Ով կհաշտեցնի Ասադին ու Էրդողանին 

Ով կհաշտեցնի Ասադին ու Էրդողանին 

Թուրքական «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վրա է հասել այն պահը, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է հանդիպի Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի հետ, առանց որեւէ նախապայմանների։ Թուրք ընդդիմադիր կուսակցապետի խոսքերի համաձայն, միայն Ասադի հետ ուղիղ հանդիպման միջոցով է հնարավոր հաղթահարել այն խնդիրները, որոնք առկա են Սիրիայի հյուսիսում եւ հարկ է, որ Էրդողանը հրաժարվի իր համառությունից եւ առաջ գնա Թուրքիայի շահերին համահունչ։ Ավելի վաղ համանման կոչով հանդես է եկել ազգայնականներից հեռացած եւ սեփական «Լավ» կուսակցությունը հիմնադրած Մերալ Աքշեները։

Նա էլ կարծում է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ եղած վստահության դեֆիցիտի պայմաններում, նույնիսկ հաշվի չառնելով այն, որ ԱՄՆ-ն համաձայն է ստեղծել բուֆերային գոտի թուրք-սիրիական ողջ սահմանագծի երկայնքով, միեւնույնն է, պետք է անել դիվանագիտական քայլ եւ սկսել բանակցություններ Ասադի հետ։ Սա կարեւոր է, որովհետեւ, եթե նույնիսկ համարենք, որ կա թուրք-ամերիկյան գաղտնի պայմանավորվածություն այն մասին, որ Սիրիայի տարածքում թուրքական կողմը սկսի ռազմարշավ, ապա անկախ դրա հաջողվածությունից, հնարավոր է, որ Անկարայի զորքերը բախվեն Ասադի բանակի հետ, ու այդ ժամանակ քրդերը կարող են հանգիստ հայտարարել, որ չունեն որեւէ անջատողական ձգտում եւ զենք չեն բարձրացնի ընդդեմ Ասադի զորքերի, որը եւ կնշանակեր, որ նրանք կանցնեն Ասադի կողմը եւ կսկսեն պայքարել ընդդեմ Անկարայի։ Իհարկե, Իրանի եւ Ռուսաստանի հետ երկխոսության առկայությամբ Անկարան փորձում է  արգելափակել Դամասկոսի հնարավոր գործողությունները, սակայն Թուրքիայի նախագահը, ինչպես գրում է բրիտանական The Guardian պարբերականը, հասկանում է, որ ստեղծված իրավիճակից ելքը երկխոսությունն է Ասադի հետ։ Այս տեսակետի հետ համակարծիք է նաեւ գերմանական Der Spiegel պարբերականը, որը կարծում է, որ սիրիացի քրդերը, հենց որ զգան, որ ամերիկյան աջակցությունը իրենց հանդեպ թուլացել է, կարող են պարզապես սկսել դրեյֆ Դամասկոսի եւ Մոսկվայի ուղղությամբ եւ կստիպեն, որպեսզի Էրդողանն ուշ կամ շուտ հաշտվի Ասադի հետ, որի գինը կարող է լինել սիրիացի քրդերի դեմ թուրքական հերթական արշավի հավանությունը, կամ էլ գործարքը, որով Սիրիայի կազմում կձեւավորվի քրդական ինքնավարություն YPG-ի ղեկավարությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվան հիշեցրել էր Ադանայի համաձայնագրի մասին, որը կնքվել էր 1998 թվականին։ Այն նախատեսում էր, որ Դամասկոսը քայլեր է ձեռնարկելու ընդդեմ Թուրքիայի հակառակորդ ուժերի, որոնք գտնվում են իր տարածքում եւ թույլատրելու է թուրքական զինված ուժերին սիրիացի քրդական զինված խմբավորումների հանդեպ սահմանափակ ռազմական ուժ կիրառել։ Իրադարձությունների նման զարգացման պարագայում Անկարայի եւ Դամասկոսի միջեւ երկխոսությունը անխուսափելի է։ Սակայն կան ոչ այնքան պարզ ուղեկցող հանգամանքներ։ Բանն այն է, որ ժամանակին Սիրիայի եւ Թուրքիայի լիդերների միջեւ եղել է ամուր բարեկամություն։ Սակայն դա հօդս ցնդեց սկսած այն պահից, երբ 2011 թվականին Էրդողանը, «Արաբական գարնան» արշալույսին, որոշեց ամերիկացիների ձեռքը մատնել Ասադին։ Ասադին գահընկեց անել հնարավոր չեղավ, սակայն նաեւ Էրդողանը ձախողված պետական հեղաշրջման փորձ վերապրեց։ Երկու լիդերներն էլ, ինչպես նկատում է ամերիկյան պարբեականներից մեկը, տարբեր պատճառներով հայտնվեցին ամերիկյան քաղաքականության մամլիչի ճնշման տակ եւ երկուսին էլ աջակցում է Մոսկվան, որն իր հերթին առաջարկում է չարյաց փոքրագույնը, սկսել նոր էջից ու համագործակցություն ծավալել։

Թե ինչ կլինի ապագայում, դժվար է ասել, սակայն թուրքական մամուլը գրում է, որ Անակարան Դամասկոսի հետ հարաբերությունները պահում է միայն հատուկ ծառայությունների մակարդակի վրա, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էլ հայտարարում է, որ Անկարան Դամասկոսի հետ շփվում է միայն Թեհրանի եւ Մոսկվայի միջոցով։

Ստանիսլավ Տարասով

Regnum