«Կարող ա՞ դու հոգեկան ես». բանկի տարածքը մաքրող կնոջը վիրավորել են

«Կարող ա՞ դու հոգեկան ես». բանկի տարածքը մաքրող կնոջը վիրավորել են

«Քլինլայն» մաքրման ընկերության աշխատակիցներին, որոնք մաքրում են ,,Էվոկաբանկի,, տարածքը, չլսված ցածր աշխատավարձեր են տալիս, վիրավորում վերջին բառերով: Այս մասին մեզ պատմեց ընկերության՝ «Էվոկաբանկի» տարածքի արդեն նախկին մաքրուհի Սուսաննա Դավթյանը: 

«Կարող ա՞ դու հոգեկան ես», - Սուսաննա Դավթյանին ասել է ընկերության պատասխանատու  Հայկ Բաբաջանյանը այն պատճառով, որ Ս․ Դավթյանն ընդամենը հանդգնել է խնդրել, որ մետրոյով անվճար երթեւեկելու աբոնեմենտ տրամադրեն իրեն: «Բոլոր աշխատողներին տրամադրում են, ես էլ խնդրեցի, որ ինձ տան էդ ժետոնից։ Ես էնքան քիչ եմ ստանում, որ ճանապարհածախսին է ամբողջ փողը գնում»,- գանգատվում է Սուսաննան: Նրա հետ խոսել էինք անցած շաբաթ, սակայն նա խնդրեց ոչինչ չգրել, քանի որ հույս ուներ, որ բանկի տնօրինության հետ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կլուծվի: Մեկ շաբաթ սպասելուց հետո Սուսաննային ասել են, որ ազատված է աշխատանքից: 

Փաստորեն, ըստ Սուսաննա Դավթյանի, ընկերության ղեկավարությունը նրան չի ներել նման «հանդուգն» պահանջներ ներկայացնելու համար եւ որոշել է ազատել գործից: Բայց ամենասենսացիոնը մաքրուհու եւ ղեկավարության  կոնֆլիկտում աշխատավարձի չափն է: Սուսաննա Դավթյանի ամսական աշխատավարձը կազմել է 15 հազար դրամ: 

Չհավատալով, որ Հայաստանում նման աշխատավարձեր կան, դիմեցինք տնտեսական մասի պատասխանատու Հայկ Բաբաջանյանին, որը, ըստ երեւույթին, համակարգում է տարածքների մաքրության հարցերը եւ հավաքարարների փաստացի ղեկավարն է: Բայց մեր զրույցը վերածվեց «կրուտիտների» երկար շարանի: Սուսաննան ասում է, որ ամսական 10-12 օր է մաքրել բանկի տարածքը: Իսկ Հայկ Բաբաջանյանը պնդում է։ «Սուսաննան ընդամենը 4 օր էր աշխատում՝ մի-մի ժամով: Վիրավորանք չի եղել, չի եղել, որ իրեն անհիմն մեղադրանքներ են ներկայացվում: Մենք չենք տրամադրում ոչ մեկին անվճար երթեւեկության աբոնեմենտ: Ես նրան ասել եմ, որ նրա ծախսերը կհոգամ՝ կմտնես մետրո, կասես՝ Հայկի աշխատողն եմ, դռները կբացեն, կանցնես, իսկ նա որոշեց չգալ աշխատանքի»,- ասաց Հայկ Բաբաջանյանը:

Հարցին, թե ինչու պետք է մետրոյի աշխատողները լսեն իրեն, ասաց, որ ինքը նաեւ մետրոյի մենեջերն է:  

- Սուսաննան ի՞նչ աշխատավարձ է ստացել բանկից: 

- Ի՞նչ բանկ: 

- «Էվոկաբանկից»: 

- Ինքն «Էվոկաբանկում» չի աշխատել: 

- Իսկ ի՞նչ հիմունքներով է նա մաքրել ձեր բանկի տարածքը: 

- Ավելի լավ է՝ Դուք կադրերի բաժնի հետ խոսեք, ինչ մնում է իրեն վիրավորելուն եւ այլն, նման բան չկա: 

- Դուք նրա հետ հեռախոսազրույց չե՞ք ունեցել: 

- Ես իմ բոլոր աշխատողների հետ հեռախոսազրույցներ ունենում եմ: 

- Ո՞րն է կոնֆլիկտի պատճառը: 

- Իրեն ոչ ոք չի ազատել, ինքն է ազատվել աշխատանքից: Մարդը կարա շառ անի, չէ՞։ Տենց բան չկա: Էդ մարդուն վիրավորական չի էլե: Ինքն ասել ա՝ ես չեմ ուզում աշխատեմ: Մենք ստիպողաբար չենք պահում, դա մարդու իրավունքն ա: Մարդը խնդրել ա, մենք ազատել ենք:
Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչպես է պատահում, որ մեր օրերում 15 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդ կա: Կարծում ենք, հարցն այս պետք է հետաքրքրի նաեւ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Բանկից պարզաբանում են ուղարկել. «Բանկն իր գրասենյակների մաքրման ծառայությունները պատվիրակում է (outsource) մասնագիտացված ընկերության: Նյութում նշված անձինք Բանկի աշխատակիցներ չեն, նրանց աշխատանքային հարաբերություններում Բանկը ներգրավված չէ»: