Темза, сэр! (Անգլիական հումորի մոտիվներով)

Темза, сэр! (Անգլիական հումորի մոտիվներով)

Բրիտանական կառավարության նիստի դահլիճ։

Նստած են ինքը` Առաջին մինիստրը (Վարչապետ), կառավարության անդամները և աշխատակազմի վստահելի անդամները։
Խիստ գաղտնի քննարկում է։
Հանկարծ լսվում է դռան ճռռոցը և ներս է մտնում Առաջին մինիստրի անձնական կամերդիները (սպասավորների, ծառայողների ղեկավարը): Հայացքը մտահոգ է։

-Ի՞նչ կա, Ջոն,-մի փոքր սովորականից ձայնն ավելի բարձրացնելով, հարցնում է Առաջին մինիստրը։
-Ձերդ գերազանցություն,- հնչում է վախվորած Ջոնի ձայնը,- Թեմզա գետի մակարդակը արագորեն բարձրանում է և շուտով կհաղթահարի վտանգավոր նիշը։

Առաջին մինիստրը կամերդիներին դուրս է հրավիրում, ասելով, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ Նա նկատում է օդում թևածող վախվորածության նշույլներ կառավարության անդամներից մի քանիսի մոտ։
Նրանցից մեկը հազալով մաքրում է կոկորդը և երկչոտ ձայնով ելույթի թույլտվություն խնդրում։
-Մեծարգո Առաջին մինիստր,-սկսում է նա, ուղղակի հիշեցման կարգով պետք է ասեմ, որ պառլամենտական ընտրություններին ընդառաջ, դուք Լոնդոնի բնակիչներին խոստացել էիք կառուցել մի այնպիսի ամուր պատվար, որը մեկընդմիշտ կփակի Թեմզա գետի հեղեղումների հարցը։

Առաջին մինիստրը ցուցաբերում է զայրացածության նախանշաններ։
-Դուք միանշանակ ճիշտ նշեցիք սույն հանգամանքը, բայց ախր, ժողովուրդ ջան (դիմելով բոլորին), չեք տիրապետում տեղեկատվական ամբողջ հոսքին։ Կան կարեւոր և անկարևոր, առաջնային և երկրորդական բաներ։ Պատվարի ամբողջ գումարը ծախսվեց այն շքեղ նավով ուղեւորության վրա, որը մեզ տարավ երկրի հակառակ կողմը, մեր հայրենիքի մաս կազմող Ավստրալիա։ Կարեւոր էր, չէ՞, նրանց հիշեցնել, որ նրանք մեր հզոր երկրի մի մասն են կազմում։

-Հա, իմիջիայլոց, ժողովուրդ ջան,-Առաջին մինիստրը փորձեց լիցքաթափել լարվածությունը,- գիտե՞ք, որ շատերը մեզ մոտ կարծում են, թե այնտեղ գլխիվայր են քայլում։
Առաջին մինիստրը սկսեց ծիծաղել և նրան հետևեց կառավարության անդամների աշխույժ արձագանքը։

-Խնդրում եմ լռություն,-խստորեն ասաց Առաջին մինիստրը,- անցնենք չքննարկվող հարցերին։

Նորից լսվում է դռան ճռռոցը։
Ներս է մտնում Ջոնը։
Առաջին մինիստր.
-Ի՞նչ է նորից պատահել, Ջոն։ Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի տապալեք կարևորագույն հարցերի քննարկումը։ Սա արդեն անտանելի է դառնում։
-Ես ձեր ներողամտությունն եմ հայցում, սըր, բայց Թեմզան դուրս է եկել ափերից և սրընթաց ողողում է քաղաքը։ Կան զոհեր, սըր!
-Ջոն,- մենք հենց հիմա զբաղված ենք այդ հարցի լուծման դիսկուրսներով։ Եվ ես համոզված եմ, որ շուտով խնդիրը կդադարի գոյություն ունենալ։ Իսկ առայժմ, պետք է Ձեզ խնդրեմ, դուրս գալ։
Ջոնը դուրս է գալիս և ծածկում դուռը։
Հնչում է նույն երկչոտ ձայնը։
-Մեծարգո Առաջին մինիստր, պետք է ձեզ զգուշացնեմ և նորից հիշեցնեմ, որ երբ երկու տարի առաջ ջրի մակարդակի բարձրացման պատճառով քաղաքն ունեցավ բազմաթիվ անմեղ զոհեր, դուք ներկայացրեցիք ճանապարհային քարտեզ, որի հիմնական դրույթը, ևս մեկ անգամ հիշեցնեմ, պատվարի կառուցման թեզն էր։
-Նորից պետք է նշեմ,-սկսեց Առաջին մինիստրը, որ դուք միանգամայն ճիշտ եք և մենք հնարավոր և անհնար ամեն ինչ պետք է անենք այդ ուղենշից չշեղվելու համար։ Մեր նպատակն է խաղաղ համակեցությունը գետի հետ։
-Հա, իմիջիայլոց, - նորից աշխուժացավ Առաջին մինիստրը, էն «Ավատար» ֆիլմի երկրորդ սերիան նայե՞լ եք: Ինչքան լավ ու ճիշտ են ներկայացված բնության ու մարդու ներդաշնակեցման կանոնները։ Եթե չեք նայել, անպայման պետք է նայեք։ Հաջորդ նիստին դա ենք քննարկելու։

Այս խոսքերից հետո, կառավարության անդամների անհանգստությունը մի քիչ թուլանում է։ Նորից լսվում է դռան ճռռոցը։ Դռան արանքից սկսում է հայտնվել Ջոնի գլուխը։
Լսվում է Առաջին մինիստրի նյարդային ճիչը.
-Դե հերիք եղավ, բոլ եղավ, հաջորդ անգամ չհամարձակվեք առանց իմ թույլտվության, ներս մտնել։

Ջոնը վախեցած ծածկում է դուռը։
Մի որոշ ժամանակ անց լսվում են դռան խուլ թակոցներ, որից հետո դահլիճի դռները լայնորեն բացվում են և ջրի ահռելի հոսանքի հետ բազմաթիվ մարդկային մարմիններ ողողում են սենյակը։ 
Առաջին մինիստրի դիմաց, ջրի մեջից հայտնվում է խեղդվող Ջոնի դեմքը, որը մի կերպ արտաբերում է. 
- Ահա և Թեմզան, սըր։

P.S. Կարդալով զինվոր Արշակ Սարգսյանի զոհվելու մասին լուրը, տեսնելով անմեղ պատանու լուսանկարը, ոչ մի ցանկություն չկար գրելու ակնարկ, հատկապես սև հումորի ժանրում։ Բայց լսելով օրվա ընթացքում հնչող հերթապահ ցավակցությունները, հատկապես կառավարության կողմից, որոշեցի գրել և ասել, որ յուրաքանչյուր հայ` ապրի նա Հայաստանում, թե Սփյուռքում, պարտավոր է ներողություն խնդրել Արշակից և նրա ծնողներից։ Նրա զոհ դառնալու մեղավորը մենք բոլորս ենք։

Աշոտ Նազարյան