Արդարություն եւ արդարադատություն

Արդարություն եւ արդարադատություն

Երբ թվում է, թե այլեւս ոչնչով հնարավոր չէ զարմացնել ՀՀ քաղաքացիներին՝ ո՛չ խայտառակ լեքսիկոնով, ո՛չ սպառնալիքներով, ո՛չ քաղաքական-քրեական հետապնդումներով, մեր երիտասարդ իշխանություններն ապացուցում են, որ մենք իրենց թերագնահատել ենք՝ կարծելով, թե այլեւս շոուների ժամանակն անցել է, եւ պետք է անցնել ստեղծագործ աշխատանքի։ Իհարկե, պետք է վերապահում անել որոշ պաշտոնյաների հետ կապված, որոնք թաքուն ցավ ու ափսոսանք են հայտնում, բայց վարչապետի կամքին հակառակվել չեն համարձակվում։

Մի բան պարզ է, որ բռնել-դատել-փակելու շոուները շատ են դուր եկել Փաշինյանին, եւ նա որոշել է մինչեւ վերջ գնալ։ Երեկ իրավապահների թիրախում հայտնվեց նախկին իշխանությունների ամենաբարեկիրթ ներկայացուցիչներից մեկը՝ բժիշկ Արա Բաբլոյանը։ Ճիշտ է՝ առայժմ ձեռնպահ մնացին կալանքից, բայց, ինչպես ռուսներն են ասում, դեռ երեկո չէ։ Բոլորը հերթով-շարքով-կարգով կանցնեն այն քավարանի միջով, ինչով ժամանակին անցել է Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, կալանքն ու քրեական հետապնդումը ուժեղացնում են մարդուն, նրան հաջողություն բերում․ Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը՝ վկա։

Մանավանդ՝ պետք է անպայման հիշել նաեւ, որ արդարությունն ու արդարադատությունը տարբեր բաներ են։ Եթե արդարադատության տեսանկյունից այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, եւ յուրաքանչյուր բանական մարդ պետք է դրա դեմ պայքարի, ապա արդարության տեսանկյունից ճիշտ հակառակը՝ ե՛ւ Արա Բաբլոյանը, ե՛ւ Հրայր Թովմասյանը, ե՛ւ Արսեն Բաբայանը բազում մեղքեր ունեն։

Միայն Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրությունը բավական է, որ Թովմասյանին «ցմահ» ազատազրկում տան։ Բայց մենք այսօր պայքարում ենք, որ ոչ մեկի մտքով այլեւս չանցնի ինչ-որ մարդկանց «հագով» Սահմանադրություն «կարել» եւ նրա հավերժացմանը նպաստել։