Ոչ թե Սորոսը, այլ՝ իռացիոնալ ատելության հանգամանքը

Ոչ թե Սորոսը, այլ՝ իռացիոնալ ատելության հանգամանքը

Հայաստանում 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումից ի վեր հաճախ կարելի է լսել դատողություններ, թե Փաշինյանը մի այնպիսի խոսքի մանիպուլյատոր կամ ստախոսությունների կոմբինատոր է, որ կարողանում է մարդկանց մոլորեցնել, խաբել եւ եթե չասենք` իրավիճակներից չոր դուրս գալ, ապա գոնե չխորտակվել եւ ջրի երեսին մնալ:

Դա նման է այն անհեթեթությանը, որ երկու տարի, մինչեւ 2020-ի պատերազմը հայաստանյան ընդդիմությունը, լրատվամիջոցները, ՀԿ-ները եւ այլն, օրնիբուն կրկնում էին, թե իբր ԱՄՆ չգիտեմ որ նահանգում ապրող զառամյալ մի ծերուկ` Ջորջ Սորոս անունով, այնքան հզոր է ու ամենակարող, այնպիսի «հեղափոխական տեխնոլոգիաների» է տիրապետում եւ դրանք այնպիսի հմտությամբ գործադրում, որ ոչ ավել, ոչ պակաս` հաջողեց Հայաստանում զանգվածներին փողոց հանել եւ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնել: Անհեթեթությունը հասել էր այնտեղ, որ բառացի ասում էին, թե Սորոսի տեխնոլոգիաները Հայաստանում իշխանափոխություն կատարեցին: 

Դժբախտաբար, եղավ 2020-ի պատերազմը, որ 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթման անխուսափելի հետեւանքն էր եւ անձամբ Փաշինյանի քաղաքական,  դիվանագիտական, մտավոր ու բարոյական սնանկության վերջնարդյունքը: Սակայն պատերազմի հետեւանքով նոյեմբերի 10-ից բնական ու ինքնաբուխ մղումով Փաշինյանի վարչակազմի դեմ պայքարի դուրս եկած ընդդիմությունը թեեւ արագորեն ինքնակազմակերպվեց որպես «17-ի շարժում», հետո` Հայրենիքի փրկության շարժում, գործադրեց 2018-ին Փաշինյանի արսենալում եղած երեւի բոլոր «սորոսական  տեխնոլոգիաները»` փողոցներ փակելուց մինչեւ ավտոմեքենաների շչակներով աղմկարարություն, կառավարական շենքերի շրջափակում, շարժման հիմն դարձած երաժշտություն ու դրա ներքո քայլերթեր, անգամ բազմությանը՝ նիկոլական «հպարտ քաղաքացիների» նմանությամբ, «արժանապատիվ քաղաքացիներ»-ով դիմել, արի եւ տես, որ բոլոր «սորոսական տեխնոլոգիաներից» առանձնապես արդյունք չեղավ, 2018-ի նման երեսուն-քառասուն հազարի հասնող զանգվածներ Երեւանի պողոտաներում եւ հրապարակներում չգեներացվեցին, Փաշինյանն էլ դուրս չշպրտվեց: 

Եթե Սորոսի «հեղափոխական տեխնոլոգիաները» կախարդական փայտիկ էին, ապա ինչպե՞ս պատահեց, որ 2018-ին դրանք աշխատում էին, իսկ, ահա, 2020-ին, երբ Փաշինյանին իշխանությունից դուրս շպրտելու անհամեմատ ծանրակշիռ ու ակներեւ պատճառներ կային, քան 2018-ին ՀՀԿ-ին հեռացնելու, «Սորոսի տրյուկները» չաշխատեցին: Ընդսմին, ընդդիմության շարքերում ծանրակշիռ անձանց կողքին նաեւ որքան ասես ճվացողներ, խոստումներ շռայլողներ, ստախոսության եւ ամբոխավարության նիկոլական որակներով օժտվածներ կային: Բայց դա էլ չօգնեց:

Հետեւաբար, ամեն մտածող մարդ պետք է ընդունի, որ խնդիրը ո՛չ «սորոսական տեխնոլոգիաներն» էին, ո՛չ նիկոլփաշինյանական ամբոխավարությունը, ո՛չ էլ իբր միամիտ ու խաբված հասարակությունը: Եթե Հայաստանի հասարակությունն այդքան հեշտ մանիպուլացվող եւ խաբվող է, հիմա՞ ինչու չի խաբվում: Խնդիրը տարիների ընթացքում գեներացած իրականությունն էր, որ դարձել էր վառոդի տակառ: Մնում էր ընդամենը կայծը:

Իռացիոնալ ատելության բումերանգը

Իսկ տարիների ընթացքում գեներացած իրականությունը, որ վառոդի տակառի էր վերածվել Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական հավակնություններից անհամեմատ վաղ, այն է, որ 1998-ից ի վեր Հայաստանի հասարակությունը հետեւողականորեն ձգտել է եւ ամեն նախագահական ընտրություն օգտագործել է 1998-ի պալատական հեղաշրջման ու իշխանազավթման արդյունքում ձեւավորված՝ գլխավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող ղարաբաղյան կլանի եւ մի քանի դավաճանության արդյունքում իշխանության հետ սերտաճած ՀՀԿ-ի քաղաքական գոյությունից ազատվելու համար: 

Կա՞ մարդ Հայաստանում, ով 1998-ին չափահաս է եղել եւ չի հիշում, թե Խորհրդային Հայաստանն առաջնորդած Կարեն Դեմիրճյանի՝ նախագահական ընտրապայքարի մեջ մտնելն ինչ ֆուրոր առաջացրեց Հայաստանում: Այդ ֆուրորը, ինչ չափով էլ խորհրդային ժամանակների կարոտախտով կամ Դեմիրճյանի հանդեպ վստահությամբ ու սիրով պայմանավորված լիներ, խորքում դա նաեւ Քոչարյանի, ղարաբաղյան գործիչների ու առհասարակ թեմատիկայի մերժումն էր Հայաստանի կողմից: 

Կարծում եմ՝ հենց 1998-ի ընտրությունը կեղծելուց էլ սկսվեց Հայաստանի մերժումը Քոչարյանի, ղարաբաղյան կլանի, Հայաստանում ղարաբաղցիների իշխանական, քաղաքական դերակատարության հանդեպ առհասարակ, որ տարիներ շարունակ ահագնանալով՝ դարձավ պարզապես իռացիոնալ: Հենց այդ իռացիոնալիզմն է, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը չէր կարողանալու եւ, բնականաբար, չկարողացավ հաղթահարել 2020-ի կործանարար պատերազմից հետո անգամ: Քոչարյան-Սերժ Սարգսյան դուետի իշխանության հանդեպ Հայաստանի իռացիոնալ ատելությունն է 2018-ի փաշինյանական իշխանազավթման հաջողության եւ 2020-ի ընդդիմության պայքարի անհաջողության բացատրությունը ու ոչ թե Սորոսի ազդեցությունը կամ հեղափոխական know-hօw-ները, որ ընդդիմությունը գերազանց սերտել ու ամենայն ջանադրությամբ կիրառում էր նոյեմբերից սկսած իր պայքարում, բայց՝ ապարդյուն: 

Իսկ որտեղի՞ց այդ իռացիոնալ ատելությունը: Ինձ թույլ կտամ ասել՝ դա ՀՅԴ-ի չակերտավոր «ծառայությունն» է հայությանը: Այդ դաշնակցականներն են հարյուր տարի քարոզել եւ սովորեցրել իռացիոնալ, առանց բանականության ատել, ատելությունը համարյա ինքնություն դարձնել: Իհարկե, դաշնակցականները քարոզում էին՝ թուրքերին ատել, բայց ատելության առարկան ու պատճառն այդտեղ երկրորդական է այն վտանգի համեմատ, որ կրում է իռացիոնալ, բանականության ձայնը ճնշող ատելության ունակությունը ու դա քարոզելը: 

Ինչպես եթե մեկին սովորեցնես մարիխուանա ծխել, պետք է առանձնապես չզարմանաս, եթե մի օր էլ թմրանյութերի աշխարհում իր դեգերումները նա կոկաինով կամ քրեյքով ավարտի, կամ էլ պետք է անհուսալի պարզամիտ լինես՝ կարծելու համար, որ եթե սովորեցրել ես մարիխուանա ծխել, հետո էլ կարողանալու ես կառավարել ու թելադրել, թե ինչ ծխի: Ճիշտ այդպես էլ, երբ մարդկանց տասնամյակներով ներարկում ես ոչ թե բանականորեն մերժելու եւ չընդունելու, այլ հոգեգարություն հիշեցնող զգայնությամբ հայհոյելու եւ ատելու ինչ-որ բան, ապա ո՞ւր է երաշխիք, որ նման իռացիոնալ ատելության առարկա միշտ կմնա միայն քո նախանշած օբյեկտը: 

Այն իռացիոնալ ատելության ունակությունը, որ տասնամյակներ շարունակ անօգուտ ու անիմաստ ներարկվել էր իբր թուրքերի դեմ (ի դեպ, զարմանալիորեն չտարածվելով՝ ցեղասպանության կոտորածների գերակշիռ մասը ֆիզիկապես իրականացրած քրդերի կամ Սեւրի դաշնագիրը վիժեցրած, Կարմիր բանակով Հայաստան ներխուժած եւ հայկական տարածքները Թուրքիային փոխանցած Ռուսաստանի վրա), այսօր բումերանգի նման ետ է շպրտվել ու գործում է Հայաստանի ներսում` շրջվելով Քոչարյանի, ղարաբաղյան կլանի, նախկինների, իսկ իրականում` բանականության դեմ: Սա է որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ ու անխուսափելի իրականությունը, որից վերադարձը կարող է լինել միայն աստիճանական ու ժամանակի մեջ: Ոչ թե էմոցիաների նոր լարումներով եւ ատելությունից բոցավառվելով` Քոչարյանի հանդեպ լինի, թե Փաշինյանի, այլ դեպի բանականություն շրջվելով է հնարավոր գալ հավասարակշռության: Ավելի ճիշտ է ատելության իռացիոնալությունը գիտակցել եւ այն հետզհետե հաղթահարել,  իրականություն ընկալել ու ապագա կառուցել՝ Սորոսին անիծելու կամ նրա կախարդական փայտիկների վրա հույս դնելու փոխարեն: