ՔՊ-ն Փարաքարում զավթել է իշխանությունը, բայց ավագանու նիստերը էլի չեն կայանում
Փարաքարի համայնքապետարանում 2 տարվա կռիվներից, քրեական հետապնդումներից, ավագանու նիստերի բոյկոտից հետո կրքերը հանդարտվել են։ Ավելի վաղ, մենք գրել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը մայիսին հանդես եկավ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Սրան հաջորդեց արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի կալանավորումը եւ, թվում էր, թե ավագանու նիստերը տեղի չեն ունենա, քանի որ ԱԵ-ն ընտրություններից հետո բոյկոտել էր նիստերը, սակայն պատկերն այժմ այլ է։
Նշենք՝ Մինասյանը կալանավորվել է չարաշահումների գործով։ Լյուդվիգ Գյուլնազարյանի` համայնքապետ ընտրվելուց հետո համայնքապետի տեղակալների նոր նշանակում կամ վերանշանակում չի եղել, չնայած լուրեր կային, որ ՔՊ-ն ու «Ապրելու երկիրը» համաձայնության են եկել եւ ընդդիմադիր խմբակցությունը շուտով պաշտոններ է ստանալու: Այժմ, օրենքի ուժով, Գյուլնազարյանի տեղակալ Կարապետ Արթենյանը, որն ազատվել էր աշխատանքից, վերանշանակվել է իր հին պաշտոնին․ նա համայնքի ղեկավարի մտերիմ ընկերն է։
Արթենյանը «Հրապարակին» փոխանցեց՝ սկզբում եղել է համայնքի ղեկավարի խորհրդական, իսկ օգոստոսին ավագանու որոշմամբ նշանակվել նրա տեղակալ։ Հարցին՝ մտերմությունը դեր խաղացե՞լ է իր նշանակման հարցում, պատասխանեց՝ դա պետք է համայնքապետին հարցնեք, «բայց իմ կարծիքով՝ ոչ»։
Անդրադառնալով այժմ համայնքապետարանում տիրող աշխատանքային հարաբերություններին՝ նա նշեց, որ ամեն ինչ նորմալ է, տեղի է ունեցել ավագանու մեկ նիստ, իսկ վերջին նիստը՝ չի կայացել․ պատճառը օրակարգային խնդիրներն են եղել։ Իսկ մեզ պատմել էին, որ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդիա Գրիգորյանի նկատմամբ շատ մեծ ճնշումներ են գործադրվել եւ այդ մեկ նիստին ընդդիմադիր խմբակցության անդամներն իրենք են որոշել մասնակցել, որ Գրիգորյանից «ձեռ քաշեն»: Հենց այդ նիստում էլ նոր համայնքապետ է ընտրվել:
Արթենյանն ասաց, որ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը դեռ կալանքի տակ է․ «Դավիթ Մինասյանը մեր ընկերն է, իմ ընկերն է, դեռ կալանավայրում է, Աստված տա շուտ դուրս գա»։ Նա գնահատական չի տալիս նախկին ղեկավարի դեմ առաջադրված մեղադրանքին․ «Դեռ քննություն է գնում, ես ո՞նց կարող եմ կարծիք ասել։ Անմեղության կանխավարկած կա, մարդը համարվում է մեղավոր, երբ կա դատարանի վճիռ՝ օրինական ուժի մեջ մտած։ Ինքը շատ լավ մարդ է, շատ լավ տղա է, համայնքի համար շատ լավ բաներ է արել, ես միայն դրականը կարող եմ ասել նրա մասին»։
Արթենյանը համայնքապետի մյուս տեղակալի` Գոռ Սարիբեկյանի մասին տեղեկություն չունի․ «Կապ չկա նրա հետ վերջին ժամանակներում, նրան ամենայն բարիք եմ ցանկանում եւ հաջողություն»։
Նշենք, Դավիթ Մինասյանի հետ կապված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանին եւ իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։
Ըստ ՔԿ-ի՝ այս անձինք «չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա եւ ապօրինաբար օտարել գույքը»․ երեք պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել, երկուսը կալանավորվել են։ Մյուս պաշտոնյան համայնքապետի նախկին տեղակալ ՔՊ-ական Գոռ Սարիբեկյանի նշանածն է՝ Արփինե Ավագյանը։
Կարծիքներ