Զբաղված ենք այս իշխանությունների դեմ ամենօրյա պայքարով․ Ա․ Ղազինյան 

Զբաղված ենք այս իշխանությունների դեմ ամենօրյա պայքարով․ Ա․ Ղազինյան 

Հունիսի 20-ին նախատեսված, բայց դեռևս չհաստատված արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է Հայրենիքի փրկության շարժման անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ։

- Պարո՛ն Ղազինյան, հունիսի 20-ին հայտարարվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Ձեր կուսակցությունով ի՞նչ եք որոշել այս ընտրությունների հետ կապված, ո՞ր ուժերի հետ եք նախատեսում մասնակցել ընտրություններին։

- Դեռ որոշակիություն չունենք․ անկախատեսելի է։ Քանի որ ինքնին նախաձեռնվել է մի մարդու կողմից, որը բացարձակ վստահություն չի վայելում ո՛չ իմ, ո՛չ մեր քաղաքական ուժի և ո՛չ էլ հասարակության գերակշռող մեծամասնության կողմից։ Չկա որևէ պաշտոնական դիրքորոշում, կան միայն Ֆեյսբուքի ինչ-որ գրառում և ինչ-որ հայտարարություններ։ Այսինքն, դեռևս չկա որոշակիություն գործընթացների առումով, հետևաբար, ես ձեռնպահ կմնամ մեր մասով որևէ գործողություն կատարելու կանխատեսումներից։

- Իսկ կուսակցություններ կա՞ն, որոնց հետ նախատեսում եք դաշինք կազմել։

-  Դա կախված է այն հանգամանքից՝ արդյո՞ք կլինեն ընտրություններ, թե՞ ոչ։ Եթե արդեն որոշակիանա, վարչապետը հրաժարական տա, 2 անգամ չի ընտրվի։ Այդ ժամանակ արդեն որոշակիություն կլինի, որ անցկացվելու են ընտրություններ։ Մինչ այդ մենք զբաղված ենք մեր առօրյա քաղաքական օրակարգով, այս իշխանությունների դեմ ամենօրյա պայքարով։

- Օրենք ընդունվեց, ռեյտինգային ընտրակարգը հանվեց, համամասնականն ընդունվեց։ Այս մասով ի՞նչ դիտարկումներ ունեք։ Դուք ո՞ր կարգին եք կողմնակից։

- Ես առհասարակ կողմնակից եմ քաղաքական պայքարին, որը նշանակում է գաղափարների, ծրագրերի, պլանների մրցակցություն, ինչը ենթադրում է անձնական գործոնի նվազագույն իջեցում։ Հետևաբար, ռեյտինգային ընտրակարգի վերացումը բխում է քաղաքական հետագա պրոցեսներն առավել քաղաքակիրթ ճանապարհով տանելու շահից։ Այդ առումով կարծում եմ, որ պետք է ռեյտինգայինը վերացնել։ Իհարկե, խնդիրը հետևյալն է, որ դա չի արվում ընտրություններից 2 կամ 3 ամիս առաջ։ Դա արվում է առնվազն 1 տարի առաջ՝ հնարավորություն տալով քաղաքական ուժերին իրենց ներսում դասավորվել՝ արդեն նոր խաղի կանոններով ընտրական գործընթացին մասնակցելու համար։ Դա լուրջ խնդիր է, իմիջիայլոց։ 

- Հաշվի առե՞լ եք այն հանգամանքը, որ իշխանությունները կարող են կուսակցություններ ստեղծել և դրանով փորձել ձայն փախցնել ընդդիմությունից։ Այս առումով ի՞նչ գործողություններ եք նախապատրաստել։

- Ես Ձեզ ասացի, ինչ կապված է իր կողմից հայտարարված ընտրությունների հետ, առայժմ իր կողմից վստահություն չի ներշնչում։ Մեզ մոտ վստահություն չի ներշնչում, հետևաբար՝ մենք այդ առումով որևէ ծրագրավորում այս պահին չենք իրականացնում։ Մենք ամենօրյա քաղաքական պայքարի մեջ ենք, կուսակցաշինության գործընթացի մեջ։ Նախընտրական տրամադրություններ առայժմ կուսակցությունում չկան։