Փաշինյանին ոչ ոք չի արտոնել շարժվել անօրինականության ճանապարհով

Փաշինյանին ոչ ոք չի արտոնել շարժվել անօրինականության ճանապարհով

Թերևս գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն գնով պաշտոնանկ անել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Կարելի է ասել, որ սա արդեն իսկ կյանքի և մահվան հարց է դարձել։ Առաջին հայացքից մոտեցումն այս օրինաչափ է և տեղավորվում է Թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ։  Հեղափոխության անկյունաքարային պոստուլատներից մեկը իրավական պետության գաղափարն էր, իսկ այն ինչ կատարվում է հիմա, կարծես թե, որևէ աղերս չունի իրավունքի հետ։ Պարզից էլ պարզ է, որ բարեփոխումների և երկխոսության փոխարեն առաջնային պլան է մղվել մարդաորսը։ Փաստացի կառավարող թիմն ի զորու չէ համակարգային և ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել և դրանից ելնելով պետության գաղափարը վերստին ստորադասվել է առանձին անհատների եսասիրական նկրտումներին։ 

Այնպես չի, որ ես կողմ եմ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը կամ էլ նրա գործունեության երկրպագուն եմ։ Երիցս ո՛չ։ Առհասարակ այս պարագայում ինչ-որ մեկի կողմ կամ դեմ լինելը երկրորդական է։ Դիսկուրսը օրինականության և հակաօրինականության մասին է, այլ ոչ թե՝ քաղաքական նախասիրությունների։ Ասվածի համատեքստում Հրայր Թովմասյանի անձը պետք է ետին պլան մղվի, այլ խոսքով՝  վերոհիշյալ դիսկուրսի շրջանակներում նրա նկատմամբ մեր քաղաքական վերաբերմունքը չափազանց անկարևոր է ու սուբյեկտիվ։ 

Սահմանադրական դատարանի նկատմամբ մոտեցումն անշուշտ պետք է օբյեկտիվ լինի, քանի որ խաղասեղանին դրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը, ինչի ոտնահարումը նշանակում է խաչ քաշել իրավական պետության հեռանկարի վրա։ Փաստացի գործադիր և օրենսդիր իշխանությունները այս շրջափուլում շարժվում են հենց այդ ճանապարհով՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու իշխանությունների տարանջատման սկզբունքը։ 

Ես ժամանակին մասնակցել եմ հեղափոխությանը, աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին, աչք եմ փակել դատարանների շրջափակման գործողության վրա, բայց այն ինչ կատարվում է հիմա, իսկապես դուրս է իրավական պետության տրամաբանությունից և կներեք, բայց այդ «խրախճանքին» ես չեմ կարող մասնակցել։ Միակ բանը, որ կարող եմ անել, դատապարտելն է։ Մեզնից ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չի արտոնել շարժվել անօրինականության ճանապարհով, ընդհակառակը՝ մենք նրան արտոնել ենք գործել օրենքի և Սահմանադրության շրջանակներում։ Իսկ սրա փոխարեն վարչապետը բիրտ միջամտությամբ փորձում է հեծնել դատական իշխանությանը։ 

Իրականում ես կարող էի աչք փակել այս ամենի վրա՝ կանխատեսելով դավաճանության մեջ մեղադրվելու և հեղափոխական ընկերներիս անեծքներին արժանանալու հեռանկարը։ Բայց հիմա հասել ենք այնպիսի մի իրավիճակի, որ այլևս հնարավոր չէ լռել, սա այլևս կատակ չէ և ոչ էլ դատարանների մուտքերը շրջափակելու զվարճանք։ Փաստացի Նիկոլ Փաշինյանն անցնում է կարմիր գիծը, ինչը չափազանց վտանգավոր և սպառնալիքներով լեցուն ձեռնարկ է։ Կյանքի է կոչվում այնպիսի մի նախադեպ, որի հիման վրա հետագայում ցանկացած իշխանության ըստ իր քմահաճույքի կարող է սահմանափակել դատական իշխանության անկախությունը։ Ավելին ստեղծվում են ծանրակշիռ հիմքեր, որոնց հիման վրա հաջորդ իշխանությունները կարող են քրեական հետապնդման ենթարկել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին։ Բայց սա դեռ ամենը չէ․ չափազանց մեծ է Սահմանադրությանը ձևական բնույթ հաղորդելու ու պետությունը մեկ անձի քմահաճույքով կառավարելու գայթակղությունը։ Կարծես թե, Փաշինյանը շարժվում է հենց այս ճանապարհով և ժողովրդավարության պատրանքն ընդամենը մեկ ու կես տարի տևեց։ 

Քանի դեռ ուշ չէ վարչապետ Փաշինյանը կարող է նահանջել։ Սա քաղաքացիական պատերազմին հավասարազոր ներքին արյունահոսություն է, որը քայքայելու է պետության հիմքերը։ Իրավական պետության գաղափարը չի կարող պարտություն կրել։