Նիկոլ Փաշինյանը ընտրություններից խոսելուց առաջ նախ պետք է խոսի իր հրաժարականի օրվա մասին․ Վարդան Աթաբեկյան

Նիկոլ Փաշինյանը ընտրություններից խոսելուց առաջ նախ պետք է խոսի իր հրաժարականի օրվա մասին․ Վարդան Աթաբեկյան

ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից խոսելուց առաջ նախ պետք է խոսի իր հրաժարականի օրվա մասին։ «Որովհետև ինքը էս ինստիտուտի՝ Ազգային ժողովի ղեկավարը չի, և եթե ինքը չի խոսում իր հրաժարականի մասին, արդեն տարաբնույթ մտքեր են առաջանում, որ միգուցե Ազգային ժողովն ինքնալուծարման ճանապարհ ընտրի, քանզի նմանատիպ լուրեր կան»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Աթաբեկյանը։

Դիտարկմանը, թե արդեն խոսվում է, որ ապրիլի կեսերին պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ խորհրդարանը հրաժարական չտա, և գնանք արտահերթ ընտրությունների, Աթաբեկյանն ասաց․ «Խոսելը խոսում են, բայց վաղը ոչ ոք չի կարա վարչապետին հարց ուղղի, թե խի հրաժարական չտվեցիր, որովհետև ինքն իր տեքստում դա չի նշել»։

Աթաբեկյանը նաև կարծում է, որ եթե հունիսի 20-ին ընտրություն լինի, ապա մտավախություն ունի, որ բախումներ կլինեն։ «Որովհետև ընդդիմությունը խոսելու է, որ իշխանությունը վարչական լծակ է օգտագործում, փորձելու են դրա դեմը կանխեն ինչ-որ ձևով, ու տարատեսակ բախումներ են լինելու։ Իհարկե, եթե չլինի, լավ կլինի, բայց ես կարծում եմ, որ բախումներն անխուսափելի կլինեն»,- ասաց Աթաբեկյանը։

Հարցին՝ ինքը կմասնակցի՞ որևէ ուժի ցուցակով այդ ընտրություններին, Վարդան Աթաբեկյանն ասաց․ «Ես հայտարարել եմ, որ այս պահին 90 տոկոսով չեմ մասնակցի, չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որի հետ կմասնակցեմ ընտրություններին»։