Որոշել եմ մի քիչ հանգստանալ․ Շիրակի մարզի նախկին դատախազ

Որոշել եմ մի քիչ հանգստանալ․ Շիրակի մարզի նախկին դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին, սեփական դիմումի համաձայն, պաշտոնից ազատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին։  

Տեղեկություններ կային, որ Գրիգորյանը բավականին լարված հարաբերություններ ունի Գյումրիի ընդդիմադիր շրջանակների հետ, եւ ավելին՝ պաշտոնից ազատման հիմք է հանդիսացել ընդդիմադիրներից մեկի նկատմամբ բռնության գործադրումը։ Լուրեր էին պտտվում նաեւ, թե Գրիգորյանն իր կամքին հակառակ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
«Հրապարակի» հետ զրույցում գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տեղեկացրեց, որ ինքն է այն ընդդիմադիր գործիչը, ում հետ նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը խնդիրներ է ունեցել, եւ հավելեց, որ սեփական կամքով Գրիգորյանը չէր հեռանա պաշտոնից։

«Գուրգեն Գրիգորյանն իր աթոռից կառչած էր, ու նա ինքնակամ չէր հեռանա, պարզապես դատախազությունում իմ հայտարարության հիման վրա ծառայողական վարույթ էր սկսվել նրա դեմ։ Դատախազությունում էլ հստակ հասկանում էին, որ եթե չհեռացնեին Գրիգորյանին, թե՛ Գյումրի քաղաքում, թե՛ Գյումրիից դուրս դատախազության նկատմամբ վստահությունն է տուժելու: Ինչ վերաբերում է բռնությանը, ապա բռնություն չի եղել, բայց ինքն իմ դեմ քրեական գործեր է հարուցել, նույնիսկ քաղաքացիական անձանց է ուղարկել ինձ մոտ։ Ինքը փորձել է ՔՊ-ական իշխանության կողմից Գյումրիում որպես թաղային հեղինակություն հանդես եկողներին ինձ մոտ ուղարկել, գործարքներ է ինձ առաջարկել նրանց միջոցով, որ ես Գուրգեն Գրիգորյանին չանդրադառնամ, իրենք էլ կփորձեն Գուրգենի կողմից իմ նկատմամբ բացված քրեական գործերը կարճել։ Բնականաբար, ես մերժել եմ այդ առաջարկները»,- ասաց Պողոսյանը։

Գյումրեցի իրավապաշտպանը տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսին Շիրակի մարզի դատախազության դիմաց ասուլիս է հրավիրել, մանրամասներ է ներկայացրել ու պահանջել Գրիգորյանի հրաժարականը։ Ասուլիսից հետո Պողոսյանի հետ կապ են հաստատել Գլխավոր դատախազության՝ վերահսկողություն իրականացնող վարչությունից եւ տեղեկացրել, որ ծառայողական վարույթ են սկսել Գուրգեն Գրիգորյանի եւ դատախազության աշխատակից Հրանտ Մուրադյանի դեմ։

«Նրանք անձնական դրդապատճառներով եւ անձնական վերժխնդրությունից ելնելով՝ փորձել են պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահել եւ իմ նկատմամբ բազմաթիվ ապօրինի քրեական գործեր սարքել»,- նշեց Պողոսյանը։

Իրավապաշտպանն ասում է, որ իր հայտարարությունների հիման վրա Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցել նաեւ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, եւ երեկ նույնիսկ զանգ է ստացել հարցաքննության գնալու, ինչը մերժել է, քանի որ ի սկզբանե իր նպատակն այն է եղել, որ Գրիգորյանը հեռանա դատախազի պաշտոնից, որպեսզի կանխվեն հետագայում մարզի բնակիչների իրավախախտումները, ոչ թե որպեսզի քրեական հետապնդում սկսվեր։

Պողոսյանը Գրիգորյանի հեռացման պատճառներից կարեւոր հանգամանք է համարում նաեւ Պեմզաշենի դաժան սպանության նախաքննության ընթացքում թույլ տրված մի շարք անթույլատրելի բացթողումներ։ «Մարզում մեծ աղմուկ առաջացրած Պեմզաշենի դեպքում թույլ էր տրվել բավականին շատ պաշտոնական եւ նախաքննական գաղտնիք պարունակող նյութերի արտահոսք, մասնավորապես իր ենթակայության տակ գտնվող քրեական գործից դուրս էր բերվել լուսանկար, որտեղ շատ հստակ երեւում էին դաժանության կադրերը։ Դա ոչ միայն անթույլատրելի արարք էր, այլեւ քրեորեն պատժելի, ու սա եղել է այն քրեական գործի շրջանակներում, որի ամբողջ պատասխանատվությունն ընկած էր Գրիգորյանի վրա»,- տեղեկացրեց Կարապետ Պողոսյանը։
Կապ հաստատեցինք Շիրակի մարզի արդեն նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանի հետ։

Նա ասաց, որ հարցազրույցներ չի տալիս, հարցերի չի պատասխանում, սակայն իր՝ պաշտոնից ազատման վերաբերյալ ասաց, որ իր որոշումը պարտադրված չի եղել, դա իր որոշումն է եղել․ «Պաշտոնից հեռանալու որոշումը կայացնելու համար որեւէ կողմնակի, որեւէ ազդեցություն, որեւէ խնդրանք, հորդոր, պահանջ, որեւէ բան չի եղել։ Ես՝ ինքս, որոշել եմ, անկեղծ եմ ասում, գոնե մի քիչ հանգստանամ։ Ես 16 տարի, այսպես ասած, իրավապահ համակարգում եմ, ու, հավատացեք, քուն ու դադար չեմ ունեցել, առավել եւս՝ վերջին մի շաբաթուկեսը՝ կապված Պեմզաշենի հայտնի իրադարձությունների հետ։ Ես այդ մի շաբաթը, հավատացեք՝ որպես մարդ եմ ասում եւ որպես դատախազ, քուն ու դադար չեմ ունեցել, առավել եւս՝ որպես մարդ։ Ու այդքան՝ իմ հոգեպես հանգստությունը՝ այդ որոշումը կայացնելու, այն եղավ, որ ես տեսա դրա արդյունքը ու նոր հանգիստ եկա մեր տուն»։

ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ Գուրգեն Գրիգորյանը որեւէ քրեական գործով չի անցնում: