Թուրքիան մեղմորեն նվաճում է  ԽՍՀՄ-ի նախկին երկրները, ինչո՞ւ ՌԴ-ն չի կարողանում խանգարել․ռուսական մամուլ

Թուրքիան մեղմորեն նվաճում է  ԽՍՀՄ-ի նախկին երկրները, ինչո՞ւ ՌԴ-ն չի կարողանում խանգարել․ռուսական մամուլ

Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը հուլիսին ինչ-ինչ աղմկահարույց թեմաներ էր արծարծել թուրքական և ռուսական ԶԼՄ-ներում։ «Լենտա.ռու»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, թե Թուրքիան չի ձգտում կառուցել ՌԴ-ի հետ մրցակցող թուրքական աշխարհ, և անգամ չէր բացառել Ղրիմի հարցում Անկարայի և Մոսկվայի միջև գործարքը։ Անկարայում շտապել էին հերքել գործարքի հնարավորությունը, բայց ոչ Ռուսաստանի նկատմամբ խաղաղասիրական տրամադրությունները։ «Այդուհանդերձ, թուրքերը գումարներ չեն խնայում հետխորհրդային տարածքի երկրներում վերածնված Օսմանյան կայսրության մահմեդականների և թուրքերի միասնության գաղափարներն առաջ մղելու մշակութային նախագծերի վրա։ Որպես «փափուկ ուժ»` Թուրքիան ՌԴ սահմանների մոտ է  փոխում քաղաքական կլիման»,-գրում է պարբերականը` հարցնելով, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Մոսկվան ինչ-որ բան հակադրել դաշնակցի մշակութային էքսպանսիային։ 
Քաղաքական կոնստրուկտոր
ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիան առաջիններից մեկն էր, որ ճանաչեց երիտասարդ ազգային պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի անկախությունները։ Անկարան արագ հասկացավ, որ 1991-ի իրադարձություններն իր շանսն են՝ թրքական բնակչությամբ տարածաշրջաններում իր ազդեցությունն ավելացնելու համար։
Եվ որոշվեց գործել «մեղմ ուժի» օգնությամբ։ Բացի այդ, նախկին խորհրդային հանրապետություններում հայտնվեցին բազմաթիվ թրքամետ կրոնական կազմակերպություններ, որոնցից շատերը զբաղվում էին բարեգործությամբ։ Անկարան գործարկել է նաև ուսանողների փոխանակման ծրագրեր։ Դրամաշնորհներ է տրամադրում  թյուրքական ազգայնականության, իսլամական արժեքներին փոխակերպման և միավորման թուրքական քարոչությամբ ուսումնական ծրագրերի համար։ Բանն այն է, որ նման հանդուգն քաղաքականությունը մշտապես արժանացել է նախկին խորհրդային հանրապետություններում տեղի ունեցող իրադարձությունները վերահսկող պաշտոնական Մոսկվայի դժգոհությանը։ Սա  Մոսկվային մարտահրավեր նետելու բնավ որևէ ցանկություն չունեցող Անկարայի համար ցանկալի չէր։ Այս մասին «Լենտային» ասել է «Վալդայ» ակումբի փորձագետ, Բեռլինի միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի աշխատակից Գյունեյ Իյլդիզը։
ԱՊՀ լսարանի համար նախատեսված թուրքական լրատվամիջոցներում թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներին պարզապես սկսել են կոչել «թուրք», օրինակ՝  «ուզբեկական թուրքեր»։ Նման նպատակների համար է ստեղծված Թուրքիայի ամենաառանցքային մշակութային-կրթական կենտրոններից մեկը՝ TIKA-ն, որի բացված հապավումը հայերենով այսպես է․ Թուրքերի համագործակցության և զարգացման գործակալություն։ Նրա առջև դրված նպատակներից մեկն էլ «թուրքական հանրապետությունների տարորոշման, կառուցվածքի և ենթակառուցվածների ձևավորումն է», ինչպես նաև թյուրքական ժողովուրդների արվեստի և մշակույթի համատեղ վերածնունդն ու զարգացումը։ Նմանատիպ աշխատանքով զբաղվում է նաև Յունուս Էմրեի անվան թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը։ 90 -ականների սկզբներին այս կազմակերպությունն ակտիվորեն գումարներ է ներդրել Թուրքիայի հետ մշակութային նախագծերն ամրապնդող հումանիտար նախագծերում։ Հետխորհրդային տարածքի երկրներում կառուցել է դպրոցներ, մանկապարտեզներ, մզկիթներ, մշակութային կենտրոններ և ծերանոցներ։ Պատահական չէ, որ մի քանի տարվա գործունեության արդյունքում այդ տարածքում տասնյակ մշակութային կենտրոններ են կառուցվում։ Իսկ գործակալության կայքում այդ տարածքները նշվում են որպես «բնիկ թուրքական հողեր»: