Սա հնարավորություն է տալիս բուհի ղեկը պահել Լևոն Բարսեղյանի ձեռքում․ Ալեքսանդր Կոչուբաև

Սա հնարավորություն է տալիս բուհի ղեկը պահել Լևոն Բարսեղյանի ձեռքում․ Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստաբանական գործունեության բերումով այն խախտումները, որոնք ես հայտնաբերել եմ ՀՀ բուհական համակարգում էլ ավելի են ամրապնդում ոլորտի ղեկավարի դեմ իրականացվող փողոցային պայքարի թեզերի ճշմարտացիությունը։ Տնտեսագիտական համալսրանում տիրող իրավիճակի մասին խոսել եմ բազմիցս։ Սույն հրապարակմամբ ցանկանում եմ ներկայացնել Շիրակի պետական համալսարանի խնդիրների մասին։ Այս ԲՈՒՀ-ի ղեկավարի ժ/պ Երվանդ Սերոբյանը նույն ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որոշմամբ նշանակվել է իր պաշտոնում այն պարագայում, երբ իր պաշտոնը ընտրովի է։ Սրանից զատ, այս պաշտոնավարման մեջ առկա են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, այդ թվում՝ քրեաիրավական հարթության հետ հատվող։ Զարմանալին այն է, թե ի՞նչու է ոլորտի պատասխանատուն աչք փակում այս ամենի վրա։ Այնպիսի տպավորություն է, որ եկրում չկան ԲՈՒՀ-ի ռեկտորի նորմալ թեկնածուներ։
Մոտ օրերս մենք Երվանդ Սերոբյանի և ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի դեմ կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում»։

«Հրապարակի» հետ զրույցում Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալով ֆեյսբուքյան իր գրառմանը, նշեց․ «Ռեկտորը բացառապես ընտրովի պաշտոն է, չի կարող այդ պաշտոնում ինչ-որ մեկը նշանակվել անգամ ժամանակավոր պաշտոնակատար։ Երվանդ Սերոբյանը մինչև հիմա էլ ժամանակավոր պաշտոնակատար է, դա էլ մի ուրիշ խախտում է։ Հոկտեմբերի 5-ին հոգաբարձուների խորհրդում եղել է ռեկտորի մրցույթը, ոչ մեկ չի հաղթահարել այդ մրցույթի արդյունքները։ Հետո Լևոն Բարսեղյանը ասում է՝ դե լավ, եթե ոչ մեկ ընտրության արդյունքներով չանցավ, առաջարկում եմ, որ Երվանդ Սերոբյանը լինի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն նախ ընթացակարգն է խախտված եղել և պլյուս օրենսդրության պահանջների խախտում է, երբ ինքը արդեն տարուց ավել է, ինչ հանդիսանում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»։

Փաստաբանի խոսքով՝  վերոնշյալ խախտումները բացահայտել է իր վստահորդի գործի շրջանակում․ «Բուն խնդիրը կապված է իմ վստահորդի՝ Լիլիթ Կարապետյանի հետ։ Կարապետյանը հանդիսանում է համալսարանի ենթակայության տակ գործող դպրոցի փոխտնօրեն, ում հաստիքը ապօրինի որոշմամբ կրճատվում է։ Փաստաբանական վարույթի ընթացքում, երբ հայտնաբերեցի խախտումները, ես այս ամեն ինչը նախաձեռնեցի։ Ես չեմ կարող հստակ ինչ-որ բան պնդել, բայց, համենայն դեպս, այն տեղեկությունը, որ ինձ փոխանցում է վստահորդս կամ վստահորդիս շրջապատը, Սերոբյանը Լևոն Բարսեղյանի մերձավորներից է և սա հնարավորություն է տալիս բուհի ղեկը պահել Լևոն Բարսեղյանի ձեռքում։ Կրկնում եմ, որ չեմ կարող սրա վերաբերյալ ինչ-որ բան վստահաբար պնդել, որովհետև փաստ չունեմ, բայց նման լուրեր կան, եկեք ասենք՝  օդում կախված լուրերի համաձայն»։

Մեզ հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նշեց, որ ծանոթ է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի այսօր կատարած ֆեյսբուքյան գրառմանը։

«Չեմ փորձում մեկնաբանություն տալ, որովհետև այս հարցով հոգաբարձուների խորհուրդը դիմել է ԿԳՄՍ նախարարութուն, Արդարադատության նախարարություն։ Բացարձակապես իմ ֆունկցիան չէ։ Ես մնում եմ, թե չեմ մնում, համապատասխանում եմ, թե չեմ համապատասխանում, դա հոգաբարձուների խորհուրդն է որոշում, բայց, համենայն դեպս, այսօրվա հիմնադրամների մասին եղած օրենքի սահմաններում ես խնդիր չեմ տեսել։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես իրավաբան չեմ, դրա համար էլ դիմել եմ իրավաբաններին, իրենք կորոշեն մնացածը։ Ես անկեղծորեն չգիտեմ, պետք է օրենքին դիմեք, ես չեմ որոշում՝ աշխատում եմ, թե չեմ աշխատում։ Հոգաբարձուների խորհրդի որոշումն է, իրենք էլ այս մասով պատասխանատու են»,-ասաց Սերոբյանը։


Լևոն Բարսեղյանը ընդհանրապես չցանկացավ պատասխանել մեր հարցերին։