Նախաձեռնություն Գյումրիում՝ կարանտինային օրերի դժվարությունները  հաղթահարելու համար

Նախաձեռնություն Գյումրիում՝ կարանտինային օրերի դժվարությունները  հաղթահարելու համար

Գյումրիում  տեղի ունեցավ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի պաշտոնական բացումն ու պատասխանատուների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց ծրագրի նպատակը, գործողությունների քայլերն ու այլ մանրամասներ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում շատ քաղաքացիներ զրկվում են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։ 

Շատ մարդիկ դժվարանում են վաստակել ամենօրյա նվազագույն եկամուտը, ինչի արդյունքում նրանց ընտանիքների համար նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջ գալիս։
Ծրագրի պատասխանատուներն իրենց առջև  նպատակ են դրել  Գյումրիի սոցիալապես  անապահով ընտանիքներին ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը՝ սոցիալական փոխաջակցության միջոցով: 

Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվել ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: Նշում են նախաձեռնողները: Նրանց խոսքերով այս օրերին սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ են դիմել իրենց: 

Շահառու ընտանիքի գրանցումն իրականացվելու է օնլայն ձևաչափով նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գործում  է ծրագրի համար ստեղծված նոր կայք՝ shtapognutyun.am, որտեղ շահառու ընտանիքները կարող են գրանցվել, ծրագրին համապատասխանելիությունը ստուգելուց հետո կամավորները ծանրոցները կհասցնեն շահառու ընտանիքներին:Hraparak.am-ի հարցմանը, թե այս պահին որքան ընտանիք է դիմել ծրագրից օգտվելու համար, պատասխանատուները դժվարացան հստակ թիվ նշել, քանի որ գրանցման համակարգը նոր է գործում: Իսկ թե ծրագիրը հետագայում կկրի՞ շարունակական բնույթ, նշեցին՝  շարունակության մասին դեռ վաղ է խոսել: 
Նշենք, որ ծրագրի իրականացման համար մշտապես գործելու է թեժ գիծ`+374  94 03 20 42 կամ +374 99 20 22 30 տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։
Բացվել է  հաշվեհամար ՝

USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780200
RUB 1570025820780158,

որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։
Ցանկացողները նվիրատվություն կարող են անել նաև donate4gyumri.am կայքում, ինչպես նաև յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել ծանրոց, որը կպահվի համապատասխան պահեստում, առնվազն մեկ օր և կվարակազերծվի: