկադիրից թուղթ է գալիս: «Իրավաբանական անձանցից, ընդհանուր առմամբ, ստացվել է մոտ 500 դիմում: Նրանց մասով տրվող պետական աջակցությունը բաժանվում է երկու մասի. առաջին մասը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը վարկերի հաշվարկված տոկոսագումարի հատուցումն է, երկրորդ մասը պատերազմի հետեւանքով նյութական վնաս կրած եւ եկամտի աղբյուր կորցրած իրավաբանական անձանց աջակցությունն է»,- Արցախի ներդրումային հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանի այս հաշվետվության խոսքը, անցյալ տարվա մայիսի դրությամբ, տեղադրված է հիմնադրամի նորությունների բաժնում: Այլ, ավելի թարմ լուրեր չկան: Դրանք ստանում ենք բնակիչներից, որոնք ավելի հավաստի են մեզ թվում: 
Արցախցի գործարար Աշոտ Հայրապետյանը, որն ավտոլվացման կետ էր աշխատեցնում Մարտակերտում, պատերազմից առաջ, հիմա սնանկ է: Չունի ոչինչ: Անգամ տունն է փլված: «Պատերազմի ժամանակ ռումբը թխել ա, մինչեւ հիմա չեն սարքել»,- ասում է նա: Ավտոլվացման կետն էլ է փլատակ դարձել, որը նորոգել էր «Արցախբանկի» տրամադրած մոտ 3 մլն դրամով: 

«Հին վարկերը՝ ումն ուզել են, զրոյացրել են, ումն ուզել են՝ ոչ: Հիմնադրամը բանկերից առել է վարկերը, բարձր տոկոսներով: 3 մլն 290 հազար էր վարկս: Դրանով ավտոլվացման կետն էի ռեմոնտ արել: Հիմա բանկում դառել ա 4 մլն 100 հազար: Հիմնադրամն առել է էդ վարկը, այնտեղից էլ ուզում են, խեղդում են ինձ: Ինձ հիմնադրամից նամակ է եկել, որ գամ, երկու ամսում մուծեմ, թե չէ՝ տալիս են հարկադիր, շենքս խլեն: Ես էլ ասել եմ՝ դե, շենքս խլեք, մեկ ա, շրջափակման մեջ ո՞վ ա վերցնելու: Ինչ անում եք՝ արեք: Ես ոչ մի վարկ չեմ մուծելու: Ես չեմ աշխատում: Օրական լույսերն անջատում են, բենզին չկա, իմ գործն էլ ավտոների հետ ա կապված, հիմնադրամը մի կողմից ա նեղում, ով չի վճարում, լույսն են մարդկանց անջատում: Էլ ստեղ ապրելու տարբերակ չկա: Հենց ճամփեքը բացեն, թողելու եմ գնամ, ի՞նչ տարբերություն՝ սեւ թուրքին շենքս տամ, թե՞ սպիտակ: Բայց մարդիկ կան, չեն կարում չմուծեն, աշխատավարձերից բանկը քաշում ա: Միայն ես չեմ, որ տունս չեն սարքել, գումարս չեն փոխհատուցել, պարզապես ստեղ մարդիկ վախենում են բարձրաձայնել պրոբլեմների մասին, որ եղած չնչին եկամուտները չկորցնեն»,- ասում է Աշոտ Հայրապետյանը: 

«Արցախբանկի» Մարտակերտի բաժնի կառավարիչ Միշա Սարգսյանին հարցրինք, թե արդյոք ներդրումային հիմնադրամը բոլոր բնակիչների վարկերը փոխհատուցե՞լ է: Եթե փոխհատուցել է, ինչո՞ւ եք քաղաքացիներից կրկին գումարներ պահանջում: «Արցախի ներդրումային հիմնադրամը բոլոր բանկերի հաճախորդների վարկերը մարել է, ովքեր որ շահառու են հանդիսացել»: Բա ինչո՞ւ են մարդիկ ասում, որ իրենցից էլի գումարներ եք ուզում: «Կարող ենք ասել, որ բոլորի վարկերը, ովքեր շահառու են հանդիսացել, բոլորինը մարել են, իսկ բիզնես վարկերը մասամբ են մարել: Գիտեմ, որ կա որոշ չմարված մաս, բայց ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Հիմա որ իրավիճակն այսպիսին է, ոչ մեկին էլ չեն նեղում»։ 

Ներդրումային հիմնադրամի վարկային բաժնի ղեկավարը՝ Սոկրատ անունով, նույնպես չկարողացավ հստակ բացատրություն տալ: «Ներդրումային հիմնադրամը զբաղվում է մինչեւ պատերազմը վերցրած վարկերի փոխհատուցմամբ: Պետության կողմից փոխհատուցվում է ներդրումային հիմնադրամի միջոցով: Մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում ենք քաղաքացիների վարկերը, 3+3 բանաձեւով փոխհատուցում ենք պատերազմի մասնակիցների վարկերը եւ 6 ամիս փոխհատուցում ենք բիզնես վարկերը: Սա վերաբերում է Արցախում գործող բոլոր բանկերին, նույնիսկ նրանց, ովքեր տեղափոխվել են Հայաստան»,- պատասխանեց բաժնի պետը եւ հետաքրքրվեց, թե որտեղից ունենք իր համարը: «Մարդիկ են բողոքում: Ասում են, որ իրենց քարտային հաշիվներից գանձումներ եք անում: Բա եթե հիմնադրամը փոխհատուցել է, ինչո՞ւ եք նորից գումարներ պահանջում, ինչո՞ւ եք հարկադիր տալիս»,- հարցրինք նրան։ «Ով որ Արցախի քաղաքացի է ու բնակվում է Արցախում, համապատասխան թուղթ է բերում աշխատավայրից, ում երեխաներն այստեղ են, իրենք այստեղ են, բոլոր տեղեկանքները բերել են, նրանց փոխհատուցվում է: Մարդ կա, որ մի 2 մլն վարկ ուներ, ամբողջը մարվել է, մինչեւ 3 մլն ունեցողներինը մարվել է: Բայց ես այդ ծրագրերից տեղյակ չեմ»,- ասաց պաշտոնյան: 

Արցախում պատմում են, որ բանկերը տարբեր մեքենայությունների են դիմում՝ քաղաքացիներին խաբելու համար: Որոշ դեպքերում մարդկանց տեղեկացրել են, որ իրենց վարկերը սառեցրել են, սակայն շարունակել են տոկոսներ հաշվել: Մյուս դեպքերում էլ մայր գումարները փոխհատուցել են, սակայն տոկոսներն այնքան են բարձրացրել, այնպիսի սխեմաներով են հաշվարկել, որ դրանք եկել, հավասարվել են մայր գումարին: Ու ստացվել է, որ մայր գումարը զրոյացված է, սակայն քաղաքացին, միեւնույն է, իր պարտքի՝ մայր գումարի չափով կրկին վճարում է կատարելու: Այլ անարդարություն էլ են նշում արցախցի մեր զրուցակիցները. «Բիզնես բանկերը չեն զրոյացնում, իսկ, ասենք, ավտոմեքենա գնող ու իր համար կայֆավատ անողի փողերը զրոյացրել են: Բա դա արդարությո՞ւն է»: 

Զանգահարեցինք Արցախի ներդրումային հիմնադրամի ծրագրերի պատասխանատուներից Արամ Միրզոյանին։ Հույս ունեինք նրանից բացատրություններ ստանալ: Սակայն ո՛չ նրա, ո՛չ հիմնադրամի մյուս համարներին պատասխանող չեղավ: Պատրաստ ենք լսել նաեւ Արցախի ներդրումային հիմնադրամի պատասխանը: