Նրանց ոտի հողը չարժեք

Նրանց ոտի հողը չարժեք

Ինչքան էլ մենք մեր ժողովրդից դժգոհենք եւ նրան մեղադրենք սխալ ընտրություն կատարելու, պասիվության կամ անտարբերության մեջ, մեր ժողովուրդը, իրականում, տասնապատիկ իր իշխանություններից լավն է։ Իհարկե, կան նաեւ անհաջող ու հիվանդ սուբյեկտներ, բայց ժողովրդի հիմնական մասն իր երկիրը, իր հողն ու ջուրը սիրող, իր արմատներին կառչած, իր նախնիների թողած պատգամներին նվիրված մարդկանցից է կազմված։ Երբեմն ապշում ես, թե այսքան զրկանքներ կրող, բազում վտանգներ իրենց մաշկի վրա զգացող, սահմանի գլխին ապրող մարդիկ ինչքան պինդ ու հաստատակամ են։

 

Ինչքան վստահ են ու անսասան։ Ահա․ սիսիանցիներից մեկն ասում է՝ ինչի՞ պետք է թուրքից վախենամ, չեմ վախենում՝ ինչ լինելու է, թող լինի։ Մյուսն ուղղակի ծիծաղում է լրագրողի հարցի վրա՝ չէ, ի՞նչ գնալ, ո՞ւր գնանք՝ մեծով-փոքրով, որդիներով ու թոռներով ապրել ենք ու ապրելու ենք մեր գյուղում։ Երրորդն ասում է՝ 33 տարի կրակոցների տակ ենք ապրել, ով գնալու էր՝ վաղուց գնացել է, ով մնացել է՝ այլեւս չի գնալու, հանգիստ եղեք։ Չորրորդը հայհոյում է այս իշխանություններին ու հայտարարում՝ թող մեզ զենք տան, մենք մեր հողը կպաշտպանենք, իրենց բանակն ու ոստիկանը թող իրենց պաշտպանեն։ Եվ առաջին իսկ վտանգի դեպքում գյուղի բոլոր տղամարդիկ՝ մեկ մարդու նման, թուր ու թվանքն առնում են ձեռներն ու գնում գյուղի սահմանը, որ իրենց կանանց ու երեխաներին, իրենց պապերից ժառանգած հողը պաշտպանեն, եւ եթե պետք է՝ նաեւ մեռնեն։

 

Այս պատմությունները լսելիս սիրտս կծկվում է, մտածում եմ՝ մենք արժանի չենք այս մարդկանց, նրանք են երկրի հիմքն ու հենասյունը։ Այս մարդկանց ոտքի հողը չի կարելի փոխել պետական կաբինետներում ծվարած հարյուրավոր ողորմելի չինովնիկների ու իրենց ստվերից անգամ վախեցող իշխանավորների հետ։