«Եռաբլուր» չգնալ, չզանգել, չգրվել, հարցազրույց չտալ․ Գալեյանը չի կարող անգամ որդու շիրիմին այցելել

«Եռաբլուր» չգնալ, չզանգել, չգրվել, հարցազրույց չտալ․ Գալեյանը չի կարող անգամ որդու շիրիմին այցելել

Չզանգել, չգրվել, հարցազրույց չտալ․ զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանին, որն այսօր դատարանի դահլիճից գնաց տնային կալանքի, հրահանգվել է ակտիվություն չցուցաբերել։ Նրա կինը՝ Աստղ Գալեյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է՝ կալանքը պետք է ամբողջությամբ հանվեր՝ հաշվի առնելով զոհվածի հայր լինելու հանգամանքը։

«Գոնե թույլ տային «Եռաբլուր» գնալ։ Գարիկը այնպիսի հանցագործություն չի արել, որ հիմա էլ տնային կալանք են տալիս։ Հայաստանում ավելի սարսափելի դեպքերի ենք ականատես եղել, հանցագործներ են ազատ ման գալիս»,-նշեց նա։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 9-ից կալանավայրում գտնվող 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոց կալանքը փոխեց 2 ամսով տնային կալանքի։ 

Հիշեցնենք, որ 2023թ․-ի սեպտոմբերի 8-ին Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել էր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված նյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց էր եղել: Նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթին։ Վարույթն իրականացնող մարմինը սեպտեմբերի 6-ին կայացրել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: