Ո՞ւր են բնապահպանները, ինչո՞ւ են ջլատվել և ինչո՞ւ չեն պայքարում Մաշտոցի պուրակի համար

Ո՞ւր են բնապահպանները, ինչո՞ւ են ջլատվել և ինչո՞ւ չեն պայքարում Մաշտոցի պուրակի համար

Այն, ինչ 2012-ին չհաջողվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այսօր հաջողությամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի «նշանակած» քաղաքապետ Հայկ Մարությանը։ Խոսքը Մաշտոցի պուրակում ծառահատումների, կանաչ տարածքը բետոնապատելու և սրճարան կամ այլ տնտեսական գործունեության «օբյեկտ» կառուցելու մասին է։ Ութ տարի առաջ բնապահպաններն ու տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում ընդգրկված ակտիվիստներ գիշերները լուսացնելով Մաշտոցի պուրակում՝ կյանքի գնով պայքարեցին, որ Տարոն Մարգարյանը հետ կանգնի իր որոշումից, և Մաշտոցի պուրակը մնա որպես պուրակ։ Եվ նրանց դա հաջողվեց՝ «Տարոն, սիրուն չի» սերժսարգսյանական վանկարկումներով՝ բնապահպան-ակտիվիստները հասան նրան, որ Տարոն Մարգարյանը հասկացավ՝ իսկապես սիրուն չի և թույլ չտվեց, որ պուրակում ծառեր հատվեն, շինություններ կառուցվեն։ Պուրակը մնաց հանրային տարածք։

Բայց այն, ինչ ակտիվիստների ճնշման ներքո հասկացավ Տարոն Մարգարյանը, այսօր, տեսնում ենք, որ չի ուզում ընկալել Հայկ Մարությանը։ Մի քանի օր առաջ հանկարծ անակնկալ կերպով հայտնաբերեցին, որ Մաշտոցի պուրակում ծառեր են հատվել, և տարածքը բետոնապատվում է, որ սրճարան կամ համանման մի բան կառուցվի։ 

Իսկ ո՞ւր են բնապահպանները, ինչո՞ւ չեն պայքարում Հայկ Մարությանի ու նրա ղեկավարած կառույցի ապօրինությունների դեմ։ 

Ժամանակին Մաշտոցի պուրակի համար պայքարած ակտիվիստներից Զառա Հովհաննիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց՝ որտեղ են նրանք․ ինքը այս պահին քաղաքում չէ, իսկ մյուս ակտիվիստներն էլ բաժանվել են տարբեր խմբերի տարբեր ճակատներում, ջլատվել են, մի մասը նաև քաղաքական հայացքների համար դուրս չի գալիս պայքարի։ 

«Ո՞ւր են բնապահպանները․․. ասում է՝ մեր ֆրոնտը այնքան է բացվել , որ արդեն հնարավոր չի գտնել։ Ամուլսարը՝ մի կողմից, Զանգեզուրի կոմբինատի պարբերական թունավորումները՝ մյուս կողմից, նույնը էսօրվա իրավիճակում հանրային տարածքների հետ կապված։ Ու ոչ միայն բնապահպաններն էին էնտեղ, նաև մարդու իրավունքների համար պայքարող տարբեր խմբեր էին միացել։ Հիմա, որ դիտարկենք, էդ խմբերից շատ քիչ բան է մնացել ինքնին, և էդ խմբերը ավելի պակաս ակտիվ են։ Որոշ խմբեր, իհարկե, միավորվել և պայքարում են Ֆիրդուսի թաղամասի պահպանության, Ամուլսարի ծրագրի կանխարգելման համար․․ ուզում եմ ասել՝ շատ ջլատվել են խմբերն իրականում։ Կան խմբեր, որոնք դիտարկում են այսպես, որ անկախ նրանից՝ ներկա իշխանությունները լեգիտիմ են, թե լեգիտիմ չեն, խնդիրները պետք է շարունակեն բարձրացվել, կան խմբեր էլ, որոնք այլ տեսանկյուն ունեն, որ լեգիտիմ իշխանությունը մանդատ է ստացել ժողովրդի կողմից և պետք է իրագործի այն ծրագրերը, որոնք նախընտրական ծրագրում է ներկայացրել»,-ասաց Զառա Հովհաննիսյանը՝ նկատելով, սակայն, որ ինքը չի տեսել, որ նախընտրական ծրագրում հանրային տարածքները ոչնչացնելու մասին կետ լինի։ Ինքը, սակայն, իրեն առաջին խմբում է տեսնում։

-Հիմա ինչո՞ւ այդ խմբերը չեն պայքարում, ինչպե՞ս եղավ, որ թույլ տվեցին Տարոն Մարգարյանի օրոք կասեցված գործընթացն այսօր Հայկ Մարությանը վերսկսի և կանաչ տարածքը վերացնի։

-Նախ առաջին հերթին անսպասելի է։ Էսօրվա իշխանության պարագայում ինձ համար՝ կոնկրետ, շատ անսպասելի է, որ էսպիսի գործելաոճ է նկատվում, թե՛ Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ է ինձ համար շատ անսպասելի, և իրենց բացատրություններն էլ են շատ անսպասելի, որովհետև այդտեղ ներգրավված մարդիկ ժամանակին եղել են այդ շարժումներում։

-Ինչո՞ւ չեն պայքարում, այդ դեպքում, Դուք՝ Ձեր մասով, Ձեր մյուս ընկերները, որոնք ժամանակին կենացմահու պայքար էին մղում, ինչո՞ւ հիմա նույն կերպ չեն պայքարում։

-Հենց դա եմ բացատրում, որ ջլատվել են ուժերը, շատ մարդիկ հայտնվել են նաև այսօրվա իշխանության մեջ, որոնք միացել էին այդ պայքարներին։ Եվ դա ևս շատ մեծ մարտահրավեր է։ Այն ժամանակ բաժանարար գծերը հստակ էին, գոյություն ուներ իշխանություն, որը մերը չէր, որը ոչ ընտրված էր մեր կողմից, ոչ էլ մեզնից որևէ մեկ անձ կար ներգրավված էդտեղ։ Իսկ այսօր ես կարծում եմ, որ քաղաքացիական շարժումներն ու քաղհասարակությունը պետք է վերակազմակերպի ու վերբեռնի իր գաղափարական ամբողջ կոնտեքստը և հստակորեն նորից վերաձևակերպի, թե ով ենք մենք, ինչի համար ենք պայքարում, ինչ առաջնահերթություններ ունենք և ինչպես ենք դիտարկում մեր երկխոսությունը կամ առճակատումը իշխանության հետ։

-Դուք Ձեր մասով որևէ բան պատրաստվո՞ւմ եք անել, ֆեյսբուքյան գրառումներով թեկուզ, կամ Ձեր ընկերներին կոչ անելով, որ միավորվեն ու պայքարեն։

-Անպայման, ֆեյսբուքյան գրառումը վստահաբար կարող է լինել, բայց դա շատ քիչ է այսօրվա մարտահրավերների դեմ պայքարելու համար։ Ես կարծում եմ՝ բոլորիվին այլ ֆորմատներ են պետք։ Հիմա խմբերը շատ են ջլատվել, իսկապես տարբեր մոտեցումներ կան, իսկապես շատերը երկրում չեն, շատերը բոլորովին այլ գործերով են զբաղված․․․ 

-Շատերն էլ գուցե ծախվել են իշխանություններին, կարո՞ղ ենք այդպես ասել։

-Ծախվել չի կարելի ասել, կարելի է ասել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ փորձում են չբարձրացնել այդ խնդիրները։

-Ստացվում է՝ ազնի՞վ չէր բնապահպանների պայքարը, երբ ժամանակին նրանք քաղաքական խնդիր էին, փաստորեն, լուծում, իսկ հիմա այս իշխանությունների հետ մերվել են ու «քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»՝ այլևս չեն պայքարում։

-Չէ, չէ, շատ ազնիվ էր, չի կարելի էդպես ասել, ես էլի եմ ասում՝ կար մոտեցումների տարբերություն, որ կլուծվի իշխանության խնդիրը, կլուծվեն նաև այլ խնդիրներ։ Կար այդ մոտեցումը, որ եթե Սերժը գնա՝ ամեն ինչ կլուծվի։

-Սերժը գնաց, եկավ Նիկոլը, Տարոնը գնաց, եկավ Հայկոն և․․․

-Եվ շատ-շատ բան չի լուծվել, միակ բանը, որ լուծվել է, լուծվել է ընտրության հարցը, էն էլ երկրորդ ընտրությունների ժամանակ դեռևս կերևա՝ ամբողջովի՞ն է լուծվել, կոնցեպտուա՞լ է լուծվել, թե՞ դա ընդամենը հեղափոխության արդյունք էր։